Ռուսական ընկերությունները Հայաստանը վերածել են խոպանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ հայերը խոպան են մեկնում Ռուսաստան` փորձելով ընտանիք պահելու համար գումար վաստակել, ռուսական ընկերություններն իրենք են Հայաստանը վերածել խոպանի` ՀՀ քաղաքացիներիս հաշվին ապահովելով իրենց գերշահույթները:
Վերջերս «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հանդես եկավ հաշվետվությամբ` տեղեկացնելով, թե Հայաստանում ավելացել են ռուսական գազի ներկրման ու սպառման ծավալները: «ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները 2014 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 4,1%-ով` կազմելով 984.2 մլն խմ:

Նշված ժամանակահատվածում իրացվել է 949.8 մլն խմ, ինչը 1,7%- ով ավելի է 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ»,- ասված է հաղորդագրության մեջ: Հայաստանում գազի ներկրման ու սպառման ծավալների ավելացման մեջ, իհարկե, որեւէ վատ բան չկա: Բայց երբ փորձում ես պարզել, թե որ ոլորտներում է աճել սպառումը, այստեղ ուշագրավ պատկեր է պարզվում:

Ոչ բնակչության մոտ, ոչ արդյունաբերության ոլորտում գազի սպառման ծավալները ոչ միայն չեն ավելացել, այլեւ, ընդհակառակը, նվազել են: Ընդ որում, հատկապես արդյունաբերության մեջ գազի ծավալների սպառման անկումը մեծ է: Ըստ «Գազպրոմ Արմենիա»-ի հաշվետվության. «2014 թվականի առաջին կիսամյակում 16,4%- ով նվազել են արդյունաբերության ոլորտի եւ 2,2%-ով բնակչության կողմից սպառման ծավալները` կազմելով համապատասխանաբար 113.2 մլն խմ եւ 294 մլն խմ»:

Փոխարենը, կտրուկ ավելացել են գազի սպառման ծավալները էներգետիկ ոլորտում. «14,2%- ով ավելացել են էներգետիկայի ոլորտի կողմից սպառման ծավալները` կազմելով 220.5 մլն խմ: 6,6%- ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների եւ 3,9%-ով այլ սպառողների կողմից բնական գազի սպառման ծավալները` կազմելով համապատասխանաբար 220.6 մլն խմ եւ 101.5 մլն խմ»,- նշված է հաշվետվության մեջ:
Ահա այստեղ էլ թաղված է շան գլուխը:

Ինչպես նկատեցիք` էներգետիկ ոլորտում գազի ծավալների սպառումն ավելացել է բավականին կտրուկ: Բայց մյուս կողմից` Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները միայն նվազում են: Ըստ ԱՎԾ-ի` այս տարվա առաջին կիսամյակում էլեկտրաէներգիայի ծավալները նվազել են 3.2 տոկոսով:
Հիմնական խնդիրը, սակայն, սա չէ:

Էներգետիկ ոլորտում գազով աշխատում եւ էլեկտրաէներգիա են արտադրում ՋԷԿ-երը: Ու ստացվում է, որ գազի հիմնական սպառողը եղել են դրանք: Բայց այստեղ կարեւոր է, թե ո՞ր ՋԷԿ-ի մասին է խոսքը:
Հայաստանում, ինչպես հայտնի է, ռուսական գազով աշխատում է «Հրազդան ՋԷԿ»-ը: Ընդ որում, այն համարվում է գերանարդյունավետ. աշխատում է խորհրդային տարիներից մնացած մաշված սարքավորումներով, ինչի հետեւանքով ՋԷԿ-ը շատ գազ է վառում, բայց քիչ էլեկտրաէներգիա արտադրում:
Իսկ «Երեւան ՋԷԿ»-ն աշխատում է իրանական գազով. Հայաստանը Իրանից ստանում է գազ, որը «Երեւան ՋԷԿ»-ում վերածվում է էլեկտրաէներգիայի. 1 խմ գազն այրելով ստանում ենք 4.5-5 կվտ ժամ էլէներգիա, դրանից 3 կվտ ժամը տալիս ենք Իրանին, 1.5-ից 2 կվտ.ժամը մնում է Հայաստանին: Ընդ որում, «Երեւան ՋԷԿ»-ն էլեկտրաէներգիան արտադրում է ավելի էժան` 1 կվտ/ժամը 29.1 դրամ, իսկ «Հրազդան ՋԷԿ»-ը` 49.1 դրամով:

Այս կապակցությամբ մեծ աղմուկ առաջացավ այն բանից հետո, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց Հայաստանում բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները: Պատճառն այն էր, որ ատոմակայանի` նախատեսվածից 88 օր երկար վերանորոգվելու պատճառով ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ»-ին պատկանող «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունն էլեկտրաէներգիայի մեծ մասը գնել էր ռուսական գազով աշխատող ու թանկ հոսանք արտադրող «Հրազդան ՋԷԿ»-ից, ինչն էլ ֆինանսական ճեղքվածքի պատճառ էր դարձել:

Այնինչ` այս ընթացքում եղել են ռեալ հնարավորություններ` խուսափելու նման բարդություններից, միայն թե` ՀԷՑ-երը չեն գնացել այդ քայլին ու էլեկտրաէներգիան «Հրազդանի ՋԷԿ»-ից են գնել` ձեռքի հետ ապահովելով ռուսական գազի սպառման ծավալների աճը, փոխարենը իրենց ճեղքվածքը փակելով ՀՀ քաղաքացիներիս հաշվին:
Ու հիմա, չնայած բացահայտումներին, էներգետիկ համակարգում շարունակվում է նույն պատկերը: «ՀԷՑ-եր»-«Հրազդանի ՋԷԿ»-«Գազպրոմ Արմենիա» ռուսական ընկերությունները շարունակում են միմյանց օգնել` սպառման ծավալներն ավելացնելու, գերշահույթներ ստանալու հարցում, բայց դա անում են ՀՀ քաղաքացիներիս գրպանի հաշվին: Ու եթե այսօր էլեկտրաէներգիայի 1 կվտ/ժամ-ի դիմաց վճարում ենք 41.8 դրամ, ապա դա հետեւանքն է ռուսական ընկերությունների այդ գործարքի:
Հ.Գ. Ի դեպ, նկատենք, որ այսօր հնարավորություն կա խուսափել նման խնդրից. էներգետիկ համակարգի այս սկանդալների ֆոնին նաեւ պարզվեց, որ Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիա է ներկրում, այն էլ` բավականին էժան գնով` 1 կվտ/ժամը` մոտ 15-16 դրամ: Ու փոխանակ ՀԷՑ-երը փորձեն Վրաստանից մեծ ծավալներով էլեկտրաէներգիա ներկրեն` նվազեցնելով հոսանքի գինը, ընդհակառակը` ռուսական գազի ծավալների սպառմանն են զարկ տալիս:

Արման Գալոյան




Լրահոս