Մի շարք օրինագծեր հավանության են արժանացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 6-ին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հովհաննես Սահակյանի նախագահությամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց մի խումբ օրինագծերի, որոնք կընդգրկվեն ԱԺ գարնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է փախստականի կարգավիճակ ունեցող անձանց նույնպես տրամադրել նույնականացման քարտ, որն օգտագործվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, որը տրամադրվելու է նույնականացման քարտի հիման վրա եւ օգտագործվելու է հանրապետությունից ելքի եւ մուտքի դեպքերում: Ճամփորդական փաստաթուղթը պարունակելու է էլեկտրոնային պահոց, որում ամրագրվելու են անձի կենսաչափական տվյալները /մատնահետքերը/: ”ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի ներկայացմամբ հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ՀՀ ՔԿԱԳ մարմիններում ներդնել էլեկտրոնային համակարգ եւ գրանցամատյան հասկացությունները եւ ամբողջությամբ անցնել դրանց կիրառմանը: Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ ՀՀ ողջ տարածքում նշված համակարգի ներդրումը նախատեսվում է ավարտել հունիսին, այժմ համակարգը գործում է Երեւանում եւ Գյումրիում: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նաեւ երկրորդ ընթերցմամբ քննարկված «Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» փաթեթին եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծին: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվեց «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Օրինագծի նպատակն է ապահովել ՀՀ զինված ուժերում արհեստավարժ պայմանագրային սերժանտական համակարգի կայացումը եւ հետագա զարգացումը` որպես հրամանատարական առաջնային օղակ: Օրենքի նախագծով սահմանվում են նոր ստեղծվող գնդի (բրիգադի) սերժանտի եւ գումարտակի սերժանտի պարտականությունները, վաշտի ավագի, դասակի հրամանատարի տեղակալի եւ ջոկի հրամանատարի պաշտոնները փոխարինվում են համապատասխանաբար վաշտի, դասակի եւ ջոկի սերժանտների պաշտոններով, հստակեցվում են նրանց պարտականությունները: Հանձնաժողովը նախագծի վերաբերյալ դրական եզրակացություն տվեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկելու համար: Հեղինակների առաջարկով հանձնաժողովը մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Հեղինե Բիշարյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի քննարկումը:

Նույն օրը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկեց 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ զինվորական սուրհանդակափոստային կապի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը: Հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշեց, որ համաձայնագրով կարգավորվում են մի կողմի պետության տարածքում տեղակայված զինվորական կազմավորումների համար մյուս կողմի պետության տարածքից զինվորական նամակագրության փոխանցման հետ կապված հարցերը: ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը պատգամավորների քննարկմանը ներկայացրեց 2013 թվականի մայիսի 31-ին Մինսկում ստորագրված «Ազատ առեւտրի գոտու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագիրը դրա կողմերի եւ Ուզբեկստանի Հանրապետության միջեւ կիրառելու մասին» արձանագրությունը, որի նպատակն է «Ազատ առեւտրի գոտու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագրի բոլոր դրույթները կիրառել պայմանագրի կողմերի եւ Ուզբեկստանի Հանրապետության միջեւ հարաբերություններում: 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը ներկայացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը: Նա նշեց, որ համաձայնագրի նպատակն է կատարելագործել ՀՀ միջուկային անվտանգության ենթակառուցվածքները, ապահովել ՀՀ ատոմային էներգետիկայի օբյեկտներում միջուկային անվտանգության կայուն եւ բարձր մակարդակ, ստեղծել ՀՀ ատոմային էներգետիկայի օբյեկտներում հնարավոր ճառագայթային վտանգներից արդյունավետ պաշտպանության միջոցներ եւ պահպանել դրանք պատշաճ վիճակում: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը ներկայացրեց 2011 թվականի հոկտեմբերի 28-ին Մոսկվայում ստորագրված «Բժշկական նշանակության արտադրանքի կեղծման եւ հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որի նպատակն է կանխել հանրային առողջությանը սպառնացող վտանգները եւ պայքարել դրանց դեմ՝ սահմանելով քրեական պատասխանատվություն մի շարք գործողությունների նկատմամբ, ինչպիսիք են՝ կեղծ բժշկական արտադրանքի արտադրությունը, տարածումը, մատակարարումը, բժշկական արտադրանքներին վերաբերող փաստաթղթերի կեղծումը եւ այլն:

Կառավարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ 2014 թ. մարտի 11-դրությամբ կոնվենցիան ստորագրել է 23 պետություն, վավերացրել է 3 պետություն: 2013 թվականի հուլիսի 30-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը: Նա նշեց, որ համաձայնագրով կողմերը կհամագործակցեն գաղտնի տեղեկատվության պաշտպանության ոլորտում՝ իրենց պետությունների ազգային օրենքներին եւ կանոնակարգերին համապատասխան:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ֆելիքս Բաշոյանը ներկայացրեց «2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբատում ստորագրված «Երկրաբաշխության, քարտեզագրության, կադաստրի եւ Երկրի հեռահար խորաչափման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին» 1992 թվականի հոկտեմբերի 9-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը, որով որոշակի փոփոխությունների են ենթարկվում երկրաբաշխության, քարտեզագրության, կադաստրի եւ երկրի հեռահար խորաչափման միջպետական խորհրդի կառուցվածքը, կազմը, գործառույթները, խորհրդի անդամների իրավունքները եւ պարտականությունները սահմանող դրույթները: Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2013 թվականի նոյեմբերի 7-ին եւ 2013 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված «Հայաստանի «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագիրը ներկայացրեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը: Նա տեղեկացրեց, որ պայմանագրի նպատակն է Հայաստանին տրամադրել 60 մլն եվրո գումարի չափով վարկ՝ «Հայաստանի «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք» ծրագիրը ֆինանսավորելու նպատակով: Հիմնական զեկուցողը տեղեկացրեց, որ ծրագրով նախատեսվում է բարեկարգել Երեւան-Բավրա միջանցքի հյուսիսային մասի մոտ 145 կմ երկարությամբ ճանապարհահատվածը՝ ապահովելով բոլոր տեխնիկական ենթակառուցվածքների արդիականացումը: Արթուր Առաքելյանը ներկայացրեց նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2014 թվականի մարտի 11-ին ստորագրված վարկային համաձայնագիրը (ընդհանուր գործողություններ) (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3): Վարկային համաձայնագրով նախատեսվում է, որ Ասիական զարգացման բանկը Հայաստանին կտրամադրի 100 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով: Ըստ փոխնախարարի՝ ծրագրի իրականացման արդյունքում կդյուրացվեն ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհները, կմեծանա առեւտրի շրջանառությունը եւ մրցակցությունը, կնվազեն փոխադրումների ծախսերը եւ այլն: Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի քննարկմանն ու վավերացմանը:

Պատգամավորները դրական եզրակացություն տվեցին հանձնաժողովի գործունեության ոլորտներին վերաբերող ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը:

Հանձնաժողովը որոշեց հունիսի 13-ին՝ ժամը 10.00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպել խորհրդարանական լսումներ՝ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը խթանելու եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվելիք աշխատանքները եւ խորհրդարանական մասնակցության հնարավորությունները» թեմայով:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Գագիկ Մինասյանի նախագահությամբ քննարկվեց «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2013 թվականի նոյեմբերի 7-ին եւ 2013 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված «Հայաստանի «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագիրը եւ Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2014 թվականի մարտի 11-ին ստորագրված վարկային համաձայնագիրը (ընդհանուր գործողություններ) (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3), որոնք ներկայացրեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը: ‘Քննարկված վարկային համաձայնագրերը ստացան հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար:

ՀՀ Ազգային ժողով 




Լրահոս