Նաիրա Զոհրաբյանն այլընտրանք է առաջարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Ժողովուրդ»-ը, ԱԺ-ի նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպում է ունեցել ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ:

Խորհրդարանական 6 ուժերը որոշել են սահմանամերձ գյուղերին արտոնություններ տալու մասին համատեղ նախագիծ մշակել: Հանդիպմանը ներկա են եղել ԲՀԿ, «Ժառանգություն», ՀՅԴ, ՀՀԿ խմբակցությունների ներկայացուցիչները: ՀԱԿ և ՕԵԿ ներկայացուցիչները ներկա չեն եղել հանդիպմանը:

Հիշեցնենք, որ նման նախաձեռնությամբ են հանդես եկել նաև ՀՀ կառավարությունը և ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Armlur.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ իրենք առաջիկայում 6 քաղաքական ուժերով պատրաստվում են քննարկել այդ հարցը. սահմանային գյուղերին լրացուցիչ օգնություն ցուցաբերելու համար կքննարկվեն հարկային արտոնությունների և մի շարք այլ հարցեր:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Armlur.am-ի հետ զրույցում «սահմանամերձ գյուղեր» տերմինին փոխարինող տերմին առաջարկեց:

«Սահմանամերձ գյուղերի մասին չէ խոսքը: Անշուշտ, սահմանամերձ գյուղերն էլ պետք է օգտվեն այդ արտոնություններից, բայց այստեղ խոսքն ավելի շատ վերաբերում է սահմանապահ գյուղերին: Առաջարկում ենք առաջ քաշել նոր` «սահմանապահ» տերմինը, որն ավելի հստակ է ներկայացնում այդ տարածքի կարգավիճակը: Էն գյուղերը, որոնք ուղղակիորեն կրակի բերանում են, ռազմական գործողություններից ամենաշատ տուժողն են, ամեն օր արտակարգ ռազմական ռեժիմի էպիկենտրոնում են, պետք է ավելի մեծ ուշադրության արժանանան»,- նշեց խմբակցության քարտուղարը:

«Ամենատարբեր արտոնությունների մասին է խոսքը՝ գույքի հարկի վերանայում, հողի հարկի վերանայում: Մենք մեր առաջարկներն արդեն կազմել ենք և առաջիկայում կներկայացնենք»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը:




Լրահոս