ՌԴ շուկայում եղած արգելքից օգտվում են հայ գործարարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Դաշնությունն օրերս արգելել է մսի, ձկնեղենի, պանրի, կաթի և կաթնամթերքի, ինչպես նաև՝ մրգի և բանջարեղենի ներմուծումը Եվրամիության երկրներից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Կանադայից և Նորվեգիայից:

Այս կապակցությամբ վերջերս Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ռուսաստանյան շուկայում շատ մեծ հնարավորություններ են ստեղծվել գյուղատնտեսական մթերք արտադրողների համար: Այս և այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի հետ:

-Այս առումով Հայաստանի համար բավականաչափ մեծ և հիանալի հնարավորություն է ստեղծվում, որպեսզի և՛ թարմ, և՛ վերամշակված արտադրանքը կարողանանք ամբողջությամբ արտահանել: Սա եզակի ու մեծ հնարավորություն է, որից ձեռնարկատերերը պետք է ուղղակի օգտվեն:

– Եվ ի՞նչ աշխատանքներ եք տանում հիմա այդ նպատակով:

-Բոլոր այն խոշոր, հայտնի վերամշակող ձեռնարկություններն իրենց կապերն ու պայմանագրերն ունեն և աշխատում են: Նրանք որևէ խնդիր չունեն արտահանման համար: Այս պահին ԳՆ-ին միայն հետաքրքրում են փոքր ձեռնարկությունների խնդիրները, որոնք ավելի փոքր ծավալներով են ապրանք արտադրում: Այս կապակցությամբ մոտ օրերս ԳՆ-ում խորհրդակցություն էր հրավիրվել, որին մասնակցեցին նաև փոքր և միջին վերամշակող ձեռնարկությունների ներկայացուցիչները: Արդյունքում՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց հատկապես արտահանում իրականացնող կազմակերպությունների հետ:

– Իսկ մթերող ընկերությունները հայ գյուղացիներից ի՞նչ են մասնավորապես գնում:

– Բազմաթիվ վերամշակող ձեռնարկություններ այսօր գյուղացուց ընդունում են լոլիկ, սմբուկ, պղպեղ, վարունգ և այլն: Նշեմ, որ այս պահի դրությամբ մթերված բանջարեղենի ծավալները կրկնակի անգամ գերազանցում են անցյալ տարվա այս ժամանակահատվածի մակարդակը: Ամենակարևորն այն է, որ մթերող ձեռնարկություններն անսահմանափակ պահանջ են ներկայացնում բանջարաղենի նկատմամբ:

-Վերամշակող ընկերությունները որքանո՞վ են գյուղացուց ձեռք բերում ապրանքը:

-Այս տարի զգալիորեն ավելացել են լոլիկի մթերման գները, որը մեծ պահանջարկ ունեցող մթերք է: Նախորդ տարի վերամշակող ընկերություններն այն գյուղացիներից վերցնում էին 32-33, իսկ այս տարի՝ 40 դրամով: Հնարավոր է նաև՝ ավելի բարձր գներով կատարվի լոլիկի մթերումը: Իսկ սմբուկը մթերվում է 50-70, պղպեղը՝ 80-130 դրամով:

-Պարո՛ն Պետրոսյան, կանխի՞կ տարբերակով են վերամշակող ընկերությունները վճարում գյուղացիներին, թե՞ ապառիկ:

-Հիմնականում վճարումները կատարվում են կամ նույն օրը կամ էլ՝ մեկ-երկու օրվա ընթացքում: Եվ այս պահի դրությամբ մենք կոնկրետ վճարումների մասով ոչ մի դժգոհություն չունենք:

զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ




Լրահոս