Հայաստան – Սփյուռք հարաբերություններում լուրջ խզում առաջացավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 22-ին լրանում է հայ-թուրքական «ճանապարհային քարտեզ»-ի հրապարակման հինգերորդ տարին:Եվ այդ կապակցությամբ իր ասելիքը հայտնելու համար Սերժ Սարգսյանը դարձյալ դիմել է վերջին ամիսներին կիրառվող արհեստական և բավականին անհաջող հնարքին, երբ այս կամ այն նախարարություն կատարած այցելության շրջանակներում աշխատակիցներից մեկը երկրի ղեկավարին տալիս է պետք եղած հարցը:

Այդպես Ս. Սարգսյանը Ղարաբաղի հարցով բանակցությունների մասին խոսեց Մշակույթի նախարարությունում, Ի. Ալիևի սպառնալիքների մասին` Սոցապնախարարությունում, իսկ ահա հայ-թուրքական արձանագրությունների մասին էլ, համաձայն նախագահականի «պիառշիկների» տրամաբանության` նա պետք է խոսեր Պաշտպանության նախարարությունում: Այնինչ` ընդամենը մի քանի օր առաջ հերթական այցով Արտգործնախարարությունում էր:

Ինչևէ. անդրադառնալով հայ-թուրքական ձախողված գործընթացին` Ս. Սագսյանն ասել է.«Պետք է գրանցենք, որ բոլոր դեպքերում մեր գործընկերները վերջնականապես համոզվեցին, որ հայ-թուրքական հարաբերությունների բացակայության պատճառը հայկական կողմը չէ»: Ինչ խոսք` շատ, շատ մեծ ձեռքբերում է: Բայց արդյոք որևէ մեկը մտածում էր, որ այդ հայկական կողմն է, որ հայտարարել է Թուրքիայի հետ սահմանը փակելու մասին:

Որպես այդ խայտառակ գործընթացի դրական արդյունք` Ս. Սարգսյանը նաև նշում է. «Մենք շատ կարևոր մի նոր մշակույթի հիմք դրեցինք. այդպիսի կարևորության բարդ խնդիրը մենք սկսեցինք լայն քննարկումների թեմա դարձնել և մեկ անգամ ևս ցույց տվեցինք, որ պատրաստ ենք մեր հասարակության հետ քննարկել ամենադժվարին խնդիրները»: Թե ինչպիսի «քննարկումներ» եղան, թերևս շատերն են հիշում. օրինակ` երբ ՀՀ ԳԱ ակադեմիայում հրավիրված քննարկման ժամանակ բազմաթիվ տիտղոսավոր գիտնականներից միայն մեկը` Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, համարձակություն ունեցավ դեմ խոսելու արձանագրությունների ստորագրմանը:

Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի՝ սփյուռքյան շրջագայությանը, ապա այդ «քննարկումներ»-ի արդյունքում Հայաստան-Սփյուռք հարաբերություններում լրջագույն խզում առաջացավ:

Առավել ուշագրավը, սակայն, Ս. Սարգսյանի հետևյալ միտքն է. «Եթե այդ փաստաթուղթը բխեր թուրքերի շահերից, նրանք վաղուց ոչ մի բանի առջև չէին կանգնի»: Աա ուղղակի սպանիչ տրամաբանություն է, որի դառը պտուղները մենք արդեն քանի տարի է` քաղում ենք: Միթե այդքան դժվար է հասկանալը, որ եթե մի բան չի բխում Թուրքիայի շահերից, դա դեռ չի նշանակում, որ այն համահունչ է մեր շահերին:

Հ. Գ. Վստահաբար կարելի է ասել, որ եթե չլիներ Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ Սենատի՝ վերջերս ընդունած բանաձևը, Ս. Սարգսյանն այս հարցին չէր անդրադառնա: Ի՞նչ երեսով:




Լրահոս