Հիվանդ երիտասարդներին բանակ զորակոչելու ողբերգական հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս 2011 թվականի հոկտեմբերին լուրեր տարածվեցին, թե այդ ժամանակ 19-ամյա ժամկետային զինծառայող Ժորա Մկրտչյանին, ով ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասում, բռնաբարել և դաժանաբար ծեծել են: Սակայն ավելի ուշ բժիշկները ներկայացրել են այլ իրավիճակ` Ժորա Մկրտչյանին չեն բռնաբարել, միայն ծեծել են: Բժշկի խոսքերով` Ժորան ինտելեկտով սկզբից էլ չի փայլել, և դժվարությամբ, բայց դուրս է եկել սուր փսիխոզից:

Հետագայում, երբ Երևանի կայազորի հոգեբուժական բաժանմունքում «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ժորայի հետ, վերջինս, աչքերը «սառած», անընդհատ մի ուղղությամբ է նայել, խոսել շատ ցածր ձայնով և վախեցած:

«Պոստեր էինք պահում, իմ հետ լավ մարդ էլ կար, վատն էլ»:  Ժորան ասել է, որ իր հետ իր ծառայակից ընկերներն են կռվել. «Ասում էին` դու քո ինքնասիրությունը չհարգող տղա ես, բայց ես ոչ մի բան չեմ արել, իրանք ինձ փետով ծեծել են` Մովսեսը, երկու հոգի` Վաչիկն ու Աբոն, բայց Աբոն իմ հետ մի քիչ լավ էր, բայց հետո ինքն էլ ծեծեց»:

Այդքանով հանդերձ՝ Ժորա Մկրտչյանն ասել է, որ ինքը կգնա բանակ, եթե ասեն գնա. «Հա՛, կերթամ, եթե ասեն՝ գնա, կերթամ»: Պատմել է նաև, որ ծառայակից ընկերներն իրեն միշտ պոստի են կանգնեցրել, թույլ չեն տվել «մատրասի» վրա քնել, այնուհետև ասել է, որ վատ երազներ է տեսնում՝ ինչ-որ ակնոցով մարդ ուզում է իր կոկորդը կտրել…

Ի դեպ, Երևանի կայազորի հոսպիտալի աշխատակիցները նշում են, որ իրենց մոտ այնպիսի զինվորների են բերում, ովքեր ի ծնե խնդիրներ ունեն:

Տեղեկացնենք, որ այս գործով դատապարտվել են Ժորայի երկու ծառայակից ընկերները` Ալբերտ Առաքելյանը` 11 ամիս 27 օր ժամկետով, Վաչիկ Գրիգորյանը` 2 ամիս 28 օր ժամկետով, իսկ Մովսես Բադալյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել:

Մեկ այլ դրվագով ամբաստանյալի աթոռին են հայտնվել ժամկետային զինծառայողներ, ովքեր, նրանց ծնողների պնդմամբ, առողջական լուրջ խնդիրներ են ունեցել նախքան զորակոչվելը:

Խոսքը հայտնի «Կանազի» գործի մասին է, երբ բուժանձնակազմի և զինծառայողների միջև ծեծկռտուքի պատճառով ամեն բան վերահսկողությունից դուրս էր եկել:

Armlur.am-ի հետ զրույցում ամբաստանյալ Ռազմիկ Մանուկյանի մայրը` Աննա Կարապետյանը, վստահեցրեց, որ նախքան զորակոչվելն իր որդին արդեն իսկ առողջական խնդիրներ ունեցել է, սակայն դա հաշվի չառնելով՝ նրան զորակոչել են:

Ամբաստանյալի մոր փոխանցմամբ` ինքն այդ ժամանակ վիրահատվել է, և ՊՆ առընթեր հանձնաժողովի որոշումը բողոքարկելու հնարավորություն չեն ունեցել:

Իսկ մյուս ամբաստանյալի` Դավիթ Մարկոսյանի դեպքում ամեն ինչ հակառակն է. նրա հարազատները Armlur.am-ին հայտնեցին, որ իրենց որդին նախքան զորակոչվելը լրիվ առողջ է եղել, անգամ սպորտով է զբաղվել, իսկ հիմա… նա հոգեմետ դեղեր է ընդունում՝ գոնե քնել կարողանալու համար…

Դավիթը հոգեբանական խնդիրները ձեռք է բերել բանակում սպայական անձնակազմի հետ ունեցած խնդիրների պատճառով:

Հարց է առաջանում, թե ինչով է զբաղված այն հանձնաժողովը, որը, իբրև թե, ստուգում է զինվորներին, հետո՝ բանակ զորակոչում: Ստացվում է, որ հանձնաժողովն իր գործը չի՞ կատարում, եթե բանակում հայտնվում են խնդիրներ ունեցող զինվորներ և ծառայության կեսից հոգեկան շեղում ստանում:

Այս հարցի պատասխանն իմանալու համար Armlur.am-ը կապ հաստատեց ՊՆ առընթեր հասարակական խորհրդի նախագահ, նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանի հետ, ով պարզաբանեց, որ ցանկացած դեպքում, երբ որևէ զինակոչիկ բողոքում է հանձնաժողովի կայացրած որոշման դեմ, այն քննության է առնվում և դրան ընթացք է տրվում:

Գ. Հարությունյանի փոխանցմամբ` այս դեպքի առթիվ իրենց բողոք չի ներկայացվել, ուստի՝ ասել, թե Ռազմիկը հոգեկան խնդիրներ է ունեցել նախքան զորակոչվելը, դժվար կլինի ապացուցել:

Ի դեպ, Գեղամ Հարությունյանի փոխանցած տվյալների համաձայն` այս տարի իրենց բողոք-դիմում են ներկայացրել 316 զորակոչիկ:

Ինչևէ, հանրության շրջանում անհերքելի փաստ է դարձել, որ որքան էլ արդարություն հաստատելու համար ստեղծված հանձնաժողովները փորձեն ամեն կերպ տարբերել ծառայությանը պիտանի և ոչ պիտանի զորակոչիկներին, այդուհանդերձ, այստեղ ևս գումարն անում է իր գործը. հենց այս ամենակարող գործոնն է յուրաքանչյուրի ցանկությունն ի կատար ածում. առողջ տղան «գժի թղթով» քաղաքացիական կյանքն է վայելում, իսկ գումար չունեցող տղաներն էլ կյանքի գնով հայրենիքի սահմաններն են պաշտպանում օրեցօր ագրեսիվ դարձող հակառակորդից:

Տաթև Հարությունյան




Լրահոս