Ո՞Վ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ Է ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որեւէ օրինապաշտ գործարար ինչ-որ բիզնես սկսելուց առաջ նախ՝ ՀՀ մտավոր սեփականության գործակալության միջոցով գրանցում է իր ապրանքանիշը, որպեսզի անարգել օգտագործի եւ պաշտպանի իր իրավունքները: Բայց պարզվում է՝ Հայաստանում «Մտավոր սեփականության մասին» ՀՀ օրենքը դեռ երաշխիք չէ, որ մեկ ուրիշը չի կարող օգտագործել արդեն գրանցված անունը: Առաջին հայացքից աբսուրդ է թվում այս իրավիճակը, սակայն մեր երկրում այն գրանցվել է որոշ դատավորների «թեթեւ ձեռքով»:

Եվ այսպես, «Ժողովուրդ»-ը ՀՀ մտավոր սեփականության գործակալության պաշտոնական կայքից տեղեկացավ, որ հանքային եւ սովորական ջրերի համար «Արարատ» անունով ապրանքային նշանը զարմանալիորեն պատկանում է երկու տարբեր ընկերությունների: Եվ այսպես, պարզեցինք, որ 2006 թվականին հիմնադրված «Արարատ-գրուպ» ՍՊԸ-ն օտարերկրյա ներդրումների միջոցով հայկական ծագումով, բայց միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան հանքային, քաղցրահամ խմելու ջրերի եւ բարձրորակ ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրություն է հիմնել: Ի դեպ, գործարանը բավականին խոշոր է եւ իր տեսակի մեջ բացառիկ: Եվ որպեսզի «ապահով գործի», ՍՊԸ-ն դեռ 2007-ին դիմել է ՀՀ մտավոր սեփականության գործակալությանը՝ իր ստեղծած ապրանքային նշանները գրանցելու նպատակով: Գրանցումը եղել է, փաստաթղթերն առկա են:
Նշենք, որ «Արարատ-գրուպ» ՍՊԸ-ն ներկայում հանդիսանում է Ապրանքների եւ ծառայությունների միջազգային դասակարգման 32-րդ դասի մեջ մտնող ջուր եւ հանքային ջուրապրանքատեսակների համար «Արարատ» անվանումով ապրանքային նշանների միանգամյան օրինական իրավատերը դեռեւս 2007-ից: Բացի այդ, 2008-ից սկսած ընկերությունը հանդիսանում է նաեւ «Արարատ» անվանումով ապրանքի ծագման տեղանվանման օգտագործման իրավունքի իրավատերը: Իսկ սա նշանակում է, որ վերը նշված ապրանքների եւ նույնատիպ այլ ապրանքատեսակների համար «Արարատ» անվանումը որպես առեւտրային անվանում իր ապրանքային նշանների մեջ կարող է օգտագործել միայն «Արարատ գրուպ» ՍՊԸ-ն՝ համաձայն ՀՀ օրենսդրության եւ որեւէ այլ ընկերություն չի կարող օգտագործել այդ անունը:
Սակայն 2011-ից «Սիլ կոնցեռն» ընկերությունը սկսել է «Արարատ գրուպ»-ի դեմ «պատերազմել»: «Արարատ գրուպ»-ի վարչական տնօրենի ԺՊ Արսեն Մնացականյանի խոսքով՝ 2011թ. «Սիլ կոնցեռն»-ը դիմել է ՀՀ մտավոր սեփականության գործակալությանը 32-րդ դասի նույն հանքային եւ խմելու ջրի ապրանքատեսակների «Արարատ» անվանումով ապրանքային նշաններ գրանցելու համար: Գործակալությունը մերժել է «Սիլ կոնցեռն»-ին, քանի որ դրա գրանցումը եւ շուկայում նույն անվանումով նույնատիպ ապրանքների առկայությունը սպառողների մոտ միանշանակ շփոթություն կառաջացներ: Չհամակերպվելով մերժված լինելու մտքի հետ, «Սիլ կոնցեռն»-ը դիմել է դատարան՝ բողոքարկելով պետական լիազոր մարմնի գործողությունները:
Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ վճիռ է կայացրել Հայաստանի «անկախ դատարանը»: Տարօրինակ է, բայց բավարարել է «Սիլ կոնցեռն»-ի հայցը՝ պարտավորեցնելով ՀՀ մտավոր սեփականության գործակալությանը «Արարատ» անվանումով ապրանքային նշանները նույնպես գրանցել: «Այդ շրջանում աղմուկ բարձրացվեց, մի շարք հոդվածներ տպագրվեցին, թե իբր «Սիլ կոնցեռն»-ի հանդեպ ամենուրեք ապօրինի գործողությունները շարունակվում են իշխանությունների կողմից, բայց իրականում, հավանաբար, հենց իրենց կողմից ճնշում գործադրվեց որոշ պաշտոնյաների վրա: Արդյունքում «իրենց վրա ճնշումներ գործադրած» իշխանության դատական թեւը՝ հօգուտ «Սիլ կոնցեռն»-ի վճիռներ կայացրեց, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանն էլ իրեն յուրահատուկ ոճով հետ վերադարձրեց մեր ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը՝ քննության առարկա չդարձնելով ընկերության փաստարկները: Մենք հայտնվեցինք ծանր վիճակում՝ ներդրումները կասեցվեցին: Բավականին դժվար աշխատանք կատարվեց՝ վստահությունը Հայաստանի հանդեպ վերականգնելու եւ ներդրումները վերսկսելու համար»,- պատմեց Մնացականյանը:
Սակայն պատմությունն այսքանով չի ավատրվել: «Արարատ գրուպ» եւ «Սիլ կոնցեռն» ընկերությունների միջեւ վեճը շարունակվել է՝ արդեն այլ պատճառով եւ այլ հարթության մեջ: Ինչպես տեղեկացանք Արսեն Մնացականյանից. ««Արարատ գրուպ» ՍՊԸ-ն դեռեւս 2007-ից օրենքով սահմանված կարգով Դաշտաքար գյուղի վարչական տարածքում վարձակալել է 7 հա հողատարածք, որտեղ, ի դեպ, մինչ օրս կատարվել է արդեն շուրջ 1,5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում՝ այդ թվում եւ ավտոճանապարհի կառուցում, էլեկտրաֆիկացում, սանիտարական գոտու կառուցում եւ այլն: Բայց պարզվում է, որ 4 տարի անց՝ 2011-ին, Դաշտաքարի գյուղապետ Նորիկ Մալխասյանի եւ «Սիմոնա Ակվա» ՍՊԸ-ի միջեւ նույն հողատարածքի մի մասի նկատմամբ «կնքվել է» վարձակալության պայմանագիր՝ խախտելով «Արարատ գրուպ» ՍՊԸ իրավունքները»:
Արարատի մարզպետարանի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Արտավազդ Օրդոյանի խորհրդով՝ «Սիմոնա Ակվա» ընկերությունը դիմել է դատարան՝ «Արարատ գրուպ» ՍՊԸ-ի եւ Արարատի մարզպետարանի միջեւ կնքված վարձակալության պայմանագիրը մասնակի անվավեր ճանաչելու հայցով՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ իրենց ընկերութունը ստացել է հանքային ջրի արդյունահանման լիցենզիա, իսկ հորատանցքը գտնվում է «Արարատ գրուպ»-ի կողմից վարձակալած տարածքում: Նկատենք, որ հողամասը վարձակալելու ժամանակ հորատանցքը պատկանել է «Արարատ գրուպ»-ին: ««Սիմոնա Ակվա»-ն չունի ձեւավորված ընդերքաօգտագործման իրավունք եւ դա հիմնավորող փաստաթղթերի ամբողջական փաթեթ՝ բնապահպանական փորձաքննություն անցած նախագիծ, ներդրումային փաթեթ եւ բիզնես ծրագիր, որն ինչ-որ տեղ իրավունք կտար հողօգտագործմանը հավակնելու: Սակայն «Արարատ գրուպ»-ի կողմից ներկայացված փաստարկներն անտեսվեցին դատարանների կողմից»,- նկարագրեց Մնացականյանը:
Իսկ ո՞վ է թաքնված «Սիմոնա Ակվա» ընկերության թիկունքում: Պրն Մնացականյանի տեղեկացմամբ՝ իրենց համար բացահայտում էր այն հանգամանքը, որ «Սիմոնա Ակվա»-ն «Սիլ կոնցեռն»-ի արբանյակ ընկերությունն է եւ փաստացի պատկանում է նույն սեփականատերերին: «Սրանից հետո պարզ դարձավ, թե ինչու «Սիմոնա Ակվա»-ն գնաց դատարան դիմելու ճանապարհով: Ձեռագիրը նույնն էր: Ինչպես «Արարատ» անվանմանը տիրացան դատարանի միջոցով, հիմա էլ փորձում են հողակտորին տեր դառնալ»,- ներկայացրեց Մնացականյանը:
Վերջինիս խոսքերով՝ ««Սիլ կոնցեռն»-ի սեփականատերերի հետ հանդիպման ժամանակ տեղեկացանք, որ «Սիմոնա Ակվա»-ն իրենց ընկերությունն է: Մի քանի անգամյա հանդիպումների ընթացքում կարծես թե փոխպայմանավորվածություն էր ձեռք բերվել՝ այլընտրանքային բիզնես համագործակցություն ծավալելու մասին: Բայց վերջին երկու ամսվա ընթացքում նրանք պարզապես անհետացան ու սկսեցին բոյկոտել մեր հեռախոսազանգերը: Փոխարենը սկսեցին մամուլի հրապարակումների միջոցով ցեխ շպրտել ընկերության վրա՝ հավանաբար նպատակ ունենալով այս փուլում էլ ազդել դատարանի կայացնելիք որոշման վրա: Հիմա էլ պահանջում են 15 մլն դրամի պատճառված վնասի հատուցում: Անհասկանալի տրամաբանությամբ պետական մարմինների կողմից իրենց վարձակալության իրավունքով հողամաս չտրամադրելու համար մեզանից են հատուցում պահանջում: «Սիլ կոնցեռն»-ի («Սիմոն ակվայի» դեմքով) նման վարքագիծը, հավանաբար, ոչ թե նոր բիզնես հիմնելու նպատակ է կամ ներդրումների միջոցով նոր աշխատատեղերի ստեղծում, այլ՝ հանքային ջրերի եւ զովացուցիչ ըմպելիքների շուկայում նոր ընկերության մուտքը խոչընդոտելը»,- վրդովված ասաց Մնացականյանը:
Ինչո՞ւ եք խոչընդոտում օտարերկրյա ներդրողների աշխատանքը Հայաստանում: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Սիլ կոնցեռն» ընկերության տնօրեն Էդգար Մկրտչյանի հետ, ով հենց սկզբից հերքեց տեղեկությունը, թե «Սիմոնա Ակվան» «Սիլ կոնցեռն»-ի արբանյակ ընկերությունն է. ««Սիլ կոնցեռն»-ն ընդհանրապես կապ չունի այդ ընկերության հետ»:
Իսկ ահա «Արարատ» անվանման հետ կապված խնդրի մասով փոխանցեց հետեւյալը. «2013-ի մենք գրանցումը ստացել ենք եւ ունենք համապատասխան վկայագրեր: 2013-ից մենք իրավունք ունենք տնօրինելու տվյալ ապրանքանիշը: Կարող ենք նույնիսկ բոլոր փաստաթղթերը ներկայացնել: Բացի այդ, ըստ օրենքի՝ «Արարատ» անվանումով ապրանքանիշը կարող են օգտագործել տարբեր կազմակերպություններ, եթե դրանք շփոթության աստիճանի չեն»: Ասել է թե՝ չհերքեց, որ իրենք գրանցել են արդեն գրանցված ապրանքանիշը՝ նաեւ իրենց անունով:
Սա նույնն է, որ այսուհետ, բացի «Երեւանի կոնյակի գործարանից» «Արարատ» անունով կոնյակ կարող է արտադրվել մեկ այլ ընկերության կողմից: Կամ «Բջնի» անունով ջուր կարող է արտադրվել «Սիլ կոնցեռն»-ի կողմից: Աշխարհի ամենահետամնաց երկրում նույնիսկ նման բան չէր կարող տեղի ունենալ: Տեղեկացնենք, որ միջազգային կոնվենցիայով, ապրանքների եւ ծառայությունների միջազգային դասակարգիչներով արգելվում է նույն ապրանքային նշանի գրանցումը տարբեր ընկերությունների անունով: Թերեւս չի բացառվում, որ այս գործելաոճը նրանց համար բիզնեսի տարատեսակ է. ստեղծել պրոբլեմ, խորացնել այն եւ վաճառել շահագրգիռ կողմին:
«Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ Դաշտաքարի համայնքապետ Նորայր Մալխասյանի հետ՝ պարզելու, թե ինչու է վարձակալությամբ ուրիշին պատկանող հողակտորի ներսում առկա հորատանցքը տվել այլ ընկերության. «Այս գործը դատարանում է եւ սխալ կլինի ինչ-որ մեկնաբանություններ անել այս խնդրի շուրջ»:
«ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչպես է ստացվել, որ նույն հողատարածքի մասով պայմանագիր է կնքվել երկու տարբեր ընկերությունների հետ, նա պատասխանեց. «Դաշտաքարի գյուղապետարանը հողատարածքի վարձակալության պայմանագիր չի կնքել «Արարատ գրուպ»-ի հետ, քանի որ այդ ժամանակ մարզպետարանն էր նման գործարքներ կատարում: Պահուստային հողերը տիրապետում էր մարզպետարանը: Հակառակը՝ ես կողմ եմ, որ իմ գյուղում արտադրամաս, գործարան բացվի, որովհետեւ իմ համայնքի ժողովրդին հարկավոր է աշխատատեղ: Իսկ «Սիմոնա Ակվա»-ն Բնապահպանության նախարարությունից վերցրել էր հանքային ջրի արդյունահանման լիցենզիա: Թող համապատասխան որոշում կայացնողը՝ պետությունը, տեսներ, որ տվյալ տարածքը զբաղված է ու հորատանցքի իրավունք չտար»:
Այսպիսով, գյուղապետը չի տիրապետում իրավիճակին ու զարմանալի է, թե ինչպես է շարունակում 1992-ից ղեկավարել համայնքը:
Խնդրի շուրջ զրուցեցինք նաեւ Արարատի մարզպետարանի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի վարիչ Արտավազդ Օրդոյանի հետ, ով էլ կոպիտ տոնով ասաց. «Դիմեք Դաշտաքարի գյուղապետարան, պարզաբանումը կարող է տալ միայն Դաշտաքարի գյուղապետը»:
Այսօր բոլորն են հասկանում, թե Հայաստանի եւ շարքային քաղաքացիների համար որքան կարեւոր են նմանատիպ նախագծերը (ստեղծվում են նոր աշխատատեղեր, լուծվում են բազմաթիվ սոցիալական խնդիրներ, պետական բյուջեն ստանում է համալրման լուրջ աղբյուր եւ այլն), որի մասին գրեթե ամեն օր բարձրաձայնում է նաեւ Կառավարությունը, ուստի նմանատիպ վերաբերմունքը «Արարատ-գրուպ» ընկերության նկատմամբ ոչ միայն վտանգում է տվյալ նախագծի շարունակականությանն ու հետագա ներդրումների հնարավորությանը, այլեւ վնասում Հայաստանի՝ որպես օտարերկրյա ներդրումները խրախուսողի եւ երաշխավորի հեղինակությանը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս