Առողջապահության նախարարը շնորհավորում է երեխաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրելի փոքրիկներ, ամենաջերմ սիրով ու ամենաբարի ցանկություններով շնորհավորում եմ ձեզ և ձեր ծնողներին երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։ Շատ առիթներով ենք շեշտում, որ երեխաները մեր ապագան են։

Իսկապես` երկրորդ կարծիք լինել չի կարող։ Սակայն մինչ ապագան, մենք պարտավոր ենք ամենօրյա հոգատարությամբ ու ջերմությամբ շրջապատել նրանց, անել ամեն ինչ, որ մեր երեխաները մեծանան առողջ մարմնով և հոգով։ Որպես բժիշկ և առողջապահության նախարար, անշուշտ, համարում եմ, որ երեխաների պաշտպանությունը սկսվում է նրանց առողջության պահպանումից։ Մեր երկրում մոր ու մանկան առողջության պահպանումը կառավարության գերակայություններից է, և այդ ուղղությամբ բազմաթիվ արդյունավետ ծրագրեր են իրականացվում։

Այսօր մեծապես կարևորում ենք առողջ ապրելակերպը և վաղ հասակից այն կենսակերպ դարձնելը, ինչը ողջ կյանքի ընթացքում առողջության ամենալուրջ գրավականն է։ Խորհրդանշական այս օրը երեխաներին մաղթում եմ ամուր առողջություն և ցանկանում, որ նրանք ունենան երջանիկ ու անհոգ մանկություն, մեծանան սեփական առողջությունը գնահատելու կարողությամբ և, իհարկե, պաշտպանված լինեն բոլոր փորձություններից։

Արմեն Մուրադյան, ՀՀ առողջապահության նախարար 




Լրահոս