Ա.Մինասյանն իր շանսերը քիչ չի գնահատում թիվ 4 ընտրատարածքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնառաջադրված պատգամավորի թեկնածուի, անկուսակցական, զինվորական Ալեքսան Մինասյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում  նշեց, որ թեև նոր է պատրաստվում մտնել քաղաքական ասպարեզ, սակայն կարծում է, որ թիվ 4 ընտրատարածքում առաջադրված հայտնի թեկնածուների հետ ընտրապայքարում իր շանսերը քիչ չեն: Թե ինչպես կլինի ընթացքը, թեկնածուն չմանրամասնեց, և խորհուրդ տվեց՝ սպասել ընտրությունների ավարտին: Հարցին` առաջադրված թեկնածուներից ո՞ւմ է համարում իր մրցակիցը, Մինասյանն ասաց. “Բոլորին մրցակից եմ համարում` մեկը մեկից ուժեղ է, բայց կյանքը ցույց կտա. ուժեղն ու թույլն էլ հարաբերական են”: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում առաջադրված են նաև Արտակ Սարգսյանը Հայաստանի հանրապետական կուսակցությունից, Հայոց համազգային շարժման վարչության նախագահ Արամ Մանուկյանը, “Ժառանգութուն” կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ՀՀԿ-ական Արմեն Եփրեմյանը, և “168 Ժամը” թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:
Ա. Մինասյանը դեռ քարոզարշավը չի սկսել ու պատրաստվում է սկսել ապրիլի 25-ից և կփորձի իրականացնել խտասկավառակների  և հեռուստատեսային ելույթների միջոցով:Թեև քաղաքական տարբեր ուժերից սատարելու առաջարկներ է ստացել, բայց ասաց, որ հրաժարվել է: Նաև չցանկացավ նշել առաջարկ անող ուժերի անունները, փոխարենը կարծում է. “Ինձ պետք է սատարի արաբկիրցին”
Թիվ 4 ընտրատարածքում բաժանվող ընտրակաշառքի մասին Մինասյանն ասաց՝ չի լսել և չի էլ հետաքրքրվում դրանցով. “Ընտրակաշառք, գուցե, բաժանվում է, ես չեմ տեսել, բայց դա ինձ չհետաքրքրող հարց է: Եթե նկատեմ էլ՝ դրանից բան չի փոխվելու: Ընտրությունների օրը կերևա, թե ժողովուրդն ում է ուզում տեսնել օրենսդիր մարմնում”,-եզրափակեց պատգամավորի թեկնածու Ալեքսան Մինասյանը:




Լրահոս