ԲՀԿ-ն ու իր արբանյակ ՄԱԿ-ը հաստատում են Քոչարյանի պնդումը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումները Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ շարունակվում են: Հերթական հանդիպումը կայացել է այսօր հենց իր՝ ԲՀԿ խմբակցության մաս կազմող «Միավորված աշխատանքային կուսակցության» ղեկավարի՝ Գուրգեն Արսենյանի և կուսակցության ներկայացուցիչների հետ:

Կողմերը վերահաստատել են, որ երկու քաղաքական ուժերի մոտեցումները նույնն են եւ սկզբունքային տարբերություններ նրանց միջեւ չկան:

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պետք է լինի բաց՝ մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցության համար: Մենք պետք է լինենք վստահելի, սկզբունքային ու համախմբող ուժ»,- ԲՀԿ 7-րդ համագումարում Գագիկ Ծառուկյանի համախմբման ու հասարակական-քաղաքական ուժերի միասնական օրակարգ ձեւավորելու կոչը շարունակում է լայն արձագանք ստանալ:

«ԲՀԿ-ի եւ ՄԱԿ-ի մոտեցումները նույնն են, սկզբունքային տարբերություններ երկու քաղաքական ուժերի միջեւ չկան: Ինչ վերաբերում է ապագա կառավարությանը, ապա վերջինս առաջնահերթ խնդիր պետք է համարի պայքարը գործազրկության, արտագաղթի ու կոռուպցիայի դեմ»,-իր խոսքում ընդգծել է Գուրգեն Արսենյանը:

«Հայաստանում չկա սահմանադրական ճգնաժամ, հետեւաբար, չկա նաեւ սահմանադրական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն»,- համոզված է ՄԱԿ նախագահը: ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը վերահաստատել է՝ նախորդ կառավարության գործունեությանը վերաբերող իրենց դիրքորոշումն անփոփոխ է մնացել:

«Ոչ ոք ի զորու չէ միայնակ լուծելու Հայաստանում առկա խնդիրները: Դրանք հաղթահարելու համար պետք է միավորվեն երկրի ճակատագրով մտահոգ բոլոր ուժերն ու անհատները»,-իր հերթին համոզմունք է հայտնել Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ նախագահը տեղեկացրել է, որ քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպումները առաջիկայում եւս շարունակվելու են:

«Մենք չենք կարող լինել անտարբեր, երբ խնդիրները շատանում են, իսկ մարդիկ հուսալքվում, եկել է համախմբվելու, ուժերը միավորելու ժամանակը: Բոլոր ջանքերն ու ձգտումները միեւնույն նպատակի շուրջ են՝ ունենալ այն Հայաստանը, որտեղից մարդիկ ոչ թե փախչել են ցանկանալու, այլ ձգտելու են վերադառնալ»,-հանդիպման ավարտին ամփոփել են քաղաքական ուժերի ներկայացուցիչները:




Լրահոս