Ռեկտորի սպանված եղբայրը սիրահետել է ռազմական ոստիկանության աշխատակցի կնոջը

Ռեկտորի սպանված եղբայրը սիրահետել է ռազմական ոստիկանության աշխատակցի կնոջը

Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող Արման Կատունյանին դեռևս մեղադրանք չի առաջադրվել: Այս մասին Armlur.am-ին հայտնեց Ա. Կատունյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը` հավելելով, որ իր պաշտպանյալն ինքնակամ է ներկայացել ոստիկանություն:

Անդրադառնալով լրատվամիջոցներում շրջանառվող այն վարկածին, թե Հարություն Գրիգորյանի սպանությունը տեղի է ունեցել խանդի պատճառով, պաշտպանը նշեց, որ Կատունյանի կնոջ և Գրիգորյանի միջև եղել են ոչ թե մտերմիկ հարաբերություններ, այլ պարզապես տուժողն է տևական ժամանակ սիրահետել Կատունյանի կնոջը, իսկ ամուսիններն էլ փորձել են կանխել Գրիգորյանի հետագա գործողությունները:

«Եղել են ոչ թե մտերմիկ հարաբերություններ, այլ` սիրահետելու փորձեր»,- պարզաբանեց Երվանդ Վարոսյանը:

Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել հունիսի 24-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում: Գետք համայնքի չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում հայտնաբերվել է Հարություն Գրիգորյանի դին: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր և հրազենային չորս վնասվածք` որովայնի, թիկունքի և ձեռքի հատվածներում:

Գրիգորյանի սպանության գործով ձերբակալվել է ՀՀ ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանը: