ԿՆՈՐՈԳՎԵՆ 8-Ը

«Քաղաքապետարանում բոլորն են ինձ ճանաչում, անկեղծ ասած` ես էլ եմ արդեն ամաչում, երբ այնտեղ նորից եմ գնում, բայց ուրիշ ճար չունեմ»,-ասում է Կապանի Բաղաբերդ թաղամասի բնակիչ Վլադիմիր Միրզոյանը: 5-րդ հարկում են բնակվում` վախը սրտներում: Տանիքը խարխուլ է. առաստաղը ճաքճքել ու մաս-մաս ընկնում է, երկաթյա սարքավորումներն արդեն տեսանելի են: «Եթե 2 օր անձրեւ է գալիս, ապա 4 օրից ավելի ջրի դույլերն ու թասերը սենյակում են մնում: Այստեղ էլ թոռս ու տղաս են քնում: Ամեն առավոտ արթնանում ու փառք եմ տալիս Աստծուն»,-պատմում է 70-ամյա բնակիչը: Ցավոք, Կապանում սա միակ ընտանիքը չէ, որ այս խնդիրն ունի: Մարզկենտրոնի 200-ից ավելի բնակելի շենքերի տանիքները նորոգման կարիք ունեն, իսկ 70-ում հարցը հրատապ լուծում է պահանջում: Պատերը բորբոսնել են, մարդիկ իրենց տանը քիչ է մնում անձրեւանոցներով քայլեն, իսկ ահա խոնավության հոտի դեմ անհնար է պայքարել: «Բնակարանները չորացնելու համար այդքան էլեկտրաէներգիա չենք կարող ծախսել, առանց այն էլ բավականին գումարներ ենք վատնում տանիքը սեփական ուժերով «կարկատելու» համար, բայց, իհարկե, դա էլ չի օգնում»,-անկեղծանում են բնակիչները: Կառավարության որոշմամբ` պետբյուջեի պահուստային ֆոնդից Կապանի բազմաբնակարանային շենքերի տանիքների նորոգման համար 50 մլն դրամ է հատկացվել: Շինարարական աշխատանքները կիրականացնի մարզպետարանը, առաջնահերթ նորոգման կարիք ունեցողների ցանկը քաղաքապետարանի քաղաքաշինություն բաժինն արդեն ներկայացրել է: Կհիմնանորոգվեն քաղաքի 8 շենքերի տանիքներ, մեկ շենքի տանիքն էլ կնորոգվի մասնակի, բայց դեռ պարզ չէ, թե դրանք որ շենքերն են: Բնակիչներից յուրաքանչյուրը հուսով է, որ հենց իրենց շենքը կներառվի ցանկում:

ՄԵԼԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ