Սպառողական շուկայում արձանագրվել է 0.7% գնաճ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014թ. օգոստոսին հուլիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.7% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է ծառայությունների ոլորտի սակագների ընդհանուր մակարդակի 2.2% հավելաճով: Այս մասին Armlur.am տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից:

Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.3% գնանկում:

2014թ. օգոստոսին՝ 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.8%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 96.9%, ոչ պարենային ապրանքնե րինը՝ 98.3%, ծառայությունների սակագներինը՝ 102.6%:

Իսկ 2014թ. օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի (օգոստոսի 1-28-ի դրությամբ) համապատասխանաբար 0.7% և 0.5% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է): 2014թ. օգոստոսին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 1.2% նվազմանը զուգընթաց արձանագրվել է հաշվարկային փոխարժեքի 1.0% հավելաճ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 3.5% և 0.4%-ով:

2014թ. օգոստոսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 409.3 դրամ, ինչը 0.5%-ով գերազանցել է 2013թ. օգոստոսի համապատասխան ցուցանիշը (407.3 դրամ):




Լրահոս