Հայկական գյուղմթերքը ՌԴ-ում ճանաչված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Oրերս Ռուսաստանի Դաշնությունն ու Թուրքիան արձանագրություն ստորագրեցին թուրքական պարենային ապրանքների ներմուծումն ընդլայնելու մասին: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկ տարով արգելել է ՌԴ դեմ պատժամիջոցներ սահմանած երկրներից գյուղատնտեսական ապրանքների, հումքի եւ սնդդամթերքի ներմուծումը Ռուսաստան:

Հայաստանի կառավարության անդամների համոզմամբ, ՌԴ նախագահի այս արգելքի շնորհիվ ռուսաստանյան շուկայում գյուղատնտեսական մթերքների իրացման համար հայ արտադրողների առջեւ մեծ հնարավորություններ են բացվում: Այդպե՞ս է արդյոք: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի հետ:

-Պարոն Պետրոսյան, Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ պարենային ապրանքների հետ կապված վերջին պայմանագիրն արդյոք չի՞ փակում հայկական գյուղմթերքի իրացման հնարավորությունները ՌԴ-ում:

-Նախ` դա որեւէ կերպ Հայաստանի վրա չի կարող անդրադառնալ: Այս պահին ես չեմ կարծում, որ Թուրքիան կունենա այնքան ազատ արտահանման ենթակա մթերքներ, ապրանքատեսակներ, որով կարող է ծածկել ռուսական շուկայի պահանջարկը: Իսկ ռուսական շուկան շատ մեծ է, տարողունակ եւ բոլորին է հայտնի, որ այսօր ՌԴ-ն Լատինամերիկյան երկրների հետ է բանակցում, տարբեր քայլեր են կատարվում, որ կարողանան իրենց պահանջարկը բավարարել: Այնպես որ, չեմ կարծում, թե Թուրքիայի հետ այդ առեւտրային բանակցությունները, պայմանագրերի ստորագրումը որեւէ կերպ կազդեն մեր արտահանումների վրա: Առավելեւս հայկական գյուղատնտեսական ապրանքները ռուսական շուկայում շատ ճանաչված են եւ դրանք շատ մեծ պահանջարկ ունեն: Մեզ համար բավականին լուրջ հնարավորություններ եւ հեռանկարներ են բացվել: Բացի այդ, առեւտրային սահմանափակումները, որոնք կիրառվում են ՌԴ-ի նկատմամբ, ժամանակավոր երեւույթ են: Իսկ Մաքսային միությանն անդամակցությունը մեզ համար կայուն, լուրջ հեռանկարներ ստեղծելու հնարավորություն է:

-Գյուղմթերքի տեղափոխման խնդիրների հետ կապված գյուղատնտեսության նախարարությունն ինչպիսի՞ լուծումներ է նախատեսել: Գործող ճանապարհից բացի ավելի մատչելի առաջարկ կամ այլընտրանքային տարբերակ առաջիկայում կլինի՞:

-Ավելի մատչելի տարբերակ կլիներ, եթե երկաթուղին գործեր: Ես բերեմ խորհրդային տարիների օրինակը. հուլիս ամսին ՀՀ-ից հեշտ տարբերակով արտահանվում էր շուրջ 10 հազար տոննա պարենային վաղահաս կարտոֆիլ, բարձվում էր Մատիս կոչվող կայարանում եւ այնտեղից տեղափոխվում էր արդեն համապատասխան քաղաքները: Բայց հիմա պետք է տարվի Փոթի, որտեղից լաստանավով տեղափոխվի Նովոռոսիյսկ եւ այլն: Իսկ դա, բնականաբար, ծախսատար է: Այսօր լավագույն տարբերակը, արագության առումով, ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով է:

-Իսկ հայ ֆերմերին հնարավորություն տրվելո՞ւ է ինքնուրույն, իր սեփական ավտոմեքենայով կատարել այդ տեղափոխությունը: Թե՞ նա պետք է անպայման իր ապրանքը հանձնի մթերող ընկերություններին , իսկ վերջիններն էլ ընդունման կամայական գին թելադրեն:

-Նշեմ, որ լավագույն տարբերակը կլինի այն, որ լինի մրցակցություն: Որպեսզի ոչ միայն խոշոր, կայացած ընկերությունները կատարեն ներկրումներ, այլեւ ցանկացած ֆերմեր, որը կունենա փոքր խմբաքանակ: Այսօր որեւէ դժվարություն չկա այդ ապրանքները արտահանելու հարցում: Բայց հիմա փոքր խմբաքանակներով ապրանք արտահանելու դեպքում դժվարություն կծագի, քանի որ անհատ ֆերմերները կայուն եւ մշտական կապեր չունեն արտաքին շուկայում եւ այդ ապրանքի իրացումը դժվարույթւններ կառաջացնի:

-Ի՞նչ եք կարծում, Հայաստանում կա՞ այն քանակությամբ մթերք, որը մեր ինքնաբավությունն ապահովելուց հետո` ենթակա լինի արտահանման: Օրերս հայ գործարարներից մեկը հայտարարեց, թե մեր հանրապետությունը չունի այնքան մթերք, որ կարողանանք լուրջ ծավալներով այն արտահանել: Ավելին, ըստ նրա՝ մենք նույնիսկ մեր ներքին պահանջարկը չենք կարողանում հավուր պատշաճի բավարարել:

-Ռուսական շուկայի պահանջարկը աննկարագրելի մեծ է: Մենք եթե նույնիսկ հարյուրապատկենք մեր արտադրության ծավալները, դարձյալ չենք կարող ռուսական շուկայի պահանջարկը բավարարել: Բայց մենք մի շարք ապրանքատեսակների առումով ինքնաբավ ենք եւ լուրջ հնարավորություններ ունենք նույնիսկ այդ ծավալներն ավելացնելու մասով: Մեզ մոտ վաղուց կարտոֆիլի արտադրության ինքնաբավության մակարդակն անցել է 100 տոկոսից: Եվ կարտոֆիլի լուրջ քանակության ավելցուկ ենք ունենում, որը մենք ստիպված ենք լինում օգտագործել որպես անասնակեր: Հիմա մեր կարտոֆիլի ցանքատարածքները մոտավորապես 3000 հեկտարով կրճատվել են, բայց պահանջարկի դեպքում բոլոր հնարավորությունները կան նորից դրանք վերականգնելու եւ ավելացնելու կարտոֆիլի արտադրության ծավալները: Էլ չեմ խոսում պտուղների, խաղողի արտահանման հնարավորությունների մասին:

-Մեր գյուղատնտեսները պարբերաբար բողոքում են, որ իրենց աճեցրած գյուղմթերքը չի իրացվում, քանի որ շուկան հեղեղված է թուրքական գյուղմթերքով, որը գնային առումով ավելի մատչելի է: Թեեւ, հայ ֆերմերների պնդմամբ` թուրքական գյուղմթերքն իր որակով զիջում է հայկականին: Հիմա՝ եթե Թուրքիայի համար ռուսական շուկան բացվել է, հնարավո՞ր է, որ թուրքական ապրանքների ճնշումը փոքր-ինչ մեղմանա հայկական շուկայում:

-Եթե դուք ինձ թվարկեք թե թուրքական ո±ր ապրանքները նկատի ունեք, բացի լոլիկից, ես կշարունակեմ:

-Թեկուզ թուրքական վարունգը…

-Ոչ: Թուրքիայից Հայաստան կարճ ժամանակահատվածում` ձմռան ամիսներին, երբ մեր ջերմոցային տնտեսությունները չէին կարողանում սպառման պահանջարկը բավարարել, այդ ժամանակ որոշակի քանակություններ ներմուծում էին: Մյուս ապրանքատեսակները չեն ներմուծվում:

-Այսինքն, Դուք պաշտոնապես հայտարարում եք, որ որպես գյուղմթերք Թուրքիայից Հայաստան միայն լոլի՞կ է ներմուծվում:

-Եթե ինչ-որ այլ մթերք գա, ապա դա կլինի շատ չնչին քանակություններով: Թուրքիայից մենք այլ մթերքներ գրեթե չենք ստանում:

զրուցեց Սյունե Համբարձումյանը




Լրահոս