Կճշգրտենք, թե որ մարզում ինչ խնդիրներ ունենք լուծելու. Ա. Մուրադյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ այսօր կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցություն մարզպետարանների առողջապահության ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ:

Նախ ներկայացվեց նախորդ խորհդակցության ժամանակ տրված` մարզերի առողջապահական համակարգի զարգացմանը միտված հանձնարարականների կատարման ընթացքը։ Խոսքը վերաբերում էր թե՛ մարզային բժշկական հաստատությունների (առողջության պահպանման առաջնային օղակի եւ հիվանդանոցների) քարտեզագրմանն ու այդ ճանապարհով առկա խնդիրների գույքագրմանը, թե՛ մարզերի բուժհաստատություններում պահանջվող մասնագետներով ապահովմանը։

Նպատակահարմար գտնվեց մարզերից ստացված տեղեկատվությունները լրամշակման եւ նույնականացման համար եւս մեկ շաբաթ տրամադրել։ Հանձնարարվեց վերլուծելով մարզային բուժհիմնարկների թիվը, յուրաքանչյուրի շենքային պայմանները, կադրային հագեցվածությունն ու անհրաժեշտ թվով նեղ մասնագետներով ապահովվածությունը` ստեղծել յուրաքանչյուր մարզի զարգացման հեռանկարները` ելնելով բնակչության թվաքանակից եւ հիվանդացության ցուցանիշներից։ «Կճշգրտենք, թե որ մարզում ի՞նչ խնդիրներ ունենք լուծելու` սկսած դեղատնային կրպակներից մինչեւ խոշոր բուժհիմնարկները, բժշկական ծառայությունների ապահովումն ու որակը։ Ամփոփ այդ անձնագիրը մարզերի ղեկավարների հետ կքննարկվի մարզային այցերի ընթացքում, համատեղ պատասխանատվություն կկրենք ու կհետեւենք դրան իրականացման ընթացքին»,­-ասաց Արմեն Մուրադյանը` հանձնարարելով, որ այդ աշխատանքներին մասնակից դառնան նաեւ ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտը եւ Ծրագրերի իրականացման գրասենյակը։

Նշվեց, որ Երեւանի բուժհաստատությունների գույքագրումը շատ ավելի ծավալուն կլինի եւ առանձին քննարկումներ կկազմակերպվեն։ Այնուհետեւ քննարկվեց մարզերում իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացման ընթացքը։ Նախարարը պահանջեց մեծ պատասխանատվությամբ կատարել բնակչությանն առողջ պահելու կարեւոր այդ գործառույթը` նպատակ հետապնդելով հնարավորինս բարձրացնել ընդգրկվածությունը։

Քննարկվեցին նաեւ առողջության առաջնային պահպանման օղակի կառավարմանն առնչվող եւ այլ հարցեր։




Լրահոս