Քաղբանտարկյալի հարազատները հավաքվել են դատարանի առջև (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ նիստով կայացել է նոյեմբերի 5-ի գործով ձերբակալված քաղբանտարկյալ Ավետիս Ավետիսյանի կալանքը ևս 2 ամսով երկարացնելու դատավարությունը: Դատարանի առջև ցուցապաստառներով հավաքվել էին Ավետիսյանի հարազատներն ու բարեկամները, ովքեր կոչ էին անում ազատել քաղբանտարկյալներին: Ավետիսյանի ընկեր Արման Մխիթարյանը Armlur.am–ի հետ զրույցում ասաց, որ գործով փաստաբանն իրենց հայտնել է, որ Ավետիսի դեմ ոչինչ չկա: «Ոստիկանների գործողություններն էլ ավելի շատ սադրիչ են եղել, քան կանխարգելիչ, քանի որ տեսանյութերից պարզ է դարձել, որ ոչինչ չկա, այլ, ընդհակառակը, տեսագրությունից պարզ է դառնում, որ հենց ոստիկանության աշխատակիցն է եղել առաջին պայթեցնողը:  Ձերբակալման հիմնավորումն էլ եթե չլինի, ուրեմն 6 ամիս հետաքննություն կգնա, մեկ տարի դատաքննություն, հետո էլ ու՞մ հետաքրքիր կլինի, թե ինչ է լինելու, երևի դրանից հետո էլ բաց կթողնեն: Արդեն որոշումն էական չի լինի»,- ասաց քաղբանտարկյալի ընկերը` հավելելով, որ փաստաբանն ինքն էլ դեռևս տեղյակ չէ գործի մանրամասներին:

«Այսօր ընդամենը քննարկվելու է խափանման միջոցի խնդիրը, և այն ամենայն հավանականությամբ կերկարացվի, քանի որ մյուս 12 ձերբակալվածներինն էլ է երկարացվել: Երկու օր առաջ էլ մյուս ընկերոջս` Սևակ Մնացականյանի դատաքննությունն էր, և խափանման միջոցը երկարացվեց: Տեսագրության մեջ հստակ երևում է, որ քաղաքացիական  հագուստով ինչ որ մեկը քաշքշում է իրեն, և մինչ օրս ոչ ոք այդ հարցով չի զբաղվել, թե ով եկավ, ով քաշքշեց, ով այդ ամեն ինչն իրագործեց»,- ասաց Մխիթարյանը` տեղեկացնելով, որ Ավետիսյանին հաճախ այցելում են ՄԻՊ-ի գրասենյակից:

Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի են ունեցել բախումներ ու պայթյուններ, որոնցից հետո կալանավորվել է «Ցեղապաշտական» կուսակցության նախագահ Շանթ Հարությոնյանն ու ևս 11 ակտիվիստներ:




Լրահոս