Թաքնված գովազդով խաբում են մարդկանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում armlur.am լրատվականի թղթակիցը տարբեր քաղաքացիներից ստանում է ահազանգեր այն մասին, որ որոշ անհատներ կամ ընկերությունների ներկայացուցիչներ զբաղված են մարդանց խաբելով:

Բավական չէ այն, որ Հայաստանում առանց այդ էլ հարմար աշխատանք գտնելը հրաշքի նման մի բան է,  հիմա էլ տարբեր կայքերում աշխատանք առաջարկող ընկերություններն ու անհատներն են տեղադրում իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ այն մասին, թե այս կամ այն ընկերությանն անհրաժեշտ են աշխատակիցներ:

Ո՞վ պետք է պատասխան տա քաղաքացներին խաբելու համար: Կա՞ որևէ օղակ, որը պետք է վերահսկի այս ամենը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Պիպոյանը armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս երևույթը թաքնված գովազդի դրսևորում է. ընկերությունները սրա միջոցով հանրությանը տեղեկացնում են իրենց  գործունեության մասին:

Խնդիրը, ըստ Պիպոյանի, մասնակիորեն է առնչվում սպառողական դաշտին, ավելին, սպառողական ոլորտում այնքան արմատացած ու ավելի բարդ խնդիրներ կան, որ այս ամենի համատեքստում սա, կարծես թե, դառնում է երկրորդական:

Եթե քաղաքացին ցանկանա դատական հայցով խնդիրը լուծել, սպառողների իրավունքների  խնդրով զբաղվող ՀԿ-ի ղեկավար Պիպոյանը վստահ է` 99 տոկոսով քաղաքացին տանուլ կտա դատը, քանի որ նախ չի կարող գրավոր փաստաթուղթ ներկայացնել այն մասին, որ իրեն այսինչ ընկերությունը հրավիրել է աշխատանքի, երկրորդ` ցանկացած ընկերության համար դժվար չէ հետին թվով  աշխատող ընդունել, ապա աշխատանքից ազատել դե յուրե  աշխատակցին և «ապացուցել», որ ինքն ունեցել է թափուր աշխատատեղ:

Պիպոյանը կարծում է, որ խնդիրը պետք է լուծվի նախ և առաջ օրենքով` այսինքն` պետությունը պետք է համապատասխան օրենք ընդունի այն մասին, որ թափուր աշխատատեղի մասին հայտարարություն անող ընկերությունը պետք է հրապարակի հիմնարկության հաստիքացուցակը, որը ցույց կտա` թափուր աշխատատեղի կարիք կա:

Թափուր աշխատանքի մասին հայտարարություն հիմնականում «պահանջվում է վաճառողուհի»  բովանդակությամբ փակցնում են նաև որոշ խանութներ:

Սակայն նրանց պարագայում այդ հայտարարությունները մեծ մասամբ ճիշտ են, պարզապես. «Խանութի սեփականատերը չի կարող ոչ բարետես արտաքինով աղջկան կամ կնոջը մերժել` ասելով` դուք  չունեք գեղեցիկ արտաքին, այդ պատճառով չենք ընդունում ձեզ: Նման դեպքում ուղղակի քաղաքավարությունից դրդված կամ ասում են` մենք ձեզ կզանգահարենք կամ արդեն աշխատող ընդունել ենք»:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի ղեկավարը խորհուրդ է տալիս քաղաքացիներին հավատալ թափուր աշխատանքի մասին այն հայտարարություններին, որոնք նախ և առաջ միջնորդավորված չեն. այսինքն`  աշխատանքային գործակալության միջոցով չի տրվում  հայտարարություն:

Ի դեպ, մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս հավատալ աշխատանքային այն գործակալություններին, որոնք աշխատանքի ընդունելիս նախապես գումար չեն գանձում: Բարեբախտաբար, նման գործակալություններ կան Հայաստանում:

Ինչ վերաբերում է  թափուր աշխատատեղի մասին հայտարարությունների իսկությանը վերահսկողությանը, ըստ Պիպոյանի, չկա այդ ամենը վերահսկող որևէ պետական կառույց (կայքերը ևս չեն կրում պատասխանատվություն, քանի որ օրենսդրությամբ դա նախատեսված չէ), հետևաբար, առաջին և հիմնական պատասխանատուն դառնում է ՀՀ կառավարությունը:




Լրահոս