Կենտրոնական բանկը դոլար է առնում դրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական բանկում խուճապ է. դոլարի փոխարժեքը շարունակաբար նվազում է: 1 շաբաթվա ընթացքում գլխավոր դրամատունն ուժերի ներածին չափով դոլար է հավաքել շուկայից ու 5,6 միլիոն պահեստավորել: Այսպիսով՝ արտարժույթի շուկան ցնցումներից զերծ պահելու հույսով՝ Արթուր Ջավադյանի կառույցը պայքարում է դրամի արժևորման դեմ:

Մինչդեռ ԿԲ-ի կողմից շուկայում կայունություն հաստատելու փորձերը նոր ճգնաժամ կարող են առաջացնել: Եթե դրամական պատասխանատուները գոնե հիշողությամբ որոշումներ կայացնեին (տնտեսագիտությունը շատերի համար, ինչպես երևում է, հոբբի է), ապա կկողմնորոշվեին, որ 1-2 շաբաթից ամերիկյան արժույթի պահանջարկը կտրուկ աճելու է:

Տուրիստական սեզոնի մեկնարկը սովորաբար նշանավորվում է ամերիկյան արժույթի փոխարժեքի կտրուկ աճով: Վրաստան կամ Թուրքիա մեկնող հայ զբոսաշրջիկները զգալի քանակությամբ դոլար են գնում հայկական բանկերից: Հայկական դրամ, բնականաբար, նրանց պետք չէ, և արդյունքում՝ դոլարի թանկացման դեմ պայքարելու խնդիր է առաջանում:

Հնարավոր է նաև, որ ԿԲ-ն ընդամենը կրկեսային համար է բեմադրում ու արտարժույթի շուկայում իր արհեստական ներգործությամբ նշված 5,6 միլիոն դոլարն առաջիկա օրերին այնպիսի պտույտի է ենթարկելու, որի դրական հետևանքների մասին միայն ինքը կարող է իմանալ: Ամեն դեպքում, ԿԲ-ի թե՛ այսօրվա, թե՛ առաջիկա օրերի արտարժութային քաղաքականությունից շարքային քաղաքացին միմիայն տուժելու է:

Դավիթ Վանեսյան




Լրահոս