Երիտասարդը երեխաներին ստիպել է գումար մուրալ իր համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի Արարատ քաղաքի 23-ամյա բնակիչ Արման Գիվարգիզովը տևական ժամանակ զբաղվել է անչափահասների թրաֆիքինգով:

armlur.am-ին հայտնի տեղեկությունների համաձայն` Գիվարգիզովը 2013 թվականի հունվարից մինչև մարտի 19-ը շահագործման է ենթարկել 17-ամյա Ա.Կ.-ին, 15-ամյա Մ.Բ.-ին և Վ.Ղ.-ին:

Այսպես` Գիվարգիզովը, իմանալով, որ վերոնշյալ անչափահասները ծնողական հսկողության տակ չեն գտնվում և հայտնվել են փողոցում, սուտ խոստումներ է տվել, թե կապահովի նրանց բարեկեցիկ և բարելավված կյանքով:

Սակայն անչափահասներին հավաքագրել է մուրացկանությամբ զբաղվելու նպատակով: Արարատի բնակիչը Երևանի տարբեր փողոցներում մուրացկանությամբ «վաստակած» գումարները վերցրել է երեխաների ձեռքից:

Գիվարգիզովի հետ համագործակցել է Երևանի 18-ամյա բնակիչ Ալբերտ Հովհաննիսյանy վերոնշյալ անչափահասների հետ նախնական համաձայնությամբ ներգրավվել և մասնակցել է Արման Գիվարգիզովի կողմից կազմակերպված` Երևանի Նոր Արեշ 46 փող. 76 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետից ուրիշից զգալի չափերով գույքի գողությանը:

Դեպքի առթիվ ՀՀ Գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ 132.2 հոդվածի 2 մաս 1-ին կետով, 165 հոդվածի 1-ին մասով և 38-177 հոդվածի 2 մասի 1, 3 կետերով:

Ինչպես տեղեկանում ենք մեղադրական եզրակացությունից, քրեական գործի քննությունը մակագրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին:

Գիվարգիզովի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, Ալբերտ Հովհաննիսյանի նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին:

132.2 հոդվածի 2 մասի 1 կետի համաձայն` մարդկանց առևտուրը` հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների, ստրկության կամ ստրկությանը հավասարազոր վիճակի կամ կախյալ վիճակի հասցնելու, խարդախության, այլ խաբեության, իշխանությունը չարաշահելու կամ վիճակի խոցելիությունն օգտագործելու կամ մեկ այլ անձնավորության վերահսկող անձի համաձայնությունն ստանալու նպատակով` պատժվում են ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով:

165 հոդվածի 1-ին մասի չափանիշներով` անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելը  տասնութ տարին լրացած անձի կողմից տվյալ հանցագործության համար սույն օրենսգրքով քրեական պատասխանատվության տարիքի հասած անչափահասին խոստումներ տալու, խաբեության կամ այլ եղանակով հանցանքի կատարմանը ներգրավելը` պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

38-177 2-րդ մասի 1, 3 կետերի հատկանիշներով` գողությունը, որը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով եւ տուգանքով նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա:

Իսկ Ալբերտ Հովհաննիսյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1, 3 կետերով` այն է`պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով եւ տուգանքով նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա:

Տաթև Հարությունյան




Լրահոս