«Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող Թևոս Սաֆարյանը` Կայարանցի Թևոսիկը, մոտ 2 ժամ քաղաքային հիվանդանոցում մնալուց հետո տեղափոխվել է ՔԿ հիմնարկ:
Ինչպես Armlur.am-ին հայտնեց Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը, Թևոս Սաֆարյանն աչքի բուժզննում է անցել, և բժիշկների կողմից բուժումներ են նշանակվել:
Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 27-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն Կայարանցի Թևոսիկի նկատմամբ:
Դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ կայացած դռնփակ դատական նիստում բավարարեց քննիչի միջնորդությունը, և Թևոսիկը տեղափոխվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Նա կասկածվում էր անձի առևանգում կատարելու մեջ:
Հիշեցնենք, որ դեռևս 2008 թվականի մայիսին մամուլում տեղեկություններ տարածվեցին, թե «Երևան» կինոթատրոնի մոտ գտնվող «Երևան սիթի» խանութի երիտասարդ աշխատողները 17 հազար դրամի պակասորդ են տվել, ինչի համար ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բարեկամները գերի են վերցրել երիտասարդ աղջիկներին, ու ըստ ճշտվող լուրերի՝ փորձել բռնաբարել նրանց:
Խոսակցություններ կային, որ երկու երիտասարդ աղջիկներին մի քանի օր շարունակ պահել են «Երևան սիթի» խանութի պահեստում: Տեղեկացնենք, որ այդ խանութի պահեստապետը Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետի առաջադրված միակ թեկնածու Դավիթ Օհանյանի եղբայրն էր: Այսինքն՝ ըստ մամուլի գնահատականների՝ ապագա թաղապետի ընտանիքի անդամները յուրահատուկ ընդունակություններ ունեին` երիտասարդ աղջիկ գողանալ ու պահել: Դե իսկ թաղապետի թեկնածուի կերպարը, ինչպես հիշում ենք, հետևյալն էր. նա Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատան դիմաց անցկացվող հակահիգիենիկ ակցիաների մի մասի ֆինանսավորողն էր` թաղապետարանի առևտրի բաժնի պետը: Բայց քանի որ բոլոր «միտինգավորների» հասանելիք գումարները չէր տվել, խաբել էր, վերջիններս գնացել էին թաղապետարան, աղմուկ բարձրացրել և գումարների մեծ մասը ստացել:
Առևանգված աղջիկներից մեկի հայրը իր տան սեփականության վկայականն էր բերել՝ 17 հազար դրամի դիմաց հանձնել խանութի վարիչին և իր դստերն ազատել գերությունից: Իսկ մյուս աղջիկը, որի եղբայրն աշխատում էր ոստիկանության 7-րդ վարչությունում, ըստ լուրերի, ազգակցական կապ ունի հայտնի քրեական հեղինակություն Թևոսիկի հետ: Դա է պատճառը, որ վերջինս միջամտել է գործին:
Դարձյալ ճշտվող տեղեկությունների համաձայն՝ Թևոսիկի հավատարիմ մարդիկ գնացել և «Երևան սիթի» խանութից գողացել էին Սամվել Ալեքսանյանի խանութի պատասխանատու բարեկամներին: Իսկ երբ Թևոսիկն Ալեքսանյանի հետ հեռախոսազրույցում առաջարկել է վերջինիս գալ և իր բարեկամներին տանել, ԱԺ պատգամավորը հրաժարվել է. վախեցել է գնալ, ինչի համար էլ մի երկու օր գերու կարգավիճակում են մնացել պատգամավորի բարեկամները:
Սամվել Ալեքսանյանը, իր սովորության համաձայն, անմիջապես զանգահարել է ոստիկանություն և անհրաժեշտ տեղեկությունները հաղորդելուց հետո խնդրել հետախուզում հայտարարել Թևոսիկի նկատմամբ, որպեսզի ինքը կարողանա անվտանգ լինել: Իսկ ոստիկաններն էլ, երիտասարդ աղջիկների առևանգման մասով գործին ընթացք տալու փոխարեն, շտապել են բավարարել Սամվել Ալեքսանյանի պահանջները:
Ըստ լուրերի՝ ավելի ուշ պատգամավորն ու Թևոսիկը կրկին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Թևոսիկը կրկին հայհոյել է Սամվել Ալեքսանյանին: Տեղեկություններ կային, որ Մալաթիայում գտնվող «Գոռ» խանութի սեփականատիրոջ եղբայր Գաբառը այդ օրերին ընդհատակում էր գտնվում, որպեսզի չընկնի Թևոսիկի կամ նրա հարազատների ձեռքը: Ի դեպ, Գաբառն էլ է Սամվել Ալեքսանյանի բարեկամներից:
Նշենք, որ ապրիլի 10-ին դատապարտյալների հիվանդանոցում Թևոսիկը տոնել է ծննդյան տարեդարձը։ Մոսկվայից Երևան էին ժամանել քրեական աշխարհում հայտնի մարդիկ, ովքեր ցանկանում էին մեծ շուքով նշել իրենց ընկերոջ ծնունդը։
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Երևանում սպանվել էր Թևոսիկի եղբայրը՝ Արթուր Սաֆարյանը։ Անհայտ անձը մի քանի անգամ կրակել էր նրա վրա, երբ վերջինս ցանկացել էր տուն մտնել: Սպանության կասկածանքով կալանավորվել են Իսրայել Սարգսյանն ու Տիգրան Ասատրյանը: