ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 3-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ճանաչողական այցով նախօրյակին Արցախ ժամանած Եվրախորհրդարանի պատգամավոր,  «Կանաչներ-Եվրոպական ազատ դաշինք»-ի անդամ Ինակի Իրազաբալբեյտա Ֆերնանդեսին ու նրա օգնական Օլգա Վիտորիա Պերեսին և Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր, «Ամայուր» կոալիցիայի անդամ Հոն Ինյարիտուին ու նրանց ուղեկցող անձանց՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանին, «Հայաստանի  եվրոպական ընկերներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենսո Օչոային և նույն կազմակերպության անդամ Ստեֆանի Կլինսկուն ու երևանյան գրասենյակի տնօրեն Հովհաննես Գրիգորյանին։

Ողջունելով հյուրերին, ԱԺ նախագահը գոհունակություն հայտնեց պատվիրակության այցի առթիվ։ Հույս հայտնելով, որ արցախյան հանդիպումները նրանց հնարավորություն կտան որոշակի գաղափար կազմելու երկրի մասին, նա  կարևորեց մի կողմից՝ Եվրոպայի խորհրդարանական ու կուսակցական կառույցների, մյուս կողմից՝ ԼՂՀ խորհրդարանի և քաղաքական ուժերի միջև շփումների ու համագործակցության կապերի ձևավորման անհրաժեշտությունն ու ընթացքը։

Խորհրդարանի նախագահի խոսքով՝ խնդրի ակնհայտ արտահայտություն է Բասկերի երկրից ժամանած պատվիրակության ներկա այցը, ինչը ուշագրավ նախադրյալ կարող է հանդիսանալ հետագա համագործակցության համար։ Իր հերթին, շնորհակալություն հայտնելով հրավերի և ընդունելության համար, պարոն Ֆերնանդեսը նշեց, որ իրենց ներկա այցը կարելի է դիտել որպես այս տարվա փետրվարին Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում Արցախի խորհրդարանի ղեկավարի հետ հանդիպման շարունակություն և ապագա համագործակցության սկիզբ։

Բավարարելով հյուրերի հետաքրքրությունը, ԱԺ նախագահը հանգամանալի ներկայացրեց ղարաբաղյան կարգավորման զարգացումներն ու խնդիրները, խորհրդարանի գործունեությունը, անկախ պետականաշինության գործընթացի  առանձնահատկությունները։ Զրույցի ընթացքում ուրվագծվեցին համագործակցության խնդիրները և դրանց լուծման ուղիներն ու միջոցները։ Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը պարոնայք Ֆերնանդեսին և Ինյարիտուին նվիրեց Ղարաբաղյան շարժման՝ արցախահայության ազգային-ազատագրական պայքարի 25-ամյակը խորհրդանշող հուշամեդալներ։

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, «Հայրենիք» և «Դաշնակցություն» խմբակցությունների ղեկավարներ Գագիկ Պետրոսյանը և Արմեն Սարգսյանը։  

ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ 




Լրահոս