ՊԵԿ-ը պարտադրո՞ւմ է մեքենա ներկրողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի մեքենա ներկրողներն անհանգստացած են: ՀՀ պետեկամուտների կոմիտեն նրանց պարտադրում է ներկրված մեքենան մաքսազերծել միայն մեկ բրոքերական ընկերության միջոցով:

Այդ ընկերությունն էլ մաքսազերծումն իրականացում է 35 հազար դրամի դիմաց: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեքենա ներկրողները նշեցին, որ նախկինում այս գործառույթն իրականացնող ընկերությունները մաքսազերծման համար պահանջել են ավելի մատչելի գին, որը, սակայն, աստիճանաբար թանկացել է:

53-ամյա Հրաչ Կոստանյանն ավելի քան տասը տարի է՝ զբաղվում է մեքենաների ներկրմամբ: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ բրոքերական ընկերության դերն ավելորդ է այս գործում:

Ավելին` գործարարը համոզված է, որ բրոքերական ընկերության թղթատարության աշխատանքը կարող էր «շատ հանգիստ» կատարել նաև մաքսատան աշխատակիցը` 2-3 հազար դրամով:

«Իրենք ընդամենը գնահատում են մեքենայի մաքսազերծման արժեքը, ուրիշ ոչինչ: Ու այդ մի կտոր թղթի դիմաց վճարում ենք 35 հազար դրամ: Դրա արժեքը նախկինում 5-10 հազար դրամ էր, հետո` այն դարձավ 15 հազար դրամ ու այսպես հաջորդաբար ծառայության գինը բարձրացավ` հասնելով 35 հազար դրամի: Պատկերացրեք, թե օրական քանի մարդ է վճարում այդ 35 հազար դրամը ու բացի այդ` լրացուցիչ այլ ծախսեր: Կարճ ասած` մինչև մեքենան բերում հասցնում ենք տուն, մեքենայի արժեքից ավելի շատ ենք վճարում: Մեռանք վճարելով»,- զայրացած նկատեց Հրաչը:

Բացի այս, մեքենա ներկրողները պնդում են, որ մաքսատանը իրենք շատ են թղթատարությամբ զբաղվում. «Մի պատուհանից ուղարկում են մյուս պատուհանի մոտ, էն մյուսից էն մեկը: Ի՞նչ անենք, այլ ելք չկա: Ստիպված հանդուրժում ենք»:

Սակայն ՀՀ պետեկամուտների կոմիտեից հակառակն են պնդում` վստահեցնելով, որ եթե նախկինում մաքսային ձևակերպումներն իրականացնելու համար քաղաքացիները ստիպված էին սենյակից սենյակ գնալ, ապա այժմ բոլոր գործընթացներն իրականացվում են նոր սրահում` «մեկ պատուհան»-ի սկզբունքով:

Հայաստանի մեքենա ներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը պահանջում է, որպեսզի ներկրողները հենց իրենք մասքազերծեն իրենց ներկրած մեքենաները:

«Ըստ օրենքի՝ մենք ինքներս էլ կարող ենք սահմանել մեքենայի մաքասազերծման գինը: Հայաստանում, փառք Աստծո, կան նաև մի քանի տասնյակ բրոքերական ընկերություններ, որոնց նույնպես կարող ենք դիմել: Ինչու պետք է պարտադրված դիմենք հենց մաքսատան ներսում գտնվող ընկերություններին և դրա դիմաց վճարենք 35 հազար դրամ»,- ասաց Հովհաննիսյանը:

Մեքենա ներկրողների այս ահազանգին արձագանքելով` ՊԵԿ-ը նշում է, որ ավտոմաքսատանը կիրառվող բոլոր ընթացակարգերից միայն մաքսային ձևակերպումներին է առնչվում մաքսային բրոքերի գործունեությունը, որն, ի դեպ, իրականացվում է «մեկ պատուհա»-ի սկզբունքով:

ՊԵԿ-ն առաջարկ ունի նաև այն քաղաքացիներին, ովքեր չեն ցանկանում օգտվել բրոքերային կազմակերպությունների ծառայություններից:

Ըստ ՊԵԿ-ի` նրանք կարող են ինքնահայտարարագրում կատարել: Ինչպես հանրապետության մյուս բոլոր մաքսատներում, այնպես էլ ավտոմաքսատանը ինքնահայտարարագրման համար հատկացված է հատուկ համակարգիչ:

Միաժամանակ ՊԵԿ-ը հիշեցնում է, որ հայտարարագրման գործընթացը պարունակում է մեծ ռիսկայնություն, քանի որ ձևակերպման ընթացքում սխալ հայտարարագրված տվյալը կարող է ընդհուպ մինչև մեքենայի մաքսային արժեքի չափով տուգանքի պատճառ հանդիսանալ:

Սակայն մեքենա ներկրողների միության նախագահը հակառակն է պնդում. «Մենք մաքսային ներքին ծրագրով չենք կարողանում ինքնահայտարարագրում կատարել, քանի որ այն կոդավորված է: Դրանից միայն բրոքերը կարող է օգտվել: Այս խնդրի մասին ես ավելի քան 4 տարի է, ինչ բարձրաձայնում եմ: Սակայն ոչ մի արձագանք»:

Ինչ վերաբերում է մեքենա ներկրողների այն պնդումներին, թե ՊԵԿ-ը մեքենան մաքսազերծելու համար պարտադրում է դիմել միայն մեկ բրոքերական ընկերության, ՊԵԿ-ից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ այս տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:

«Դրանք իրականում չորսն են` «ՀՍԲԴ քաստմ սերվիս», «Սյուրեկա», «Բրոկուս», «Դեմե քաստմ» ընկերությունները, որոնք որևէ գործարք` մաքսային ձևակերպում, կանխիկ վճարումով չեն իրականացնում. բոլոր վճարումները կատարվում են բանկային փոխանցումներով` բացառելով հնարավոր չարաշահումների ռիսկը:

Ավելորդ չէ նշել, որ անցյալ տարվա արդյունքներով հիշյալ կազմակերպությունները միայն շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով պետբյուջե են վճարել ավելի քան 460 միլիոն դրամ՚,- պարզաբանեցին ՊԵԿ-ից:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս