ԿԼԻՆԵՆ ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՔ ԿԱՓՍՈՍԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Եթե Հրազդանում իշխող տրամադրություններն իշխող են ողջ երկրում, ապա ՀՅԴ-ն կունենա առնվազն 20 տոկոս ձայն”,-“Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արթուր Աղաբեկյանը: -Պարո՛ն Աղաբեկյան, հետեւելով Ձեր նախորդ ելույթներին` հասկանալի է դառնում, որ չեք ցանկանում պատգամավոր դառնալ: Հոգնե՞լ եք այդ աշխատանքից: -Հոգնելու խնդիրը թողնենք մի կողմ, որովհետեւ իմ կյանքում այնպիսի ծանր շրջաններում եմ ղեկավար դիրք զբաղեցրել` մինչեւ Արցախի վերկանգնման հետ կապված ռազմական գործողություններ, հետպատերազմյան շրջան, որ այսօրվա դիրքորոշումս չեմ կարող կապել անձնական խնդիրների հետ: Ես ավելի խորն եմ նայում իրավիճակին եւ պիտի բարձրաձայնեմ, որ հստակ որոշում կայացրել եմ` չեմ առաջադրվելու ԱԺ պատգամավորի թեկնածու ո՛չ մեծամասնական, ո՛չ էլ համամասնական ընտրակարգով: -Ինչո՞ւ:-Երբ ես թողեցի զինված ուժերը եւ որոշեցի մտնել քաղաքականություն, չգիտեմ ինչու, վստահ էի, որ հասարակությունը կգիտակցի այն մարտահրավերները, որոնց սպասում էր մեր երկիրը: Ցավոք, ինչ-որ կերպ չհաջողվեց ինձ ավելի կոնկրետացնել ասելիքս: Երբ խոսում էի մարդկանց հետ, միշտ նկատել եմ, որ մեր հասարակությունը դիմացինի խոսքի մեջ անձնական շահն է տեսնում: Հիմա ես առանց մանդատի ու դրա ակնկալիքի պետք է խոսեմ ժողովրդի հետ: Այսինքն` ամբողջությամբ հանելով անձնական շահը` պիտի փորձեմ բացատրել, որ Դաշնակցությանը պետք է շատ ձայն տան: -Առաջիկայում որեւէ պաշտոնի առաջարկ ստանալու դեպքում կմերժե՞ք այն: -Այո՛, միանշանակ:-Իսկ քարոզարշավին մասնակցելո՞ւ եք:-Միանշանկ կմասնակցեմ ԱԺ ընտրությունների քարոզարշավին եւ կքարոզեմ մեր հասարակությանը, կփորձեմ կբարձրաձայնել այն մտահոգությունները, որոնք իմ մեջ են, կփորձեմ իմ պահվածքով ապացուցել, որ այն մտահոգությունները, սկզբունքները, որ ես բարձրաձայնում եմ, բխում են հենց հասարակության, մեր պետականության շահերից: Վստահ եմ, որ իմ այս մոտեցմամբ ես կարող եմ մեծ դերակատարություն ունենալ, որպեսզի մարդիկ ՀՅԴ-ին ավելի վստահեն: Միշտ մտածել եմ, որ մեր ժողովուրդը Հայ հեղափոխական դաշնակցության դերն այնքան պետք է կարեւորի, որ ՀՅԴ-ի քաղաքական ներկայությունն ԱԺ-ում պակաս չլինի, քան 20 տոկոսը: -Ի՞նչ պիտի անի ՀՅԴ-ն 20 տոկոս վստահության քվե ունենալու դեպքում, որ չի կարողանում անել հիմա: -Եթե հասարակության 1/5-րդը վստահությունը տա ՀՅԴ-ին, ծանր բեռի տակ կընկնի: Եւ այդ ծանր բեռի ազդեցության տակ ստիպված կլինի իրական դերակատարություն ունենալ երկրում առկա խնդիրների լուծման առումով` առանց նշանակություն տալու` ընդդիմադի՞ր է, թե՞ իշխանություն: Շահելու է ողջ հասարակությունը: Ես ցավում եմ, որ հասարակությունը, իշխանությունն ու Դաշնակցությունը չգիտակցեց, թե ինչ արեց Դաշնակցությունը` իշխանության ներսում լինելով: -Կոնկրետ` ի՞նչ է անելու, որ հիմա չի կարողանում:-Չէի ցանկանա քարոզչություն անել` մանրամասնություններով: Պարզապես ասում եմ, որ երբեք ժողովուրդը Դաշնակցությանն այդպիսի վստահություն չի տվել: Պետք է հավատա ու փորձի: Ում հետ խոսում եմ, ասում է` պապս դաշնակցական է: Ուրեմն վստահե՛ք եւ հանուն ձեր պապի քվեարկե՛ք:-Պարո՛ն Աղաբեկյան, տեսակետ կա, որ Հայաստանի ՀՅԴ ղեկավարները վերջին տարիներին հասցրին հարստանալ` հարստացնելով նաեւ կուսակցությանը:-Ես համաձայն չեմ: ՀՅԴ-ի ղեկավար կազմը տասնյակ տղաներ են, որոնց համար դաշնակցական լինելը հարստանալու համար հնարավորություն չի եղել: -Հիմա ՀՅԴ-ն իր առջեւ ի՞նչ խնդիր է դրել. իշխանափոխություն անելո՞ւ եք:-Կարծեմ շատերս ենք ասել, որ մեր օրակարգում իշխանափոխության խնդիր է դրված:-Իսկ ի՞նչ քայլեր եք իրականացնում: Հրապարակային, տեսանելի որեւէ բան չի նկատվում:-Հասարակության գիտակցությունը պետք է հասնի նրան, որ իշխանափոխություն անողն ինքն է: Եւ ուրեմն ո՞րն է այն ուժը, որը կարող է դա իրականացնել: ՀՅԴ-ն ասում է, որ ես եմ, վստահի՛ր ինձ: -Բայց Հրազդանի ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակությունը «մաքուր» ընտրեց իշխանությանը: Ընտրակաշառքի դեմ ի՞նչ է անելու իշխանափոխության գնացող ՀՅԴ-ն:-Ես դրա մասին կարդացել եմ մամուլում, քանի որ մեծ հետաքրքրությամբ չեմ հետեւել: Բայց ձայների բաշխումը երկու թեկնածուների մեջ ինչ-որ տեղ հույս է առաջացնում: Եթե Հրազդանում իշխող տրամադրություններն իշխող են ողջ երկրում, ապա ՀՅԴ-ն կունենա առնվազն 20 տոկոս ձայն: -Բայց հայտնի է, որ իշխանություններն այսօրվանից գծագրում են ապագա ԱԺ-ն եւ կարծեք ՀՅԴ-ի համար 20 տոկոս չի նախատեսվում:-Նրանք առանձին անհատներ են, որոնք իրենց ցանկությունները փորձում են իրականություն դարձնել:-Դուք չե՞ք հավատում, որ Սերժ Սարգսյանը նման «քարտեզ» կարող է գծել:-Ես շեշտեցի` առանձին անհատներ: Եթե այդ առանձին անհատների մեջ մտնում է նաեւ իմ ընկեր Սերժ Սարգսյանը, ուրեմն նաեւ նրան է վերաբերվում: Երբ խոսում էի իմ ընկերների հետ, ասում էին, որ Հրազդանում ձայների մեծ տարբերությամբ հաղթելու են: Բայց տեսաք` ինչ եղավ: -Վերադառնանք մեր զրույցի սկզբին. հնարավո՞ր է, որ Դաշնակցությունը համամասնական ընտրացուցակում տեղ չի հատկացրել Ձեզ, դրա համար Դուք ստիպված ասում եք, թե պատգամավորական մանդատը պետք չէ: -Ես այն անհատներից եմ ՀՅԴ-ում, որը մեծ դերակատարություն ունի Դաշնակցությունը Հայաստան վերադարձնելու գործում, եւ երբեք չեմ դադարել լինել դաշնակցական: Այս առումով վստահ եմ, որ լինելու են դաշնակցական ընկերներ, որոնք անգամ ողջույնի խոսք են ասելու, կլինեն ընկերներ, որոնք ափսոսանքի խոսքեր են ասելու, բայց նաեւ վստահ եմ, որ քաղաքական քննարկումների ժամանակ ինձ հաջողվելու է իմ ընկերներին համոզել, որ այդ քայլը ճիշտ է. ցուցակում լինել-չլինելու հարցը պետք է տեղափոխենք վերջին պլան: Իրականում այդպիսի խնդիր չկա: -Իսկ ինչո՞վ եք զբաղվելու ապագայում:-Առաջինը Արցախում ես մի քանի ծրագրեր եմ իրականացնում` սոցիալական ուղղվածությամբ եւ բիզնեսի ուղղվածությամբ, այսպես ասած` փորձում եմ Արցախում ստեղծել բիզնեսի միջավայր, որպեսզի փոքր բիզնեսը համախմբենք, եւ մեզ հաջողվի, որպեսզի զբաղվածության հարցը լուծենք: Շատ անելիք ունեմ:




Լրահոս