Գեներալ-լեյտենանտին ստիպել են փոխհատուցե՞լ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Զինված ուժերին գոմեշի միս մատակարարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը դատարան է մտել կիսատ: Այս գործով անցնում էին 5 անձիք, մինչդեռ դատարանի աթոռին որպես մեղադրյալ առայժմ կանգնած է միայն մեկը:

Որտեղից սկսվեց ամեն ինչ

Դեռեւս 2012թ-ին զինվորները բացահայտել էին, որ ԼՂՀ պաշտպանության բանակում մատուցված ճաշի մեջ եղել է հնդկական գոմեշի սառեցված միս: Այս առիթով հարուցվել էր քրեական գործ, ինչի շրջանակներում կալանավորվել էր 5 անձ` կապանցի գործարար, «Ա. Օհանջանյան» ՍՊԸ-ի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը, ՊԲ կենտրոնական ենթակայության պահեստի պետը (փոխգնդապետ), նյութատեխնիկական գծով նրա տեղակալ մայորը եւ այդ զորամասի պահեստարանի պետը (ենթասպա), ինչպես նաեւ ՊԲ պարենային ծառայության պետը (փոխգնդապետ): Օհանջանյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 178 հոդվածի 3-րդ մասով  («Խարդախություն, խաբեություն»), իսկ զինվորականները` ՔՕ 376-րդ հոդվածի 2-րդ մասով` («Անփույթ վերաբերմունք»):

Ավելի ուշ բոլորի մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը փոխվեց ստորագրությամբ` երկրից չհեռանալու մասին:

Ուշագրավ զուգադիպությամբ, աղմկալի այս գործի շրջանակներում սեպտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտոնանկ արվեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, ով պատասխանատու էր բանակի սպառազինության եւ գնումների գործընթացի համար: Իսկ ահա ավելի ուշ, Ս.Սարգսյանը հրապարակավ տարակուսեց, թե ինչպե՞ս կարող է բանակի բարձրաստիճան սպան պարտք լինի բանակին:

Թե էլ ովքեր էին ներգրավված բանակին մատակարարված գոմեշի մսի գործի մեջ, այդպես էլ չպարզվեց: Համենայնդեպս, չհրապարակվեցին այլ անուններ, բացի վերը նշված 5-ից:

2 տարի քննեցին

Ու մինչ ՊՆ Քննչական ծառայությունը շուրջ երկու տարի քննում էր այս գործը, մեղադրյալ Ալբերտ Օհանջանյանը, որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, իր միջոցներով ՀՀ ՊՆ կարիքների համար կառուցեց 150 տոննա տարողությամբ, 73.362.390 դրամ արժողությամբ սառնարանային համալիր: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ալբերտ Օգանջանյանն ասել էր, թե ինքնագլուխ չի գոմեշի միս մատակարարել զորամասերին, այլ եղել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գնումների եւ մատակարարումների հետ կապված հարցերը համակարգողի գրավոր համաձայնությունը. «Ես հո դա ինքնագլուխ չեմ արել: Արշալույս Փայտյանին էինք դիմել` նկատի ունենալով, որ ապրանքների մատակարարման գծով ինքն էր վերահսկողությունն իրականացնում: Ու ինքն էլ թույլտվությունը տվել էր»:

Սակայն ո´չ արված փոխհատուցումը, ո´չ էլ նրա հնչեցրած «հովանավորչության» մասին հաղորդումը, որ ինքնագլուխ չի գործել, չփրկեցին գործարար Օհանջանյանին: Այսօր Ալբերտ Օհանջանյանը միայնակ կանգնած է դատարանի առաջ: Նրա գործով առաջին դատական նիստ նշանակված է Գիտելիքի օրը` սեպտեմեբրի 1-ին: Թե ինչ ճակատագիր է սպասվում գործարարին, դեռ վաղ է կանխատեսել: Ըստ մեղադրանքի` Օհանջանյանին սպասվում է 4-8 տարվա ազատազրկում: Թեեւ նա հույս ունի, որ փոխհատուցումից հետո մեղադրանքը կմեղմվի:

Ուր անհետացան մյուսները
Հետաքրքիր է` ի՞նչ ճակատագիր է սպասվում այս գործով մյուս մեղադրյալներին: Ինչո՞ւ նրանց գործը տարանջատվեց Օհանջանյանի գործից եւ մինչ օրս դատարան չի մտել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` պատճառը, թերեւս, այն է, որ Պաշտպանության նախարարությունում դեռեւս շարունակվում են պետությանը հասցված վնասի չափի հաշվարկները: Այսինքն` վնասն այնքան մեծ է, որ 2 տարի է հաշվում են, չի ավարտվում գործընթացը:

Օրերս էլ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն էլ այս օրերին աճուրդի է հանել «Հաղթանակ» զբոսայգու դիմաց գտնվող իր առանձնատունը եւ էլի մի քանի բաներ: Հավանաբար, նրան ստիպել են փոխհատուցել պետությանը հասցրած վնասը, որից հետո նոր Փայտյանի ենթակաների գործը` ի դեմս ՊԲ կենտրոնական ենթակայության պահեստի պետի, նյութատեխնիկական գծով տեղակալ մայորի, այդ զորամասի պահեստարանի պետ, ենթասպայի, ինչպես նաեւ ՊԲ պարենային ծառայության պետի գործը կմտնի դատարան:

Արդեն մի քանի օր է, «Ժողովուրդ»-ը փորձում է Փայտյանից պարզաբանումներ ստանալ իրավիճակի մասով, բայց անօգուտ: Նա չի պատասխանում հեռախոսազանգերին կամ էլ լսելով հարցն անջատում է հեռախոսը:

Քնար Մանուկյան




Լրահոս