ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲԱԽԸ ԿԺԱՄԱՆԻ՞ ՀՀ

Վերջերս Հռոմում անցկացված Եվրոպայի օլիմպիական կոմիտեի (ԵՎՕԿ) 42-րդ համաժողովում միաձայն կոմիտեի նախագահ է վերընտրվել իռլանդացի Պատրիկ Հիկեն: Համաժողովին մասնակցել է նաեւ ՀԱՕԿ նախագահի գլխավորած պատվիրակությունը։ ՀԱՕԿ նախագահը պաշտոնական հանդիպումներ է ունեցել Կիպրոսի, Էստոնիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Լատվիայի եւ Լիտվայի ազգային օլիմպիական կոմիտեների նախագահների հետ, ստորագրվել են փոխշահավետ համագործակցության պայմանագրեր։ Մասնավորապես, առաջիկայում մեր մարզիչների համար Հայաստանում եւ այլ երկրներում կկազմակերպվեն մասնագիտական խորհրդակցություններ, տարբեր մարզաձեւերի մեր հավաքականներն ու առանձին մարզիկներն ուսումնամարզական համատեղ հավաքներ կանցկացնեն: Իսկ ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը Հայաստան այցելելու ցանկություն է հայտնել: Համաժողովի վերջին օրը մասնակիցներին Վատիկանում հյուրընկալել է Հռոմի պապ Ֆրանցիսկը:

ՍԱՄԲՈՆ՝ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՐԶԱՁԵ՞Վ

Հայաստանն անցնող մրցաշրջանի ավարտին ունեցավ աշխարհի երկրորդ չեմպիոնը՝ ի դեմս 82 կգ քաշային կարգում հանդես եկող արցախցի սամբիստ Աշոտ Դանիելյանի։ Սանկտ Պետերբուրգում անցկացված աշխարհի 37-րդ առաջնությունը նվիրված էր սամբոյի 75-ամյակին, մասնակցում էին նույնքան երկրներ։ 82 կգ քաշային կարգում հայտավորված էին 35 մասնակիցներ, որոնցից 10-ը, այդ թվում հայ մարզիկը (նա 2010թ. 74 կգ քաշային կարգում էր հռչակվել աշխարհի չեմպիոն), տարբեր տարիների աշխարհի չեմպիոններ էին:
Մրցաշարի եզրափակչին ներկա է եղել եւ 100 կգ քաշային կարգում հաղթող ռուսաստանցի հայորդի Արսեն Խանջյանին չեմպիոնական մեդալն անձամբ հանձնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ավելորդ չենք համարում նշել, որ սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը հայտարարել է, որ սամբոն առաջիկայում կդառնա օլիմպիական մարզաձեւ:

ՊԱՐՏՎԵՑԻՆՔ

Անթալիայում շարունակվում է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը, որի շրջանակում երեկ կայացավ չորրորդ տուրը: Մրցեցին Գերմանիա-Ուկրաինա, Չինաստան-Հայաստան, Ադրբեջան-Ռուսաստան, Եգիպտոս-ԱՄՆ, Թուրքիա-Հոլանդիա զույգերը:
Աշխարհի գործող չեմպիոն Հայաստանի տղամարդկանց հավաքականը խաղաց Չինաստանի ներկայացուցիչների հետ, եւ ցավոք, պարտվեց 1,5:2,5 հաշվով:
Ի դեպ, երրորդ տուրի բոլոր թիմային դիմակայություններում գրանցվել էր միեւնույն՝ 2,5-1,5 հաշիվը, իսկ մրցաշարային աղյուսակը հետեւյալ տեսքն ուներ. Ուկրաինա՝ 6, Հայաստան՝ 5, Ադրբեջան, Գերմանիա՝ 4, Ռուսաստան՝ 3, ԱՄՆ, Չինաստան, Հոլանդիա, Թուրքիա՝ 2-ական միավոր, Եգիպտոս՝ 0:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս