Որ հրավառություններն իրոք տոնական ու անվտանգ լինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը խորհրդակցություն է հրավիրել` նվիրրված հրագործական արտադրանքի անվտանգ կիրառման խնդիրներին: Նախարարը նշել է, որ առաջիկա տոնական օրերին մարդկանց զանգվածային ներկայությամբ օբյեկտներում և այլ վայրերում բնակչության անվտանգությունն ապահովելու, հրդեհների և այլ արտակարգ իրավիճակների առաջացումը կանխելու նպատակով անհրաժեշտ է հնարավորինս բացառել չլիցենզավորված և կասկածելի ծագում ունեցող հրագործական արտադրանքի կիրառումը, ինչպես նաև վերահսկել դրանց օգտագործման ժամանակ անվտանգության կանոնների պահպանումը։ԱԻՆ Պետական հրդեհային տեսչությանը հանձնարարվել է ճշտել և հաշվառել հանրապետության տարածք հրավառություններ և հրագործական այլ արտադրանք ներմուծողների ցանկը, ինչպես նաև պարզել և ուսումնասիրել այդ արտադրանքի պահեստավորման և պահպանման վայրերը։ Պետական հրդեհային տեսչությունը Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի հետ կիրականացնի համատեղ միջոցառումներ` կազմակերպելով այցելություններ հրավառությունների պահպանման վայրեր և դրանք կիրառող օբյեկտներ։ Ձեռնարկվող բոլոր աշխատանքները կիրականացվեն ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կրկին հիշեցնում է, որ մարդկանց կյանքն ու առաղջությունը պահպանելու, հրդեհներից ու այլ արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է հրավառություն և այլ հրագործական արտադրանք կիրառելիս խստագույնս պահպանել անվտանգության կանոններն ինչպես բնակարաններում, այնպես էլ մարդկանց զանգվածային ներկայությամբ օբյեկտներում։ 




Լրահոս