Վարչապետը հեռուստացույցից է տեղեկացել տնտեսական վիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լրացավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100-րդ օրը: Սովորաբար, սա այն ժամկետն է, երբ պաշտոնյան ամփոփում է իր պաշտոնավարման ընթացքում արձանագրված ձեռքբերումները, հանդես գալիս զանգվածային լրատվամիջոցներով` ներկայացնելով իր արածն ու չարածը: Բայց պարզվում է, որ Հովիկ Աբրահամյանն ինքն է հեռուստացույցից տեղեկացել տնտեսության վիճակի ու ցուցանիշների մասին:

Այսպիսով, Հովիկ Աբրահամյանը խախտելով ավանդույթը, ասուլիս հրավիրելու եւ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելու փոխարեն, գերադասել էր մեկնել Գյումրի, որտեղ, սակայն, նրան դիմավորեցին բողոքի ցույցով: Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս կգնահատեք ձեր պաշտոնավարման 100 օրը, Աբրահամյանը սկզբում փորձել է համեստ կեցվածք ընդունել.

«Դե, ժողովուրդը պետք է ասի, բայց ժողովուրդը պետք է հասկանա, որ մենք չունենք կախարդական փայտիկ, որ 100 օրում բոլոր խնդիրներին տանք լուծում, բայց իմ գնահատականը կլինի սուբյեկտիվ, մեր գործընկերները, հանրությունը, հասարակությունը թող տան, բայց մեր թիմը, նոր կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի խնդիրներին տա լուծում: Իհարկե դրա համար ժամանակ է պետք, ֆինանսական ռեսուրսներ են պետք, բայց որ մենք հետեւողական ենք եւ փորձելու ենք տալ լուծում, դա ակնհայտ է»:

Այնուամենայնիվ, Հովիկ Աբրահամյանը մի քանի գնահատական է հնչեցրել` ասելով, որ մեծ ձեռքբերումներ ունեցել են: «Եթե դուք հետեւում եք` մեր քայլերը տվել են իրենց արդյունքը: Այսօր ես հեռուստացույցով լսում էի, որ հարկային մարմինները ներկայացնում էին, որ քանի տեղ ստուգումներ են կատարվել, որտեղ նկատել են ռիսկեր, եւ ակնհայտ թղթաշրջանառությունից երեւում է դրական շարժը: Եվ դա շատ կարեւոր է մեզ` հունիսի 1-ից 10-ը մոտ 105 հազար հաշիվ ֆակտուրաների քանակ է ավելացել: Եվ շրջանառությունը` հունիսի 1-ից հունիսի 10-ը, մոտ 24 միլիարդով ավելացել է: Դա, իմ կարծիքով, ձեռքբերում է… Ունենալու է շարունակական բնույթ, եւ դա նաեւ բխում է մեր գործարարների շահերից` նորմալ աշխատեն հարկային դաշտում եւ հանգիստ քնեն գիշերները», – գործարարների քնի ու հանգստի մասին է մտահոգվել վարչապետը:

Նկատենք, որ սա նոր մոտեցում է տնտեսությանը, տնտեսական ոլորտի խնդիրներին, եւ առաջին անգամ է, որ վարչապետը մտահոգված է գործարարների քնով ու հանգստով: Նաեւ` առաջին անգամ է, երբ վարչապետը հայտարարում է, որ հարկահավաքչության վիճակի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից: Հետաքրքիր է նաեւ, թե ո՞ր հեռուստաալիքի ո՞ր հաղորդումից է վարչապետը տեղեկացել տնտեսության վիճակի մասին: Այնինչ` ենթադրվում էր, որ կառավարության ղեկավարին այդ մասին պետք է զեկուցեին պետական գերատեսչությունները: Բայց այս ամենն այնքան էլ կարեւոր չէ: Կարեւոր է մեկ այլ հանգամանք:

Քանի որ Աբրահամյանն իր պաշտոնավարման 100 օրվա ընդհանուր գնահատականը թողել է ուրիշներին, փորձենք ինքներս տնտեսական մի քանի ցուցանիշ համադրել ու տեսնել` իրո՞ք կառավարությունը ձեռքբերումներ ունեցել է, թե ոչ: Առավելեւս, երբ ԱՎԾ-ն նոր է հրապարակել առաջին կիսամյակի վիճակագրական տվյալները:

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ այս տարվա առաջին կիսամյակում արձանագրվել է 3.4 տոկոս տնտեսական աճ: Այս տարվա առաջին եռամսյակում, երբ վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, տնտեսական աճը պաշտոնական տվյալներով կազմել է 3.3 տոկոս, իսկ Աբրահամյանի օրոք, երեք ամիսների ընթացքում այն ավելացել է ընդամենը 0.1 տոկոսով: Իսկ դա նշանակում է, որ այս ընթացքում տնտեսությունը շարունակել է դոփել տեղում` իրականում լուրջ աճ չարձանագրելով:

Պատկերն ավելի ամբողջական է դառնում, երբ վերլուծում ենք մյուս ցուցանիշները եւս: Արդյունաբերական արտադրանքի ծավալներն այս կիսամյակում չեն աճել: Ընդ որում, եթե Տ.Սարգսյանի օրոք արդյունաբերության մեջ անկումը կազմել էր 2.8 տոկոս, ապա Աբրահամյանի պաշտոնավարման ընթացքում փորձ է արվել կանխել անկումը` բերելով այն զրոյական վիճակի: Թեեւ, երբ ցուցանիշները վերլուծում ենք ամսական կտրվածքով, ապա այս տարվա հունիսին արդյունաբերական արտադրանքի ծավալները նախորդ տարվա հունիսի համեմատ նվազել են 1 տոկոսով:

Գյուղատնտեսական արտադրանքի ծավալներն այս տարվա առաջին կիսամյակում աճել են 1.4 տոկոսով, ընդ որում` Տ.Սարգսյանի պաշտոնավարման երեք ամիսներին գյուղատնտեսության «ոլորտում» 5.2 տոկոս աճ էր գրանցվել, իսկ ահա Աբրահամյանի օրոք` երեք ամիսների ընթացքում աճը նվազել է: Ու սա այն ամիսներին, երբ սովորաբար գյուղատնտեսության ոլորտում ամենալավ շրջանն է: Շինարարության ծավալներում 0.4 տոկոս աճ է գրանցվել, իսկ հունվար-մարտ ամիսներին այդ աճը 0.7 տոկոս էր: Մի փոքր աճել են էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները. եթե հունվար-մարտին այստեղ անկումը 5.5 տոկոս էր, ապա հիմա անկումը 3.2 տոկոս է դարձել: Այլ կերպ ասածª պետք է ուրախանալ, որ տնտեսության մեջ հետեւողական անկումը գոնե կանգ է առել: Առեւտրի շրջանառությունն ավելացել է 5.6 տոկոսով: Իսկ արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում պատկերն առանձնապես հիացական չէ. այստեղ գրանցվել է 1 տոկոս աճ, ընդ որում` առաջին եռամսյակում 0.6 տոկոս էր աճը, հիմա ցուցանիշը բարելավվել է 0.4 տոկոսով: Արտահանման ոլորտում այս կիսամյակում աճը 0.8 տոկոս է կազմել, ներմուծման ոլորտում` 1.1 տոկոս:

Այս բոլոր ցուցանիշներից հետո կարելի է ընդամենը եզրակացնել, որ տնտեսության ոլորտում առանձնապես շարժ դեռեւս այս 100 օվա ընթացքում չի գրանցվել: Թեեւ, այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, երբ եթե տնտեսության մեջ անկում չկա, ապա դա ինքնըստինքյան մեծ ձեռքբերում է համարվում:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս