Նախարար Արտեմ Ասատրյանն ու նրա տեղակալները չափից դուրս համեստ են ապրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ադատրյանն իր ՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրում բավական համեստ է գտնվել և նշել է միայն դրամական միջոցներ և տարեկան եկամուտ: Ըստ հայտարարագրի՝ նա չունի որևէ անշարժ կամ շարժական գույք:

Armlur.am-ը հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից տեղեկացավ, որ Արտեմ Ասատրյանն ունի 30 մլն դրամ: Իսկ 2013թ. նրա եկամտի միակ աղբյուրը եղել է աշխատավարձը, որն էլ կազմել է 1 մլն 124 հազար դրամ:

Այսօր armlur.am-ը կանդրադառնա նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալների հայտարարագրերին:

Նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանն իր վերադասից ավելի քան համեստ է գտնվել և նույնիսկ ոչ մի դրամական միջոց չի հայտարարագրել: Պետք է նկատել, որ նա իր պաշտոնը զբաղեցնում է 2005թ. և զարմանալի է, որ այժմ ոչ մի դրամ էլ չունի: Այս ամենի հետ մեկտեղ՝ աշխատանքի վարձատրությունից և ստացված փոխառություններից Պետրոսյանը, ընդհանուր առմամբ, ռեկորդային 11 մլն դրամ է վաստակել: Ստացվում է՝  «հետ գցած» գումարներ դեռ չունի, բայց եկամտից էլ չի դժգոհում:

Տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը, թեև իր դրամական միջոցները նշել է, սակայն դրանք իրենց պարզությամբ ուղղակի զարմացնում են: Հայտարարագրի տվյալների համաձայն՝ նա ունի 360 հազար դրամ և 20 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում աշխատանքի վարձատրությունից, տրված փոխառություններից ստացված եկամուտի շնորհիվ վերջինս 3.5 մն դրամ է վաստակել:

Ջեմմա Բաղդասարյանն էլ, փաստորեն, ունի միայն 2 մլն դրամ: Եթե դա համեմատենք իր գործընկեր Արայիկ Պետրոսյանի հետ, բնականաբար, նա լավ դիրքերում է գտնվում, սակայն այլ նախարարների տեղակալների հետ համեմատ՝ բնականաբար, զիջում է իր դիրքերը: Իսկ միայն աշխատանքի վարձատրությունների շնորհիվ Բաղդասարյանը կարողացել է 4 մլն 137 հազար դրամ վաստակել:

Արտեմ Ասատրյանի մյուս տեղակալը՝ Շամամ Հարությունյանը, շատ ավելի վատ վիճակում է գտնվում, քան իր բոլոր գործընկերները: Նա ոչ մի դրամական միջոց չունի, և ի հավելումն այս ամենի՝ 1 տարվա ընթացքում աշխատանքի վարձատրություններից, գույքը օտարելուց ստացված գումարից ապահովել է 4 մլն դրամ եկամուտ:




Լրահոս