Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԵՐԱՀՍԿԵԼ Է ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքս»-ի հանրայնացրած փաստաթղթերից մեկը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդուեյը, ով պատմում է Հայաստանի պատմության ամենաողբերգական էջերից մեկի՝ հոկտեմբերի 27-ի մասին: Ամերիկյան գաղտնի նամակագրության հերթական նմուշը վերաբերում է ահաբեկիչների նկատմամբ դատարանի կայացրած վճռին: Փաստաթղթում ամփոփված են նաեւ տեղական ընդդիմության գնահատականներն իշխանությունների անցկացրած ամբողջ դատական գործընթացի շուրջ: Դեսպանը հատուկ ընդգծում է, որ ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին՝ հանձին նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի, ոճրագործության բացահայտման ողջ ընթացքը սեփական վերահսկողության տակ պահելու համար:

Դեսպան Օրդուեյը, խոսելով 2003թ. դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստի մասին, պատմում է, որ Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների հանդեպ կայացրեց հայկական արդարադատության ամենածանր վճիռը: Ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեցին ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման: Նրանք մեղավոր ճանաչվեցին 1999թ. հոկտեմբերի 27-ին իրականացրած ոճրագործության համար, որի արդյունքում սպանվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ խոսնակ Կարեն Դեմիրճյանը եւ 6 այլ քաղաքական գործիչներ: «Իրականացրած հանցագործության ղեկավարը Նաիրի Հունանյանն էր, մյուս կարկառուն մասնակիցները՝ նրա եղբայր Կարենը, քեռին ու եւս 3 հոգի»,-նշել է դեսպանը:
Դատաքննության գործին անդրադառնալով՝ Օրդուեյն արձանագրում է, որ հայ հանրության մեջ տարածված են դավադրության մասին տեսակետներ: Հակակշռելով այս հանգամանքը՝ դեսպանը պատմում է. «Նաիրի Հունանյանը բազմաթիվ հայտարարություններ է արել, ըստ որոնց՝ ինքը միայնակ է ղեկավարել հանցագործությունը՝ նպատակ ունենալով այդպիսով արմատախիլ անել կառավարության մեջ եղած կոռուպցիան: Բայց ահա հայերի գերակշիռ մասը հավատացած է, որ նման լայն դավադրությունը կազմակերպվել է հաջողությամբ ոչնչացնելու համար Սարգսյան-Դեմիրճյան իշխանական ուժեղ կենտրոնը: Չնայած որեւէ կոնկրետ ապացույցի բացակայությանը՝ զոհերի հարազատներն ու ընդդիմադիր լիդերները մեծ մասամբ մեղադրում են Քոչարյանին, որ նա իր վերահսկողությունն է հաստատել դատապրոցեսի վրա, ծածկում է կարեւոր կառավարական տեղեկությունները գործի վերաբերյալ՝ փորձելով ամրացնել սեփական քաղաքական դիրքերը»:
Դիվանագետը Պետդեպին ուղղված զեկուցագրում մեջբերում է այն ժամանակ ընդդիմության առաջնորդ, «Արդարություն» դաշինքի ղեկավար եւ նույն ոճրագործության զոհ Կարեն Դեմիրճյանի որդի Ստեփան Դեմիրճյանի հրապարակային հայտարարությունները, թե «դատաքննությունն ի սկզբանե վերահսկվել է, եւ դատարանն ուղղակի հրահանգ է կատարել. իշխանություններն ամեն ինչ արել են ծածկելու համար ոճրագործությունը»: Այս ամենով հանդերձ, Օրդուեյն ընդգծում է, որ Քոչարյանն ու իր կողմնակիցները վճռականորեն ժխտել են իրենց մասնակցությունը սպանություններին, իսկ դեսպանությունը հակառակը վկայող որեւէ ապացույց երբեւէ չի տեսել: Հիշեցնենք, որ այն ժամանակ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը ոճրագործությունից քիչ անց հայտարարեց, թե իբր գործն «ուչաստկովիի մակարդակի» է: Նաեւ արձանագրենք, որ նրա անմիջական շրջապատի ներկայացուցիչ, այն ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանի անունը հնչեցրեց հենց «ռոմանտիկների» ղեկավար Նաիրի Հունանյանն իր նախաքննական ցուցմունքներում: Նրա մասով վարույթը կարճելը, ի դեպ, այն ժամանակվա ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի պնդմամբ, իրականացվել է օրենքի խախտմամբ:
Շարունակելով քննարկել հնչեցված դատավճռի հանդեպ հանրության վերաբերմունքը՝ դեսպանը մատնանշում է մեկ այլ վիճահարույց հանգամանք. «Մեղադրյալներից ոչ ոք մահապատժի չենթարկվեց: Հասարակության մեծ մասը հավատացած էր, որ ԱԺ-ում իրականացրած ոճրագործության կատարողները պետք է մահապատժի ենթարկվեին»: Օրդուեյի մատուցմամբ՝ Եվրոպայի խորհրդում իր անդամությունը վերջնականորեն հաստատելու նպատակով ՀՀ ԱԺ-ն ամբողջապես չեղյալ հայտարարեց մահապատիժը` դատավճռի հրապարակումից կարճ ժամանակ առաջ՝ սեպտեմբեր ամսին. «Ս. Դեմիրճյանն ու մյուս ընդդիմադիրները վիճարկում են, որ մահապատժի վերացումը վավեր է միայն խաղաղ ժամանակահատվածում, մինչդեռ հանցանքի իրականացումն ինքնին պատերազմական ակտ է եղել, ուստի մեղադրյալները լիովին համապատասխանում են մահապատժի իրագործման պայմաններին»: Մեկնաբանությունների բաժնում դեսպանը նկատում է, որ ի հեճուկս ընդդիմադիրների անդադար մեղադրանքների՝ ստեղծված տպավորությունն այնպիսին է, որ «կառավարությունը հույս ունի, թե Հունանյանի պատիժը եւ դատավճիռը վերջնականորեն կփակեն Հայաստանի վերջին շրջանի պատմության այդ ողբերգական իրադարձության շուրջ բոլոր կասկածները»:
Այսուհանդերձ, ավելացնենք, որ իշխանությունների նպատակադիր կամ անշահախնդիր գործունեության արդյունքում իրականացված դատաքննությունը միանշանակորեն չտվեց ո՛չ տուժողներին, ո՛չ էլ հասարակությանը հուզող հարցերի պատասխանները: Եվ այսօր էլ՝ ոճրագործությունից 14 տարի անց, հանրությունը գիտի ճիշտ այնքան, որքան 1999թ. հոկտեմբերի 28-ին:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ




Լրահոս