«Շպիլկաներով» Արցախյան ազատամարտ անցած հանքատիրուհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանի դեռ հայաստանյան տղամարդ-իշխանիկները փորձում են աշխարհին ցույց տալ  ու ապացուցել, թե դեմոկրատիա-դեմոկրատիա են խաղում ու ըստ այդմ կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ ցանկանում են մեծացնել` մասնավորապես Ընտրական օրենսգրքի փոփոխություններով, Հայաստան աշխարհը, այդուհանդերձ, ունի հայտնի կանանց մի ստվար զանգված, որոնցով եթե ոչ հպարտանալ, ապա գոնե տղամարդկանց ինչ-որ բան կարող է ապացուցել:

Եվ եթե մեծ մասամբ այդ կանայք արական սեռի ներկայացուցիչներից հազիվ են տարբերվում թե՛ խառնվածքով, թե՛ պահվածքով ու մնացածով, ապա մեր այսօրվա հերոսուհին ունի ամենը, որպեսզի հասկանաս, որ դիմացինդ իսկական կին է:

ՀՀԿ-ական հմայիչ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը հանրությանը հայտնի է նախ և առաջ որպես բիզնես-լեդի (թեպետ նման գործունեությունը պատգամավորական լիազորություններին զուգահեռելը արգելված է), որի եկամուտների ահռելի  մասն ապահովում են սեփական հանքերը:

Բազմազավակ մայր (ունի հինգ երեխա) Հ.Նաղդալյանին հանքեր ունենալու քանակով զիջում է ՀՀԿ մեկ այլ ներկայացուցիչ`  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Այսպես. Հ. Նաղդալյանը միմիայն Սիսիանում ունի չորս հանք, այդ թվում նաև` բազալտի հանքը:

Վերջերս շշուկներ կային, թե մեր հերոսուհին մտերիմների շրջանում ակտիվ սկսել է խոսել այն թեմայի շուրջ (որպեսզի վերևներին հասնի), թե ինչպես կարող է պատահել, որ մարզպետների մեջ գոնե մի կին չլինի, և այդպիսով ցանկություն հայտնել զբաղեցնել Սյունիքի մարզպետի պաշտոնը  (երևի ինքն էլ շատերի նման միամտորեն հավատում է, թե մարզպես Սուրիկ Խաչատրյանից իշխանությունները պրծում կունենան): Սակայն  քանի դեռ Լիսկան բարեհաջող շարունակում է պաշտոնավարել, Հ.Նաղդալյանն էլ ստիպված շարունակում է պատգամավորական մանդատից կառչած մնալ:

Ի դեպ,  ԱԺ-ում բնակություն հաստատելու օրվանից ի վեր Հ. Նաղդալյանը շրջագայել է գրեթե ողջ աշխարհով` բնականաբար ոչ թե սեփական, այլ պետական միջոցների հաշվին:

Հարկ է նշել, որ Հ. Նաղդալյանը շատերի նման չի հերքում այն փաստը, որ ինքը բիզնեսներ ունի, անգամ երբ կառավարությունն Ազգային Ժողովին էր ներկայացրել հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող մի փաթեթ, Հ. Նաղդալյանը լուրջ ակտիվություն էր ցուցաբերում քննարկումների ժամանակ:

Ուղղակի ակնարկում էր, թե այո, ինքը ոլորտի հետ կապ ունի, բայց տվյալ քննարկումներում ակտիվությունը կապված է բացառապես իր` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ լինելու, այլ ոչ թե համատեղությամբ նաև հանքատիրուհի լինելու հանգամանքի հետ…

Հասկանալի է, որ տնտեսագիտության թեկնածու լինելը նրան շատ է օգնել այս կյանքում, ընդ որում` իրեն լավ զգալու տարբեր իշխանությունների օրոք:

Այսպես, կոմունիստների ժամանակ հանքատիրուհին զբաղեցրել է Հայաստանի կոոպերատիվների միության գործադիր տնօրենի պաշտոնը, այնուհետև 90-ականների սկզբին Հայաստանի ձեռնարկատերերի միության նախագահի աթոռը և զուգահեռ, ուշադրություն, մասնակցել նաև Արցախյան ազատամարտին: Ավելին, բացի նրանից, որ մասնակցել է, անգամ պարգևատրվել  է «Մարշալ Բաղրամյան» մեդալով:

Այս հանգամանքը, ի դեպ, շատ շատերին մինչ այսօր հանգիստ չի տալիս, որովհետև դժվար է Հ.Նաղդալյանին իր «շպիլկա» կոշիկներով պատկերացնել Արցախի քարուքանդ եղած պատերազմական դաշտերում: Իսկ ահա այդ նույն «շպիլկաներով» տիկնոջը շատ հեշտ է պատկերացնել խորհրդարանական կուլուարներում,  քանի որ նա Ազգային Ժողովի հնաբնակներից է համարվում` 1995-ից ընտրվել ու մնացել է խորհրդարանում:

Այս ամենի հետ մեկտեղ, սակայն, նա ևս մեկ-մեկ ֆիասկո է կրում բիզնեսի ոլորտում. օրինակ` տարիներ առաջ Վայոց Ձորում Հ.Նաղդալյանը մտադրություն է ունեցել հէկ կառուցել, սակայն, ինչպես այն ժամանակ մամուլը գրեց, բացառապես գյուղացիների պայքարի արդյունքում հանքատիրուհու այդ պրոյեկտը տապալվել է: Իսկ հիմա, ասում են, կենաց-մահու պայքար է տանում նույն Լիսկայի ու նրա մտերիմների հետ` Սիսիանում ունեցած-չունեցածը` սննդի բազմաթիվ օբյեկտները, «մարշրուտնու» գծերը, գերեզմանաքարի արտադրամասը, հանքերն ու մնացածը  պահելու համար:

Այդպես, մամուլում շատ է գրվել Երևանի Գևորգ Չաուշի 14/3 հասցեում սկսված տասներեքհարկանի շենքի շինարարության մասին, որն ընթացքում կանգ է առել, հետո շարունակվել, քանի որ պետությունը միջոցներ է տրամադրել… իսկ հետո պարզվել է, որ 80 անձանց, ովքեր, պայմանագրերի համաձայն, գումար էին վճարել հետագայում այդ շենքում բնակարան ունենալու ակնկալիքով, ուղղակի «քցել են»:

Ավելի ուշ մամուլը պարզեց, որ «քցողների» թվում է նաև Հ.Նաղդալյանի ամուսինը` պարոն Բեգլարյանը, որը նշված շենքում 14 բնակարան է ձեռք բերել:

Եվ մինչ դատարանը կպարզի, թե ո՞վ և ինչպե՞ս է դուրս գալու խաբված քաղաքացիների իրավունքների ոտնահարման տակից, տիկին Նաղդալյանը կշարունակի շրջագայել աշխարհով մեկ, նորանոր բիզնես-պրոյեկտներ կյանքի կոչել, միաժամանակ էլ պայքարել Սյունիքի ամենազոր մարզպետի դեմ. մարդ ես, բա որ իրե՞ն էլ մի օր որոշեն «քցել»:

Սարգիս Դավթյան




Լրահոս