Չիբուխչյանի ապերախտությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի ղեկավար Սամվել Բեգլարյանը դատապարտում է այդ մասնաճյուղի անդամ, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանի վերջին հայտարարությունը:

Նշենք, որ Չիբուխչյանը Տավուշի մարզպետի խորհրդականի պաշտոնից զրկվելուց հետո հայտնել էր, թե մտադիր է Ադրբեջանի նախագահից քաղաքական ապաստան խնդրել: Սամվել Բեգլարյանն ասաց, որ Չիբուխչյանի այդ քայլը համարում է երախտամոռություն եւ դավաճանություն: Բեգլարյանը համարում է, որ Չիբուխչյանի՝ աշխատանք չունենալը, ցածր կենսաթոշակը չպետք է պատճառ լինեն, որ նա փոխի իր հայրենիքը եւ թշնամի երկրից քաղաքական ապաստան հայցի: Ս. Բեգլարյանի վկայությամբ՝ Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանի կողմից Չիբուխչյանը արժանացել է հոգատարության, եղել է «Ղուլարյանի ափի մեջ»: Ս. Բեգլարյանը նշեց, որ ադրբեջանցի երգչուհի Էլնարա Աբդուլաեւային գիրք ձոնելով, Չիբուխչյանն ակնկալում էր, որ դրա համար Հայաստանում քաղաքական հալածանքի կարժանանա, սակայն Հայաստանն այդ առումով տարբերվում է Ադրբեջանից, եւ ի հուսախաբություն Չիբուխչիանի` ոչ մի հալածանք չեղավ: Ս. Բեգլարյանին հիշեցրեցինք, որ ինքը եղել է Լյուբիկ Չիբուխչյանին Հայաստանի գրողների միություն ընդունելու երաշխավորողներից մեկը: Նա, սակայն, հրաժարվեց` ասելով, որ դա երաշխավորություն չէր. ինքը գրել է` եթե նա 175 գիրք է գրել, ուրեմն կարող է լինել Գրողների միության անդամ: Նրա խոսքերովª այդ միությունում Չիբուխչյանից ավելի վատ գրողներ էլ կան:

Ոսկան Սարգսյան




Լրահոս