Կյանքի գինը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկով Տավուշի սահմանագոտում գյուղացիների աշխատանքի եւ կյանքի համար լուրջ վտանգներ են ծագում: Ազերիների կողմից պարբերաբար գնդակոծությունների վտանգի պատճառով սահմանամերձ գյուղերի մշակովի հողերի զգալի մասը մատնվել է անտերության:

Բերդի տարածաշրջանի Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը հայտնեց, որ այս օրերին սահմանագոտում հանգիստ է, ազերիները չեն կրակում: Գյուղապետի խոսքերով՝ վերջին մի քանի օրը մառախուղ է, գյուղացիները դաշտ չեն գնացել: Սակայն այգեպարցիները տագնապով են սկսում գարնանային աշխատանքները, մտավախություն կա, որ ադրբեջանական զինուժը վերստին կրակ կբացի դաշտերում աշխատող հայ գյուղացիների վրա: Այգեպարի գյուղապետն ասաց, որ ադրբեջանական գնդակոծության, վտանգների պատճառով Այգեպարում չի մշակվում 35 հա տարածք:

Ներքին Կարմիրաղբյուր համայնքը հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին ադրբեջանական զինուժի կողմից առավել հրետակոծված համայնքներից է: Համայնքի ղեկավար Մանվել Կամենդատյանն ասաց, որ ադրբեջանական վտանգի պատճառով գյուղի հողերի 80 տոկոսը չի մշակվում, 730 հա վարելահողերից վարուցանք է կատարվել միայն 120 հեկտարում: Ներքին Կարմիրաղբյուր համայնքում կա 33 հա խաղողի այգի: Սակայն սահմանամերձ լինելու վտանգի պատճառով 2 տարի առաջ գյուղացիները հրաժարվել են 5 հա խաղողի այգու մշակությունից:

Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետի վկայությամբ՝ ադրբեջանական զինուժը հայկական գյուղերը գնդակոծելիս օգտագործում է խոշոր տրամաչափի գնդացիրներ, որոնք գնդակոծման, թիրախները խոցելու համար բավականաչափ հեռահարություն ունեն: Մ. Կամենդատյանի խոսքերով՝ գյուղացիները գնդակոծությունից վախենալով հանդերձ՝ ապրում են իրենց սովորական առօրյայով: Իսկ սահմանակից Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանն ասաց, որ գյուղում մեկնարկել են գարնան գյուղատնտեսական աշխատանքները, գյուղացիները մշակում են հողերը, էտում խաղողի այգիների վազերը:

Ս. Սաղոյանը հայտնեց, որ Ադրբեջանին սահմանամերձ, վտանգավոր լինելու պատճառով չի մշակվում գյուղի հողերի շուրջ 70 տոկոսը, պահուստային հողերի հետ միասին՝ 400-500 հա: Ադրբեջանի հետ սահմանամերձ Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանն էլ հայտնեց, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքները սկսվել են, մովսեսցիները, վտանգն անտեսելով, մշակում են իրենց հողերը: Գյուղապետի խոսքերով՝ սահմանամերձ գոտում գտնվելու պատճառով չի մշակվում Մովսեսի հողատարածքների 15 տոկոսը:

Ոսկան Սարգսյան




Լրահոս