Քննարկվել է Արարատյան դաշտի ստորերկրյա քաղցրահամ ջրերի ավտոմատ կառավարման խնդիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման հայաստանյան գրասենյակի տնօրեն Անահիտ Սիմոնյանի /UNIDO/, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի /UNDP/, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Արուսյակ Ալավերդյանի /World Bank/ և Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի առաջատար բանկիր Խաչատուր Ավալյանի /EBRO/ հանդիպման ընթացքում քննարկվել են Արարատյան դաշտի ստորերկրյա քաղցրահամ ջրերի կառավարման խնդիրները: Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և աջակցության պատրաստակամություն ցուցաբերելու համար` նախարար Արամայիս Գրիգորյանն ընդգծել է. «Այսօր ցանկանում եմ խոսել մեր հանրապետության համար շատ կարևոր մի խնդրի` Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարներին սպառնացող վտանգի և դրա լուծման եղանակների շուրջ նախարարության կողմից մշակված ծրագրի մասին: Արարատյան դաշտի ջրավազանային ռեսուրսների ծավալները հստակեցված չեն, այսօր բոլորս խոսում ենք ջրային ռեսուրսներին սպառնացող վտանգների մասին` այդ հաշվարկների և դատողությունների ելակետ ընդունելով 1984 թ. կատարված հետազոտություններն են: Ուստի խնդիրը հիմնավորապես ուսումնասիրելու, համակողմանի լուծում տալու և ապագայում չսխալվելու նպատակով ՀՀ Բնապահպանության նախարարությունը առաջարկում է ուսումնասիրել և հստակեցնել Արարատյան արտեզյան ավազանի ջրային պաշարների ծավալները, հաշվարկել վերականգնվող ջրային պաշարի պոտենցիալը, և ըստ այդմ, անհրաժեշտ չափով կրճատել ջրօգտագործման ծավալները: Իսկ հետագայում կառավարման բնագավառում ռիսկայնությունը նվազեցնելու նպատակով պլանավորում ենք ներդնել Արարատյան դաշտի ջրօգտագործման ավտոմատ կառավարման համակարգը»:

ՀՀ ԲՆ ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդիա Նարիմանյանը մանրամասն ներկայացրել է Արարատյան դաշտում ապօրինի ջրօգտագործման և ապօրինի հորերի շահագործման հետևանքով առաջացած իրավիճակը, վնասի ծավալները նվազեցնելու ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերը և առաջիկա ծրագրերը: Այս ուղղությամբ Բնապահպանության նախարարությունն արդեն իսկ կատարել է ըստ հորի տրամագծի` միավոր հորի ավտոմատ կառավարման ներդրման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների և սարքավորումների հաշվարկները, բանակցել համապատասխան միջազգային փորձ ունեցող կազմակերպությունների մասնագետների հետ: Եվ այսօր խնդիրը կայանում է Արարատյան դաշտի բոլոր խորքային հորերի թիվը, դրանց տրամագծերը հստակեցնելու և ըստ այդմ` ավտոմատ կառավարման ներդրման համար անհրաժեշտ ծախսերի չափը որոշելու մեջ: Միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչները, ևս կարևորելով խնդիրը, իրենց տեսակետներն են հայտնել և խոստացել հնարավորության սահմաններում աջակցել ծրագրի իրագործմանը:

ՀՀ Բնապահպանության նախարարություն




Լրահոս