Բուժման մեջ գտնվող զինծառայողը թմրամիջոց է օգտագործել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ N զորամասի 20-ամյա նախկին ժամկետային զինծառայող, կոչումով շարքային Համլետ Միրզոյանը մեղադրվում է կանաբինոիդների խմբին պատկանող թմրամիջոց օգտագործելու մեջ:

Armlur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ Լոռու մարզի քաղաք Վանաձորի բնակիչ Համլետ Միրզոյանը, բուժման մեջ գտնվելով նույն զորամասի թերապևտիկ բաժանմունքում, ապօրինի գործածել է վերոնշյալ տեսակի թմրամիջոցը, ինչի կապակցությամբ` Երևանի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 364.2 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է` զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված նման հանցագործությունը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նախկին զինծառայողի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Քրեական գործը քննվում է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Լևոն Ավետիսյանի նախագահությամբ:

Տաթև Հարությունյան




Լրահոս