36-ամյա մրցավարը ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում ռեկորդ է սահմանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Goal պարբերականի փոխանցմամբ՝ ուզբեկ մրցավար Ռավշան Իրմատովը ռեկորդ է սահմանել ֆուտբոլի Աշխարհի առաջնության ժամանակ սպասարկած խաղերի թվով:

36-ամյա մրցավարը երեկ Բրազիլիայում վարել է Նիդերլանդների ու Կոստա Ռիկայի 1/4 եզրափակչի հանդիպումը: Այդ հանդիպումն Իրմատովի համար Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարերում 9-րդն էր: Նախորդ ցուցանիշը՝ 8 հանդիպում, պատկանում էր 3 մրցավարի. ֆրանսիացի Ժոել Կինյու, մեքսիկացի Բենտիո Արչունդի և ուրուգվայցի Խորխե Լարիոնդե:

World Referee պորտալի տվյալներով՝ ուզբեկ մրցավարը հոլանդացի Բյորն Կույպերսի հետ մեկտեղ հանդիսանում է Բրազիլիայում ընթացող Աշխարհի առաջնության լավագույն մրցավար: Երկու մրցավարների գնահատականն էլ կազմում է 7.7:

Նրանց հաջորդում են իտալացի Նիկոլա Ռիցոլի և թուրք Ջունեյթ Չաքըրը (7.6-ական): Իրմատովը ՀԱՀ-ի աշխարհի առաջնության ժամանակ վարել է 5 խաղ: 2012 թվականին նա սպասարկել է Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլային հանդիպումները, իսկ 2013 թվականին՝ Բրազիլիայում անցկացված Կոնֆեդերացիաների գավաթի հանդիպումները:




Լրահոս