Ոչ իշխանական ուժերը միշտ պարտվում են. Գ. Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանեց այն հարցին, թե տարբերություն կա արդյոք, որ իր օգտին երեկ, բացի ՀՀԿ-ից, քվեարկել են ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն:

«Շատ մեծ տարբերություն կա, տարբեր քաղաքական ուժեր են, տարբեր ուղղվածություններ ունեցող», – նշեց նա:

Ճշգրտմանը, թե ՀՀԿ-ի հետ հարաբերություններում ինչ տարբերություն կա այդ երկու ուժերի միջև, ԱԺ նորընտիր նախագահն ասաց. «Մարդկային փոխհարաբերություններ են, բոլորը պիտի փոխհարաբերվեն: Այդտեղ նմանություններ, տարբերություններ պետք չէ փնտրել»:

ԱԺ նախագահի համար նաև անակնկալ էր այն փաստը, որ ԲՀԿ-ականները չմասնակցեցին իրենց իսկ պատգամավորների հեղինակած նախագծի քվեարկությանը:

«Ինձ համար շատ տարօրինակ էր, բայց նաև կարծում եմ, որ «քառյակը», եթե փորձում է հարց քննարկել և որոշում է կայացնում, դա էլ է տրամաբանական: Ես դա քաղաքական ակցիա եմ համարում «քառյակի» կողմից», – նշեց նա:

Սահակյանը վստահ է՝ ոչ իշխանական ուժերը մի քայլ ավել են անում՝ մտածելով, որ արդեն հաղթել են, սակայն միշտ պարտություն են կրում:

Հիշեցնենք, որ այսօր քվեարկության էր դրվել «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որի հեղինակն էր նաև ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը: Սակայն ոչ իշանական ուժերը, այդ թվում՝ նաև ՕԵԿ-ը, չմասնակցեցին քվեարկությանը:




Լրահոս