Հայաստանի գետերի էկոհամակարգը վտանգված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համահայկական բնապահպանական ճակատի անդամների կողմից վերջերս կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Տավուշի մարզում գործող հէկ-երի սխալ շահագործման հետեւանքով մարզի գետերի էկոհամակարգը վերացման եզրին է: Համահայկական բնապահպանական ճակատի անդամները տեւական ժամանակ է, ինչ ահազանգում են, որ հէկ-երը լուրջ վտանգ են ներկայացնում Հայաստանի գետային էկոհամակարգերի համար: Սակայն այդ ահազանգերին ՀՀ կառավարությունն ականջալուր չի լինում. հակառակը՝ հէկ -երի քանակն օր օրի ավելանում է:

ՀԲՃ համակարգող խորհրդի անդամ Լեւոն Գալստյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոսելով հէկ -երի պատճառով գետերին հասցվող վտանգի մասին ասաց. «Արդեն երկու ամիս է, ինչ անձնական ջանքերով մենք մոնիթորինգ ենք անցկացնում հէկ-երում: Գնում ենք պատահական լուսանկարում ու դրանց միջոցով ցույց տալիս բոլոր իրավախախտումները: Իսկ մինչ այդ, մեր առաջարկները համալիր ներկայացրել ենք ՀՀ կառավարությանը, բայց ռեալ ոչ մի ընթացք չի տրվում այդ խնդիրների լուծման ուղղությամբ: Հիմա մենք փաստերով ենք ցույց տալիս, թե ինչ է կատարվում Հայաստանի գետերում»:

Լեւոն Գալստյանի պատմելով՝ ՀԲՃ-ի վերջին պատահական այցը եղել է Տավուշի մարզ, նրանք եղել են ընդամենը երեք հէկ-երում եւ երեքում էլ ակնհայտ խախտումներ են արձանագրել:

Մասնավորապես` Տավուշի մարզում Ճակատի անդամներն արձանագրել են հետեւյալ խախտումները. հիմնականում բացակայել է էկոլոգիական թողքը, ջրաչափական սարքերը տեղադրված չեն եղել, որպեսզի հնարավոր լիներ դրանցով պարզել, թե որքան ջուր է անցնում գետով: Բացի այդ, բացակայել են ջրի հոսքն ավտոմատ կառավարող համակարգերը, իսկ ձկնուղիներն իրենցից անիմաստ բետոնյա կառույցներ են ներկայացրել, որոնց միջով ձկներն ուղղակի չեն կարող անցնել, էլ չասած` դրանք ամբողջովին չոր են եղել:

Մասնագետի պնդմամբ` իրենց այցելության պահին Աղստեւ գետի Պաղջուր վտակի վրա «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի ջրընդունիչ կայանի ձկնուղին ընդհանրապես չոր էր, իսկ էկոլոգիական թողքն այնքան փոքր, որ գետը գրեթե չորացել էր: Բացի այդ, նույն գետի վրա «Քարեվարդ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող«ՙԽաչաղբյուր-1» ՓՀԷԿ-ի ջրընդունիչ կայանի ձկնուղին նույնպես ընդհանրապես չոր էր: Ինչի համար էլ ահնհար է եղել պարզել էկոլոգիական թողքի քանակի համապատասխանությունը ջրօգտագործման թույլտվության պայմաններին:

Իսկ Աղստեւ գետի Գետիկ վտակի վրա «Էյէնդիջի Սթայլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Գետիկ ՓՀԷԿ-4»-ի ջրընդունիչ կայանի ձկնուղով չնայած ջուր անցել է, սակայն այն վերեւի մասում փակված է եղել փայտի մեծ կտորով՝ ինչը ձկների տեղաշարժը երկու ուղղություններով էլ անհնար է դարձրել: Այստեղ նույնպես հնարավոր չի եղել պարզել էկոլոգիական թողքի քանակի համապատասխանությունը ջրօգտագործման պայմաններին:

«Մենք բազմաթիվ հէկ-երում ենք եղել, սակայն այս ընթացքում դեռևս ոչ մի հէկ-ում չենք տեսել, որ ամեն ինչը լինի գործող կարգի համաձայն: Պետք է հստակ ու կտրուկ փոփոխություններ կատարվեն այս ոլորտում: Հէկ-երը լրջագույն չարիք են դարձել գետերի էկոհամակարգի համար: Հայաստանի բոլոր վայրերում էլ գետերի էկոհամակարգը սարսափելի վիճակում է գտնվու»,- արձանագրեց բնապահպանը:
Ի դեպ, ՀԲՃ-ն իր կողմից արձանագրված բոլոր խախտումներն ու դրանք փաստող լուսանկարներն ուղարկել է ՀՀ բնապահպանության նախարարություն՝ խնդրելով համապատասխան միջոցներ ձեռնարկել եւ հանրությանը տեղեկացնել դրանց արդյունքների վերաբերյալ:

«Սակայն դեռ պատասխան չկա: Մենք գտնում ենք, որ նախարարությունը պետք է շատ ավելի լուրջ մոտենա այս հարցին: Հակառակ դեպքում մենք հետագայում կբախվենք շատ ավելի լուրջ խնդիրների՝ ինչպես բնապահպանական, այնպես էլ սոցիալ-տնտեսական առումներով»,- մտահոգվեց ակտիվիստ բնապահպանը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս