Պատգամավորը տնտեսագիտական հարցերին չպատասխանեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանը (Շշի Մելո) «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ հայ ժողովուրդն արտադրող ժողովուրդ է և կարող է արտադրությամբ զբաղվել: Մեր զրուցակիցը նկատեց, որ ինքը տնտեսագիտության թեկնածու է և կարող է պատասխանել նաև տնտեսական հարցերին: Սակայն  խոսքի կեսից փոշմանեց ու հայտարարեց, թե չի ցանկանում  «եթե»-ներով հարցերին պատասխանել:

-Պարո՞ն Մանուկյան, արդեն հայտնի է, որ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում մոտ 7 հազար անուն ապրանք թանկանալու է: Դուք տեղյա՞կ եք, թե որ ապրանքների մասին է խոսքը:

-Ես տեղյակ չեմ, ու նման որևէ գործընթաց գոյություն չունի, համենայն դեպս, ես տեղյակ չեմ: Բայց լսել եմ, որ թանկացումներ պետք է լինեն, կրկնում եմ` լսել եմ նման տեղեկություն: Իսկ թե կոնկրետ ինչ թանկացումներ են, տեղեկություն չունեմ:

-Այժմ բանակցություններ են ընթանում, որ ինչ-որ չափով կրճատվի այն ապրանքների ցուցակը, որոնք պետք է թանկանան: Այդ մասի՞ն էլ տեղյակ չեք:

-Դե եթե ասում են՝ 7 հազար անուն կթանկանա… ուրեմն թանկացումը սարերի հետևում չէ: Ես շատ վատ եմ վերաբերում այս երևույթին, ուրեմն մենք այնքան պետք է աշխատենք, որ հակառակ պրոցեսը լինի: Այսինքն՝ մեր գործը պետք է շատ լինի, որ էժանացում լինի և ոչ թե թանկացում: Եթե արդեն բանակցում են, նշանակում է՝ թանկացում է սպասվելու, դրա համար էլ կոնկրետ քայլեր պետք է արվեն այդ ուղղությամբ:

-Իսկ անձամբ Դուք ի՞նչ առաջարկություններ ունեք: Օրինակ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Պետրոսյանն առաջարկում է նոր գործարաններ հիմնել Հայաստանում և զարկ տալ տեղական արտադրությանը: 

-Դե, առաջինը, ինքն ինչ առաջարկում է, դա իր առաջարկությունն է, ու իրեն պետք է այդ հարցը տաք, իսկ երկրորդն էլ… գիտեք ի՞նչ, ինքն ինչ-որ տեղ խելացի բան է ասել, բայց արդյոք այս մեր գազային թանկացումներից, էլեկտրաէներգիայի թանկացումից ու մնացած բոլոր բաներից հետո արտադրություն կազմակերպելը ձեռք կտա մեզ: Դրա մասին պետք է մտածենք: Եթե ձեռք կտա գների թանկացումներից հետո նման բան անել, ուրեմն ճիշտ է: Եթե մի փոքր հնարավորություն լինի, ասեմ Ձեզ, մեր ժողովուրդն արտադրող ժողովուրդ է, շատ շտապ ձևով կկազմակերպեն էդ արտադրությունը: Այնպես որ, կարծում եմ՝ ճիշտ բան է առաջարկել, ուղղակի պետք է մտածել այդ ուղղությամբ:

-Դուք՝ որպես գործարար, որը տեղյակ է արտադրություն հիմնելու բոլոր խնդիրներից…

-Նախ՝ ես գործարար չեմ, ես Ազգային ժողովի պատգամավոր եմ, օրենսդիր դաշտում եմ, բայց կարող եմ տնտեսությունից… ես տնտեսագիտության թեկնածու եմ ու կարող եմ պատասխանել նաև այդ թեմայով:

-Կոնկրետ կնշե՞ք, թե ինչպես կարող ենք Հայաստանի տնտեսությունում աճ գրանցել: Այսօր ի՞նչն է սխալ արվում, որ ՀՀ տնտեսությունը անկում է ապրում: Դուք ի՞նչ ելք եք առաջարկում:

-Եթե թանկացումներ լինեն… եթե կլինեն, ապա այդ ժամանակ մենք կսկսենք մտածել այն մասով, որ մասով որ լինի: Բայց հիմա չեմ ուզում «եթե»-ներով խոսել:

-Բայց արդեն հստակ է, նաև էկոնոմիկայի նախարարը հայտարարեց սպասվելիք թանկացումների մասին:

-Գիտեք ի՞նչ կա, ես չեմ ցանկանում հարցերին պատասխանել «եթե»-ներով, երբ որ մենք տեսնենք, թե ինչ է տեղի ունենում, ինչ թանկացումներ են սպասվում, արդեն հստակ կորոշենք: Եթե տեսնենք դրա օգտավետությունը… առաջարկ-պահանջարկ կա, ապա այդ ժամանակ էլ կմտածենք: Այժմ ինչ-որ բաներ ասելը սխալ է, քանի որ հիմա մենք կոնկրետ բան չգիտենք: Ճիշտ է, Դուք ասում եք, որ արդեն պաշտոնապես են ասում, բայց դեռևս պիտի հստակ լինի:

-ԲՀԿ-ն պատրաստվում է փետրվարի 15-ին  կայանալիք համագումարին: Որո՞նք են լինելու համագումարում քննարկվելիք առանցքային հարցերը:

-Այժմ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում, մենք թաքուն ոչ մի բան չունենք: Տարբեր թեմաներ են լինելու, բայց այժմ միայն նախապատրաստական աշխատանքներ են կատարվում: Համագումարում պարզ կլինի ամեն ինչ, այնտեղ կհասկանաք, թե ինչ հարցեր ենք քննարկել: Եթե կարիք լինի հարց տալու, ապա ես մինչև համագումարը կարող եմ հարցն ուղղել պարոն Ծառուկյանին: Կգա հարց տալու ժամանակը, հարց կտանք:

Զրուցեց ՍՈՆԱ  ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

«Ժողովուրդ» օրաթերթ




Լրահոս