Իշխանական ճամբարում բացահայտ պայքար է սկսվել Սերժ Սարգսյանի իրավահաջորդի տեղի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական ճամբարում բացահայտ պայքար է սկսվել, թե ով է դառնալու Սերժ Սարգսյանի իրավահաջորդը: Ներկուլիսային այդ խմորումներն ակներեւ դարձան հատկապես սահմանին տեղի ունեցած միջադեպերի համատեքստում:

Ակնհայտ է, որ կաղ բադիկի սինդրոմը Սերժ Սարգսյանի մոտ ժամանակից շուտ է սկսվել, եւ այն գնալով ավելի է խորանում: Նախագահական ընտրություններից մեկ ու կես տարի է անցել, բայց իշխանության ներսում Ս.Սարգսյանը կամաց-կամաց կորցնում է ազդեցությունն ու վերահսկողությունը:

Իսկ սահմանային միջադեպերի ժամանակ Ս.Սարգսյանի պահվածքը ցույց տվեց, որ նա իրողություններին համարժեք չի արձագանքում. հակառակ այդ օրերին սահմանին աճող լարվածությանը, նա գերադասեց մեկնել Բելգիա` մասնակցելու Առաջին աշխարհամարտի 100-ամյակի միջոցառումներին: Մինչդեռ, Սահմանադրությամբ երկրի գլխավոր-գերագույն հրամանատարը պարտավոր էր լինել երկրի ներսում, հարկ եղած դեպքում` անձամբ այցելել սահմանամերձ գյուղեր ու զորամասեր: Իսկ օտարերկրյա պետությունների ղեկավարներին սահմանային միջադեպերը նա կարող էր ներկայացնել ոչ թե Բելգիայում, այլ՝ հեռախոսով, կամ էլ ԱԳ ղեկավարությանն ու դեսպաններին համապատասխան հանձնառությամբ գործուղելով:

Եվ այդ օրերին, ինչպես հիշում եք, Հայաստանում միայն երկու պաշտոնյա էր ակտիվ գործունեություն ծավալում` վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ընդ որում, նրանցից յուրաքանչյուրն իրեն անուղղակի կերպով նաեւ նախագահական որոշակի գործառույթներ էր վերապահել. պահվածք, որն ամենեւին էլ պատահական չէր, եւ անուղղակի կերպով ի ցույց դրեց նրանց թաքուն նկրտումները: Մանավանդ որ այդ ընթացքում նրանք փորձեցին անուղղակի կերպով խանգարել իրար:

Հրադադարի խախտումներից ու դիվերսիաներից հետո Հովիկ Աբրահամյանը պարբերաբար մեկնում էր Տավուշի մարզ` գնդակոծության ենթարկված սահմանամերձ գյուղեր, առաջին գծում տեղակայված զորամասեր: Նա մասնակցեց նաեւ սահմանին զոհված հայ զինծառայողի թաղմանը: Աբրահամյանը նույնիսկ մի քանի հայտարարություն արեց ստեղծված իրավիճակի վերաբերյալ` Ադրբեջանին նախազգուշացնելով. «Մենք չենք վախենում պատերազմից եւ պատրաստ ենք մեր հողն ու ջուրը պաշտպանել: Ուղղակի 21-րդ դարում պատերազմով խնդիր լուծելը խելամիտ որոշում չէ, սակայն մենք նաեւ պարտավոր ենք մեզ պարտադրված պատերազմն ընդունել եւ հաղթել»: Հետո նա փորձեց մտնել քաղաքական դաշտը միավորողի կերպարի մեջ. պատգամավորների հետ նա մեկնեց Ղարաբաղ` առաջին գիծ, նույնիսկ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ գիշերեց խրամատներում: Ասել է թե՝ Աբրահամյանն արեց այն, ինչը պետք է աներ երկրից բացակայող գլխավոր գերագույն հրամանատարը: Ընդ որում, այս բոլոր գործողություններն արվում էին նախագահական քարոզարշավ հիշեցնող PR-ի համակցությամբ:

Նույնկերպ իրեն պահեց նաեւ Սեյրան Օհանյանը. ընդ որում, նա ստանձնել էր միանգամից մի քանի գործառույթ. նա հանդես եկավ ոչ միայն որպես պաշտպանության նախարար, այլեւ` որպես ԱԳ ու առողջապահության նախարար. համենայն դեպս, Օհանյանն այդ օրերին զբաղված էր ոչ միայն բանակի խնդիրներով, այլեւ` ակտիվ դիվանագիտական շփումների մեջ էր օտարերկրյա դեսպանների հետ` հանդես գալով համատեղ հայտարարություններով:

Այդպես ՊՆ-ն համատեղ հայտարարություն արեց եւ ՌԴ-ի, եւ ԱՄՆ-ի դեսպանատան հետ: Բացի այդ, նա ակտիվ այցելում էր սահմանային միջադեպերի արդյունքում հոսպիտալում հայտնված զինվորներին, տեսակցում նրանց հետ: Ավելին՝ Օհանյանն այդ օրերին նաեւ փորձեց միավորել քաղաքական դաշտը. ԱԺ խմբակցությունների ղեկավարների հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարի հետ, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, տեղի է ունեցել Օհանյանի անձնական նախաձեռնությամբ: Նույն աղբյուրների պնդմամբ՝ հանդիպման ժամանակ խնդրել է, որպեսզի, ելնելով ստեղծված իրավիճակից, քաղաքական ուժերը միասնական հայտարարություն անեն, նաեւ` զինվորների մարտական ոգին բարձրացնելու համար միասին մեկնեն առաջին գիծ: Բոլոր խմբակցությունները համաձայնվել են այդ առաջարկին:

Ու պատահական չէ, որ հայտարարությունից հետո իշխանությունները հրճվանքով էին խոսում արտաքին թշնամու դեմ քաղաքական դաշտի միավորման մասին, ոմանք էլ` ձեռքի հետ շեշտում այդ գործում նախարարի դերակատարումը: ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի անգործության ֆոնին Սեյրան Օհանյանի քայլերն ավելի աչքի ընկան: Եվ առանց չափազանցնելու կարելի է պնդել, որ այս պահին նա ամենաբարձր վարկանիշ ունեցող նախարարն է:

Այս մրցավազքում աննկատ չմնաց նաեւ ժառանգորդի թեկնածուների` միմյանց խանգարելու փորձերը: Օհանյանին հազիվ հաջողվել էր մեկ սեղանի շուրջ հավաքել ԱԺ բոլոր խմբակցություններին, երբ Հ.Աբրահամյանը մտնելով պատգամավորների` ԼՂ մեկնելու նախաձեռնության մեջ, փորձեց այցն «իրենով անել»: Միայն թե դրանով, ըստ էության, խափանեց «միավորման» գործընթացը. ՀԱԿ խմբակցությունը հայտարարեց առաջին գիծ մեկնելուց հրաժարվելու մասին` մատնանշելով. «Ակնհայտ է, որ Հ.Աբրահամյանը, տեղեկանալով ԱԺ խմբակցությունների միջեւ օգոստոսի 4-ին ձեռք բերված համաձայնության մասին, որոշել է օգտագործել այն սեփական անձի գովազդման նպատակով, ինչպես նաեւ, կցելով խորհրդարանական պատվիրակությունն իրեն, փոխարինել ազգային շահերի շուրջ համախմբան խորհրդանիշը` իշխանության շուրջ համախմբման պատրանքով:

…ՀԱԿ-ը, հետեւաբար մերժում է Հ.Աբրահամյանի քարոզարշավին մասնակցելու հրավերը եւ վերահաստատում իր պատրաստակամությունը իրականացնելու Ս.Օհանյանի հետ օգոստոսի 4-ին ձեռք բերված պայմանավորվածությունները` զորամասեր եւ շփման գիծ կատարվելիք ինչպես համատեղ, այնպես էլ առանձին այցերի վերաբերյալ»:

Ճիշտ է, հետո Աբրահամյանը կարողացել էր իր հետ ԼՂՀ տանել դե յուրե ՀԱԿ խմբակցության անդամ, սակայն տեւական ժամանակ Կոնգրեսից անկախ գործող Հրանտ Բագրատյանին, սակայն ակնհայտ է` սա այլեւս այն չէր: «Ժողովուրդ»ի տեղեկություններով՝ Օհանյանը վատ է ընդունել Աբրահամյանի քայլը, իսկ թե ինչ տեսքով նա կհակադարձի, պարզ կդառնա առաջիկայում:

Իսկ մինչ այդ, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, իշխանության ներսում դեռ չկա վերջնական որոշում` ով է լինելու ժառանգորդը:

Արման Գալոյան




Լրահոս