10 մլն դրամ տուգանք` կայքերի գրանցման ոլորտում սահմանափակումներ մտցնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Հայաստանի Հանրապետության Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում դրվել է քննարկման կայքերի գրանցման ոլորտում իրականացվող չարաշահումների հարցը:

Հարցը զեկուցեց Վահե Աբրահամյանը, ով իր ելույթում նշեց` հանձնաժողովին է դիմել «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ն` տեղեկացնելով համակարգչային գլոբալ ցանցի «.am» տիրույթում գրանցում իրականացնող տնտեսվարողների միջև հնարավոր հակամրցակցային հանձնարարությունների մասին:

Բացի այդ, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են «.am» տիրույթում նոր կայք գրանցել, այդ ծառայության համար չհիմնավորված բարձր գին են վճարում:

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ ՀՀ-ում «.am» տիրույթում գործող էլեկտրոնային կայքերի գրանցման և սպասարկման ծառայություններն իրականացնում է «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ն, որն այս ոլորտում ունի մենաշնորհային դիրք:

«Վերոնշյալ ընկերությունը կայքերի գրանցման ծառայությունները սպառողներին մատուցել է մի շարք միջնորդների միջոով: Տպավորություն է ստեղծվել, որ դաշտում առկա է ազատ մրցակցություն, քանի որ գործում են տասնյակ ընկերություններ: Սակայն, ուսումնասիրությունները պարզեցին, որ միջնորդներից մեկը` «ԷՅԲԻՍԻդոմենը», տնօրինում է շուկայի ավելի քան 70%-ը: Պարզվեց նաև, որ այս ընկերությունը փոխկապակցված է «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի հետ:

Փաստացի կենտրոնն ստեղծել է այս ընկերությունը` երկրորդային, կամ այլ կերպ ասած` միջնորդների շուկան վերահսկելու նպատակով:

Շուկայի մնացած 30%-ը տնօրինվելու` մի շարք այլ միջնորդ ընկերությունների կողմից, որոնք, սակայն, հնարավորություն չեն ունեցել ինքնուրույն որոշելու իրենց գնային քաղաքականությունը, ինչը մրցակցային օրենսդրության խախտում է:

Այսպես. բոլոր միջնորդները ինտերնետային տիրույթում կայք գրանցելու համար սպառողներից գանձել են 12 հազար դրամ, որը ամբողջությամբ վճարել են «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնին»:

Վերջինը իրականացրել է կայքի գրանցումը, ապա բոլոր միջնորդներին «վճարել» կամ այլ կերպ ասած` վերադարձրել է 6 հազար դրամը` այսպիսով վերահսկելով վերջինների գործունեությունը:

Ստացվում է, որ միջնորդները պարտադրված են եղել սպառողներից գանձել հենց 12 հազար դրամ, որից իրենց բաժին է հասել միայն 6 հազարը:

Մինչդեռ, եթե կենտրոնի նման քաղաքականութուն չիրականացվեր, հնարավոր էր սպառողներին ավելի մատչելի գին առաջարկել:

Վահե Աբրահամյանի այս զեկույցից հետո ելույթ ունեցավ Արմեն Եսոյանը` վերոնշյալ ՀԿ ղեկավարը, ով նշեց, որ դիմել է հանձնաժողովին` իմանալու համար իսկապես ոլորտը բարեխիղճ է աշխատում, թե՝ ոչ: Եվ Արտակ Շաբոյանի հարցին, թե որքանով է տեղի ունեցածը օրենքի խախտում, Աբրահամյանը նշեց. «Խախտումն էական է, և պետք է հանձնաժողովին խնդրենք խնդրին լուծում տալ»:

Այսպիսով, Հանձնաժողովի դիտարկմամբ, կենտրոնը չարաշահել է իր մենաշնորհային դիրքը` սահմանափակելով ազատ մրցակցությունը:

Փաստացի կայքերի գրանցման ծառայությունները 6 հազար դրամով վաճառել է միջնորդներին, բայց իր հերթին նաև հիմնադրել է «ԷՅԲԻՍԻԴոմեն» ընկերությունը, որի միջոցով տնօրինել է շուկայի 70%-ը և այս կերպ հավելյալ եկամուտներ ստացել:

Իրավախախտ ընկերությունը ենթարկվեց ֆինանսական պատասխանատվության` 10 մլն դրամի չափով:

Վերջում զեկուցողը տեղեկացրեց նաև, որ այսօր «.am» տիրույթում գործում է շուրջ 23 հազար կայք, որոնցից յուրաքանչյուրը տարեկան 12 հազար դրամ է վճարում «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնին»:




Լրահոս