ՍԴ-ն՝ հանուն սահմանադրությա՞ն, թե՞ իշխանության

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում 1996-ից սկսած բոլոր նախագահական ընտրություններն անցել են լկտի կեղծիքներով և ակնհայտ սահմանադրական խախտումներով, սակայն բոլոր այդ կեղծված ընտրությունների արդյունքները վավերական են ճանաչվել, ընտրված նախագահները՝ լեգիտիմ։

Թե՛ 2003-ին, թե՛ 2008-ին, թե՛ 2013-ին նախագահական ընտրություններում «պարտված» նախագահի թեկնածուները դիմել են ՍԴ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու խնդրանքով, սակայն բոլոր դեպքերում ՍԴ-ն մերժել է թեկնածուների դիմումները, չնայած որ բոլոր դեպքերում էլ ընտրակեղծիքներն ավելի քան ակնհայտ են եղել։

Հետաքրքիրն այն է, որ ՀՀ 3 նախագահների օրոք էլ ՍԴ նախագահը նույնն է եղել. Գագիկ Հարությունյանն աչքի է ընկնում նրանով, որ հաշտ ու համերաշխ աշխատել է թե՛ Տեր-Պետրոսյանի, թե՛ Քոչարյանի և թե՛ Սարգսյանի հետ, երեքի հետ էլ ունի լավ հարաբերություններ։

Այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ Գագիկ Հարությունյանն իր տեսակով հարմարվող է և հարմարվում տվյալ պահին գործող իշխանությանը, որոշումներ է կայացնում ըստ իշխանության շահերի, չնայած որ ՍԴ որոշումները պետք է անկախ լինեն։ Բայց դե, եկեք չմոռանանք, թե ինչ երկրում ենք ապրում։

Այսօր հայ հասարակությունը սրտատրոփ սպասում է կուտակայինի հետ կապված ՍԴ որոշմանը։ Հետևելով վերջին 2 օրերին ՍԴ-ում տեղի ունեցող գործընթացին՝ կարելի էր ականատես դառնալ բավականին հուսադրող պատկերի՝ ՍԴ անդամների կողմից բավականին տրամաբանական հարցադրումներ ՀՀԿ ներկայացուցիչներին, հակադարձումներ, քննարկումներ։ Այս ամենը հանրության մի մասի մոտ նույնիսկ կարող է հույս առաջացնել, թե, այնուամենայնիվ, մեր երկրում ինչ-որ բան փոխվում է, և ի վերջո, ՍԴ-ն էլ կարող է ինչ-որ որոշում կայացնել՝ ի շահ ժողովրդի։

Սակայն բավական է ընդամենը մեկ հետադարձ հայացք նետել ՍԴ գործունեությանը՝ հասկանալու համար, որ հույսերին կարող է նաև հաջորդել հերթական հիասթափությունը, որովհետև ավելի հավանական է, որ ՍԴ-ն պարզապես կատարի իշխանությունների կամքը։ Իսկ եթե, այնուամենայնիվ, ՍԴ-ի պատասխանը լինի դրական, և կուտակայինի մասին օրենքում փոփոխություններ լինեն, դա կլինի ոչ թե իրենց, այլ՝ իշխանությունների որոշմամբ, ովքեր հասարակական մեծ ճնշման ներքո, ի վերջո, կարող են որոշ հարցերում զիջել՝ խուսափելու համար ավելի սուր զարգացումներից։

Չմոռանանք նաև, որ նույն ՍԴ-ն նույն կուտակայինի հարցով փետրվարի 11-ին մերժել էր ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի միջնորդությունը՝ կուտակայինի մասին օրենքի որոշ դրույթների սահմանադրականությունը քննարկելու վերաբերյալ։

Այն ժամանակ, իհարկե, հարցը դեռ այնքան հնչեղություն չէր ստացել, որքան այսօր։

Կարեն Վարդանյան




Լրահոս