Պաշտոնական Բաքուն դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ Հայաստանում գերեվարված ադրբեջանցու մասին տեղեկատվությունը պարզելու համար:
ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լլահա Գուսեյնովան ԱՊԱ գործակալությանը հայտնել է, որ տեղեկատվության հաստատման դեպքում ԿԽՄԿ-ն կօգտագործի իր մանդատը համապատասխան արարողակարգի իրականացման համար:
«Ադրբեջանական լրատվամիջոցը հիշեցնում է, որ Հայաստանը տեղեկատվություն է տարածել Քարվաճառի տարածքում Տերտերի շրջանի բնակիչ Շահբազ Ջալալի Գուլիևին գերի վերցնելու մասին», – գրում է ԱՊԱ-ն:
Լրատվամիջոցը մեջբերում է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկությունն այն մասին, որ Գուլիրշևը զինծառայող չէ:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները փոքր-ինչ հետ են մնացել իրադարձություններից, որոնք ի չիք են դարձնում Քարվաճառում գերեվարված ադրբեջանցուն ներկայացնելու նրանց ջանքերը:
Երեկ հայկական կողմի հակադիվերսիոն օպերացիայի ընթացքում սպանվել է Գուլիևի խմբի մեկ այլ անդամ, որի անունը դեռևս հայտնի չէ: Այն, որ ադրբեջանցիները դիվերսանտներ և հետախույզներ էին, հաստատում են նաև նրանց հատուկ պատրաստվածությունն ու հայերենի գերազանց իմացությունը: