Հղիությունն ու զոմբիների դեմ պայքարը համատեղելի չեն. Միլա Յովովիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չարիքի ապաստարանը» ֆիլմի երկրպագուները հիասթափություն են ապրում: Այդ շարքի նոր ֆիլմի նկարահանումները հետաձգվել են գլխավոր դերակատարի՝ Միլա Յովովիչի հղիության պատճառով: 38-ամյա դերասանուհին խոստովանել է, որ ինքն ու ամուսինն իրենց երկրորդ երեխային են սպասում, և այդ պատճառով նկարահանումները ստիպված կլինեն հետաձգել:

Ֆեյսբուքյան իր էջում Յովովիչը գրել էր. «Այս գրառումը պետք է լիներ այն մասին, թե ինչպես եմ ես ուրախանում Քեյփթաուն մեկնելու համար, որպեսզի սկսեմ «Չարիքի ապաստարան» ֆիլմի վրա աշխատել: Սակայն մենք ամուսնուս՝ Փոլի հետ, հանկարծակի պարզեցինք, որ ևս մեկ երեխայի ենք սպասում»:

Խորհրդակցելով՝ ամուսինները որոշել են հետաձգել նկարահանումները մինչև փոքրիկի ծնվելը: «Մենք որոշեցինք, որ հղիությունն ու զոմբիների դեմ պայքարն այնքան էլ լավ չեն համադրվում, – նշել է Յովովիչը: Հավանաբար, միակ բանը, որ ես մոտ ժամանակներս կոչնչացնեմ, մեծ թվով բլիթները կլինեն»:

Hollywood Reporter-ը հիշեցնում է, որ Միլա Յովովիչն ու Փոլ Անդերսն ամուսնացել են 2009-ին, իսկ դրանից 2 տարի առաջ ծնվել էր նրանց առաջին դուստրը՝ Էվերը:




Լրահոս