Եթե Ռուսաստանը չխանգարի խաղաղությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի հետ ՀՀ եւ ԼՂՀ սահմաններին վերջին օրերի ունեցած միջադեպերն ու շարունակվող լարվածությունը կարելի է աննախադեպ համարել. 1994թ. զինադադարի հաստատումից հետո, թերեւս, առաջին անգամն էր, որ սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները նման լայնածավալ բնույթ ստացան: Բարեբախտաբար, բանը չհասավ պատերազմական գործողությունների վերսկսման, չնայած` դատելով զորքերի շփման գծում ակտիվությունից, ցանկացած պահի դա հնարավոր էր:

Զինված ուժերի շփման գոտում հատկապես լարված էր օգոստոսի 1-2-ի գիշերը: Ասկերանի ուղղությամբ ձեռնարկված կանխարգելիչ գործողության արդյունքում հակառակորդը տվել է 9 զոհ եւ 7 վիրավոր, իսկ Մարտակերտի ուղղությամբ հետախուզադիվերսիոն գործողություն ձեռնարկած հակառակորդի շուրջ 50 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանումը հետ է շպրտվել իր ելման դիրքերը` տալով 6 զոհ եւ 7 վիրավոր:

Ընդհանուր առմամբ, պաշտոնական տվյալներով, ադրբեջանական բանակը հուլիսի 28-օգոստոսի 4-ը շփման գծի տարբեր հատվածներում իրականացրել է հետախուզադիվերսիոն գործողության 5-ից ավելի փորձ: Դիվերսիայի փորձերը բարեհաջող կանխվել են, սակայն կան նաեւ զոհեր ու վիրավորներ: Հայկական կողմը, ըստ պաշտոնական հաղորդագրության, տվել է 7 զոհ եւ 7 վիրավոր, իսկ Ադրբեջանը` 25 զոհ եւ 30-ից ավելի վիրավոր /Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ նրանք ունեն 16 զոհ/:

Երբ արդեն ուշ է, ուշը` մշուշ է

Իրավիճակը փոքր-ինչ հանդարտվեց միայն միջազգային հանրության միջամտությունից հետո. սահմանին տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ իրենց անհանգստությունն են հայտնել ու կողմերին զսպվածության կոչ արել ԱՄՆ պետդեպարտամենտը, ՌԴ ու ԵՄ ԱԳ նախարարությունները, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Կատարվածին արձագանքել են անգամ` հարեւան Վրաստանն ու Իրանը:

Սակայն նկատենք, որ միջազգային հանրությունը սահմանային միջադեպերին արձագանքել միայն օգոստոսի 2-ից, երբ Ադրբեջանը սահմանի տարբեր հատվածներում լայնածավալ գործողություններ էր իրականացրել` ստանալով նույնքան ՙլայնածավալ՚ պատասխան: Այսինքն` միայն այն ժամանակ, երբ պատերազմի վերսկսումը բավական մոտ էր թվում: Մինչդեռ, հատկապես հուլիսի 28-ից սկսած Ադրբեջանը պարբերաբար խախտում էր հրադադարի ռեժիմը` գնդակոծելով անգամ սահմանամերձ գյուղերը: Բայց այդ ժամանակ ոչ ԵԱՀԿ ՄԽ երկրների արտաքին գերատեսչությունները, ոչ էլ անգամ ՄԽ համանախագահները չարձագանքեցին կատարվածին ու չդատապարտեցին այն: Թեեւ` նկատենք, որ անգամ Հայաստանը որեւէ քայլ չարեց նրանց ուշադրությունը հրավիրելու համար:

Ջայլամային քաղաքականությունը շարունակվում է

Նկատենք, որ այդ վախվորած, կիսագաղտնի գործելաոճը շարունակվում է նաեւ հիմա. սահմանային միջադեպերից հետո ՀՀ ԱԳՆ-ն Էդվարդ Նալբանդյանի միջոցով կեսբերան հայտարարություն անելուց բացի որեւէ ակտիվություն չի ցուցաբերում: Ընդ որում, սահմանային միջադեպերից հետո ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարությունների արձագանքներն առավել քան նման էին. նրանք երկուսն էլ միմյանց մեղադրում էին խաղաղ գործընթացին վնասող սադրիչ քայլերի դիմելու, հրադադարը խախտելու մեջ` միջազգային հանրությանը կոչ անելով պատժամիջոցներ կիրառել մեղավորի նկատմամբ:
Փոխարենը ՀՀ պաշտպանության նախարարությունն էր այս օրերին օպերատիվ. ՀՀ ՊՆ հայտարարություններն ու հաղորդագրությունները ոչ միայն ռազմական, այլեւ` դիվանագիտական կառույցի խոսք էին հիշեցնում:

Ավելին, երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ԱԺ-ում մոտ 2 ժամ փակ հանդիպում էր ունեցել ՀՀ ԱԺ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների ու ԱԺ փոխնախագահների հետ, ներկայացրել տեղի ունեցածը, քննարկել ստեղծված իրավիճակը: Մինչդեռ Էդվարդ Նալբանդյանի հետ ԱԺ պատգամավորներին տեւական ժամանակ է` որեւէ կերպ չի հաջողվում հանդիպել. Նալբանդյանը հավերժական «վոյաժների» մեջ է:

Հանդիպման վայրը փոխել չի կարելի

Օգոստոսի 1-2-ի սահմանային միջադեպերից հետո ՌԴ-ն հանդես եկավ Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ: Արդեն հայտնի է, որ հանդիպումը տեղի կունենա Սոչիում` օգոստոսի 8-9-ին: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այս առնչությամբ երեկ հայտարարել է, թե Սոչիում նախատեսվում են Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիևի առանձին հանդիպումները Վլադիմիր Պուտինի հետ:  «Երբ նրանք բոլորը միեւնույն ժամին միեւնույն վայրում հայտնվեն, երեւի թե անհնար կլինի շրջանցել Լեռնային Ղարաբաղի մասին խոսակցությունը: Բայց թե ինչպես դա կկազմակերպվի` կախված է մեզանից՚»,- նշել է նա: Ենթադրվում է, որ բացի Պուտինի հետ հանդիպումից, կլինի նաեւ Սարգսյան-Ալիեւ առանձնազրույց:

Հավասարում` բազմաթիվ անհայտներով

Սահմանին նման լայնածավալ ռազմական գործողությունները, թերեւս, պատահական չէին: Հասարակական-քաղաքական շրջանակներում տիրապետող է տեսակետը, որ սա աշխարհաքաղաքական մեծ խաղի մի մաս է, որում Հայաստանն ու Ադրբեջանն ընդամենը գործիք են: Ըստ այդմ, կարծիք կա, որ սահմանային միջադեպերի թիկունքում կանգնած են գերտերությունները, մասնավորապես` ՌԴ-ն:

Նպատակը մեկն է` կամ զորքերի շփման գծում սրել իրավիճակը, մի քանի մեծամասշտաբ ռազմական գործողությունից հետո, օգտվելով առիթից, միանգամից խաղաղարար ուժեր տեղակայել` այդպես ամրապնդելով տարածաշրջանում ռազմական ներկայությունը /այե առումով, թերեւս, արժի հիշել Պուտինին Զորի Բալայանի հայտնի նամակը/: Մյուս կողմից, սա հարմար առիթ է` ստիպել Ադրբեջանին մտնել ԵՏՄ` փոխարենը խոստանալով լուծել ԼՂ խնդիրը: Ընդ որում, ինչպես պնդում են վերլուծաբանները, ՌԴ-ն, որը հավասարապես զենք է մատակարարում երկու կողմերին, կարող է իրավիճակը փոխել ցանկալի ուղղությամբ:

Ի դեպ, օգտվելով ռազմական գործողությունների վերսկսման պատրվակից, ԱՄՆ-ը եւս դեմ չէր լինի իր ռազմական ներկայությունն ապահովվել տարածաշրջանում՝ խաղարարի կերպարով:

Տեղի ունեցածն ըստ էության ձեռնտռու էր ՌԴ-ին մեկ այլ առումով. ուկրաինական ճգնաժամից հետո ՌԴ-ն հայտնվել է աննախանձելի վիճակում: Սակայն այն բանից հետո, երբ հենց Պուտինի հրավերից հետո Սարգսյանն ու Ալիեւը համաձայնվեցին հանդիպել, սա լավագույն առիթն է ցույց տալու, որ ՌԴ-ն չի կորցրել իր դիրքերը Հարավային Կովկասում:

Ի վերջո, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան վերջին շրջանում բազմաթիվ փորձեր արեցին կազմակերպելու Ալիեւ-Սարգսյան հանդիպում, բայց դա հաջողվեց միայն ՌԴ-ին:
Սպասենք զարգացումներին՝ հուսալով, որ իրադարձությունները կգնան դեպի խաղաղության:

Արման Գալոյան




Լրահոս