Էրդողանի ուղերձը հայերին` ապրիլի 24-ից առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական կայքում տեղադրվել է ապրիլի 24-ի հետ կապված հայտարարություն` ուղղված հայերին:

«Մեր հայ քաղաքացիների եւ ամբողջ աշխարհի հայերի համար հատուկ նշանակություն ունեցող ապրիլի 24-ը կարեւոր առիթ է ազատորեն կիսել իրենց մտքերը։ Օսմանյան կայսրության վերջին տարիները անկախ կրոնից եւ էթնիկ խմբից՝ հայ, թուրք, քուրդ, արաբ եւ մյուս միլիոնավոր օսմանցի քաղաքացիների համար դժվար ժամանակաշրջան լինելն անհերքելի է։

Այդ ժամանակաշրջանում ինչպես օսմանյան կայսրության ցանկացած քաղաքացու, հայերի վերապրած ցավերը, հիշողությունները հասկանալը եւ կիսելը եւս մարդկային պարտականություն է։

1915-ի իրադարձությունների հետ կապված տարբեր մտքերն ու տեսակետները ազատորեն արտահայտելը ժողովրդավարական մշակույթի եւ ժամանակի անհրաժեշտությունն է։ Իհարկե, Թուրքիայում կգտնեն նաեւ այնպիսիները, ովքեր այդ ազատ մթնոլորտը կքննադատեն։

Սակայն չի կարող ընդունելի լինել 1915-ի իրադարձությունները Թուրքիայի դեմ որպես պատճառ օգտագործելը եւ դարձնել այն քաղաքական հակամարտություն։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները բոլորիս համատեղ ցավն է։ Այդ ցավոտ ժամանակաշրջանը արդար հիշողության հեռանկարով նայելը մարդկային եւ գիտական պատասխանատվություն է։

Առաջին համաշխարհայինի ընթացքում, որին զոհ գնացին ամեն կրոնից եւ ազգից,  տեղահանության նման ոչ մարդկային հետեւանքներ ծնած իրադարձությունները չպետք է արգելք հանդիսանան թուրքերի եւ հայերի միջեւ համակրանքի ստեղծմանը եւ մարդկային վերաբերմունքին։

Այսօր աշխարհում պատմությունից քեն պահել եւ նոր կռիվների առիթ տալը անընդունելի է եւ մեր համատեղ ապագայի կառուցման տեսանկյունից էլ օգտակար չէ»,- նշվել է Էրդողանի հայտարարության մեջ։




Լրահոս