Հովիկ Աբրահամյանն ընդդեմ խնամո՞ւ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունը «հաջողությամբ» շարունակում է ստվերի դեմ պայքարը: Ի սկզբանե թատերական ուղղվածություն ունեցող այս ներկայացումը երբեմն-երբեմն հետաքրքիր դրսևորումներով է առանձնանում:

Մասնավորապես, տպավորիչ էր հրապարկումը, որով հայտնի դարձավ, թե Հովիկ Աբրահամյանը հիմա էլ ստվերից դուրս է հանում իր խնամուն՝ Գագիկ Ծառուկյանին: Հանկարծ պարզվել է, որ առյուծ-օլիգարխին պատկանող «Արարատ-ցեմենտը» պատշաճ կերպով չի կատարել փաստաթղթաշրջանառությունը՝ արդյունքում տասնյակ միլիոններ ոչ թե պետությանը վճարելով, այլ սեփական ֆիրմայի դրամարկղում թողնելով:

Այն, որ Գագիկ  Ծառուկյանը վատ հարկատու է ու նրան մեծ վերապահումով կարելի է հարկատու համարել, հին իրողություն է: Դժբախտությունը, սակայն, նրանում չէ, որ Գ. Ծառուկյանին հայտնի մեթոդներով մինչև հիմա հաջողվել է իշխանության հետ լեզու գտնել և հարկերը կիսատ-պռատ վճարել: Ավելի տհաճ ու հիասթափեցնող է, որ եթե ԲՀԿ առաջնորդի ձեռնարկությունը ոչ թե թատերական, այլ մանկավարժական ինստիտուտի չափ հարկեր սկսի վճարել, միևնույնն է, դրանից ոչինչ չի փոխվելու, միևնույնն է, Հովիկ Աբրահամյանը չի ցանկանալու կամ չի կարողանալու մի քանի տասնյակ միլիոն դրամից ավել «շարժ» ապահովել, հարկային հավաքագրումներում տեսանելի ու համոզիչ առաջընթաց արձանագրել:

Եվ ինչպես կարող է նոր վարչապետի խոստումն իրականանալ, երբ ինքը՝ վարչապետը նույնպես նույն խնդիրն ունի: Բոլոր ժամանակներում Հ. Աբրահամյանին բազմաթիվ բիզնեսներ են վերագրվել, բայց այդպես էլ այդ գործարար-պաշտոնյան հարկատուների շարքերում չի նկատվել… Իսկ այն, ինչ տեղի է ունենում նրա նախաձեռնությամբ, կարճ ժամանակ հետո հենց իրեն՝ Հովիկ Աբրահամյանին կհոգնեցնի ու շատերի նման վարչապետը նույնպես կհասկանա, որ երբ խոսքը վերաբերում է խոշոր բիզնեսը ստվերից հանելուն, իշխանությունն անզոր է ձեռքերը երկարել:

Դավիթ Վանեսյան




Լրահոս