Գյուղնախարարությունն էլի անզոր գտնվեց. մնում է աղոթել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ ցրտահարությունների դեմ պայքարի այն ծրագիրը, որն օդերեւութաբանական կանխատեսումների հիման վրա կազմել եւ գյուղացիներին էին ներկայացրել մեր մասնագետները, ցավոք արտակարգ իրավիճակներում գործելու իրական ակտիվության պայմաններում անգամ, նախորդ գիշեր հանրապետություն ներթափանցած հզոր ցիկլոնի պատճառով անզոր գտնվեց տարերքին համարժեք գործողություններ իրականացնելու համար:

Անցած երկու օրերի ընթացքում, անսալով ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների հորդորներին ու խորհուրդներին եւ հենվելով սեփական փորձի վրա, հանրապետության ողջ տարածքում գյուղացիական տնտեսությունները հանգամանորեն նախապատրաստվում էին այգիների ծխահարման եւ ոռոգման, ինչպես նաեւ ավանդական մյուս միջոցներով, սպասվող վտանգը դիմագրավելուն: Այդ եւ նախարարության պատասխանատուների ու մասնագետների կողմից տեղերում անընդմեջ իրականացվող հերթապահությունը հույս էին ներշնչում, որ ձեռնարկված քայլերը հնարավորություն կտան ըստ ամենայնի խուսափել բերքի կորստից:

crtaharutyun

Ցավոք, ջերմաստիճանի կտրուկ անկումն այս անգամ անսպասելիորեն զուգորդվեց հզոր ցիկլոնի, կարկուտի, ձյան առատ տեղումների եւ քամու ուժեղ պոռթկումների հետ:

Այսօր եւ առաջիկա երկու օրերին, հատկապես գիշերային ժամերին, ցածր ջերմաստիճանային ֆոնը ըստ «Հայհիդրոմետ»-ի կպահպանվի: Առաջիկա գիշերը սպասվում է – 4 աստիճան, մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերն Արարատյան դաշտում` օդում -5-6 աստիճան ցուրտ: Ուստի հանրապետության ողջ տարածքում, հատկապես Արարատյան հարթավայրում եւ նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում ծիրանենու եւ մյուս կորիզավոր պտղատեսակների բերքի կորուստների վտանգը դեռեւս պահպանվում է:

Կորուստների իրական ծավալների մասին որեւէ հստակ տեղեկատվություն դեռեւս անհնար է տրամադրել: Առաջիկայում մասնագիտական խմբերի ուսումնասիրությունների արդյունքում պատկերը կհստակեցվի եւ հնարավոր կլինի խոսել նախնական վնասների մասին:

Այս պահին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կրկին հորդորում է գյուղացիական տնտեսություններին անխուճապ եւ հետեւողականորեն շարունակել աշխատանքները հատկապես ջերմոցային տնտեսություններում եւ պոլիէթիլենային ծածկերի տակ գտնվող բերքն ու սածիլները փրկելու ուղղությամբ:

peach




Լրահոս