Քաղաքացուց փողը վերցրել են, տունը չեն տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացի Լիպարիտ Մանուկյանը՝ լսելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի արած հայտարարությունն այն մասին, որ այսուհետ վերջ է տրվելու զոռբայությանը եւ որեւէ մեկն այսուհետ չի կարողանալու խլել ուրիշի ունեցվածքը, որոշել է բաց նամակ գրել ՀՀ վարչապետին: Նա հայտնի «Գապբնակշին» ընկերության ապօրինությունների զոհն է. գնել է նորակառույց էլիտար շենքում բնակարան, հետո պարզվել է, որ նույն բնակարանը ընկերությունը վաճառել է այլ գնորդի:

Նամակը սկսվում է հիշեցումով. «Ձեզ հասցեագրված 12.06.2014թ. հ. 150-17582 դիմում- հայտարարությանը ոչ քաղաքապետարանից, ոչ էլ ձեզ հասցեագրված նամակից խնդրի լուծման առնչությամբ որեւէ պատասխան չեմ ստացել: Ոչ էլ Ա.Ն 2.16870-14 գրանցված դիմումին են պատասխանել (2014-06-16), որտեղ դժգոհում եմ նախորդ դիմումների նույնաբովանդակ պատասխանից: Ստացվում է՝ շնորհակալ պետք է լինեմ, որ կազմակերպված ձեւով խլել են իմ ունեցվածքը: Ձեր կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ Ազգային ժողովում հայտարարեցիք, որ ոչ ոք չի կարող, այսինքն՝ չենք թողնի, որ զոռբայությամբ կամ իր պաշտոնական դիրքը, լծակներն օգտագործելով տիրանա կամ խլի ուրիշի ունեցվածքը:

Պարզաբանում մաս առաջին

Ունենալով 1) օրինական ուժի մտած ԵԿԴ 2771/02/03 180.06.2010թ. 2) վարչական դատարանի ՎԴ4586/05/06 08.12.2011թ. 3) վերաքննիչ վարչական դատարան 28 հունիսի, 2012թ. որոշումները 3 տարի հանցավոր որոնումների պատճառով արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի հովանավորությամբ ԴԱՀԿ-ի աշխատակիցների՝ Ա.Հակոբյանի, Դ. Բեգինյանի, ավագ հարկադիր կատարող Գ.Սախյոնի սկսած 14.12.2009թ. մինչեւ 24.12.2012թ. ուղիղ 3 տարի բռնագանձում չկատարեց «Գապբնակշին» ընկերությունից: Այս իրավիճակը համեմատում եմ Խոջալուի դեպքերին, երբ հայկական զորամիավորումներն ազատ միջանցք տրամադրեցին ադրբեջանցի խաղաղ բնակչությանը փրկվելու: Այս պարագայում ԴԱՀԿ-ի աշխատակիցները միտումնավոր սողանցք թողեցին Գագիկ Պապոյանին անօրինական դրամահավաք կատարել բնակիչներից:

Ֆինանսների նախարարության անօրեն աշխատակից Հայկ Դավթյանի միջնորդությամբ 2011թ. մայիսի 20-ին կազմված հաշտության համաձայնագիրը, ԳԱՊ բնակշինի տնօրենի՝ Գագիկ Պապոյանի եւ Գոհար Կոստանյանի միջեւ, հիմք դարձավ դատավճռի կայացման, որից հետո 2011թ. մայիսի 27-ին իմ բնակարանը հանձնվեց նրան՝ անտեսելով 12.06.2010թ. 2771/02/03 դատավճռի կատարումը:

Պարզաբանում 2-րդ

2011թ. հոկտեմբեր ամսին հրավիրվեցի Ֆինանսների նախարարություն, որտեղ Հայկ Դավթյանն առաջարկեց հաշտության պայմանագիր կնքել «ԳԱՊ» բնակշինի տնօրենի հետ: Հրաժարվեցի, քանի որ ՍՊԸ-ի տնօրինությունը դատարանին խոստում էր տվել 25 օրվա ընթացքում բավարարել՝ պահանջված գումարը վերադարձնել, սակայն չկատարեց: Իր մասնակցությամբ կազմված հաշտությունը բացառեց նաեւ Հայկ Դավթյանը՝ հայտարարելով, որ եթե ՍՊԸ-ի տնօրինությունը վճարի, ինքը կխոչընդոտի այդ գործընթացին:

Պարզաբանում 3-րդ

Ծանուցում ստացա գլխավոր դատախազության կարեւորագույն գործերի քննչական վարչությունից, հրաժարվեցի ներկայանալ՝ պատճառաբանելով դատարանների վճիռների առկայությունը: Ծանուցում ստացա, ոստիկանի միջոցով բերման ենթարկվեցի. դարձրին տուժող:

Պարզաբանում 4-րդ

Քրեական գործով «ԳԱՊ» բնակշին տնօրեն Գ.Պապոյանի դատավարության ժամանակ դատավոր Ա.Վարդանյանի հարցմանը, թե ինչ պահանջ ունեմ Գ.Պապոյանից, պատասխանեցի, որ իմ պահանջը «ԳԱՊ» բնակշին ՍՊԸ-ից է: Իսկ քրեական գործով մեղադրող արդարադատության առաջին դասի խորհրդական Հ.Պ.Հարությունյանի որոշումից հետո ինձ (20 նոյեմբերի 2013թ.) պարզ դարձավ, որ իմ կնքված առք ու վաճառքի նախնական պայմանագրով 26.2007թ. Նոտարական գրասենյակի կողմից հաստատված բնակարանը, 2011թ. մայիսի 20-ի Հայկ Դավթյանի ուղեգրով, 2011թ. մայիսի 27-ի դատարանի վճռով տրամադրվել է Գոհար Կոստանյանին: Թող բարով վայելի, բայց գոնե ապրիլի 4-ի 2013թ. N 342-Ա որոշման մեջ հաշվի առնեին այն, որ իմ տված գումարը ներդրված է շենքի կառուցման մեջ: Այսինքն՝ մենք տվել ենք գումար, որն օգտագործվել է շենքի ծախսերի վրա եւ չեն վերադարձնելու վճարված գումարը մեզ՝ որպես տուժող: Եթե, հարցնենք որեւէ իրավաբանի, կամ մարդու իրավունքների պաշտպանի պ-ն Կարեն Անդրեասյանին, ուրիշ ի՞նչ անվանում պիտի տանք այս երեւույթին, եթե ոչ այն, որ նրանք խլել են բնակարանս:

Ես 1995թ-ից 2-րդ կարգի հաշմանդամ եմ, 2007թ-ից ինսուլտ եմ տարել, 2010թ. մինչ օրս չեմ կարողանում բուժում ստանալ: Հիմա էլ տունս են խլել: Ի՞նչ անեմ ես:

Չոլագյան 26 տուն, բնակիչներ՝ Լիպարիտ Մանուկյան եւ տիկին Նատալիա Ավագյան




Լրահոս