Արմեն Գևորգյանի տեղակալների համեստ ապրուստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանավորների շրջանում շատ են դեպքերը, երբ նրանց տեղակալները կամ ավելի ցածր կարգավիճակում գտնվող աշխատակիցներն ավելի շատ դրամական միջոց կամ եկամուտ են ունենում, քան իրենց վերադասները: Դրա ապացույցը armlur.am-ի կողմից պարբերաբար ներկայացվող այս կամ այն պաշտոնյանյի տեղակալների դրամական միջոցներն են:

Սակայն այն, ինչ այսօր կներկայացնենք, բացառությունների շարքին կարելի է դասել: Խոսքը Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի տեղակալների մասին է: Ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած տվյալների՝ նրանք այնքան էլ շատ դրամական միջոցներ չունեն և ավելի համեստ են ապրում, քան իրենց այլ գործընկեր-տեղակալները:

Սկսենք նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանից: Հետաքրքիր է, որ նա առհասարակ դրամական միջոց չի հայտարարագրել: Ստացվում է, որ Տերտերյանն իր հաշվին ոչ մի դրամ չունի, սակայն նա մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրությունից 3 մլն 488 հազար դրամ է վաստակել: Մնում է կարծել, որ նախարարի տեղակալը միայն այդ գումարով է ապրում:

Արմեն Գևորգյանի մյուս տեղակալը՝ Ստեփան Բարսեղյանը, նույնպես փայլում է իր ոչ այնքան ակնառու դրամական միջոցներով: Նա հայտարարագրել է 3 մլն դրամ: Բնականաբար, Հայաստանում տիրող աղքատության պարագայում այդքան գումար ունենալը շքեղություն կարող է համարվել, բայց  պետք է նշել, որ Բարսեղյանի ունեցվածքն էականորեն զիջում է մի շարք նախարարների տեղակալների ունեցվածքին: Մեկ տարվա ընթացքում նա վաստակել է 1 մլն 990 հազար դրամ:

Տարածքային կառավարման նախարարի մյուս տեղակալը՝ Արտաշես Բախշյանն ունի 300 հազար դրամ և 3000 եվրո: Կրկին կարող ենք կարծել, որ այնքան էլ մեծ գումար չէ, բայց պետք է նկատել, որ Բախշյանը մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրություններից և վարձակալության դիմաց ստացված վճարից 7 մլն 760  հազար դրամ է վաստակել:




Լրահոս