Ասպարեզ ակումբը ԿԸՀ-ին առաջարկում է ընտրական բոլոր տեղամասերում տեղադրել տեսախցիկներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին Ժուռնալիստների “Ասպարեզ” ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը առաջարկ է արել.”Հարգելի պարոն Մուկուչյան, Հաշվի առնելով ՀՀ ԱԺ առաջիկա ընտրությունները հնարավորինս առանց ընտրախախտումների եւ ընտրակեղծիքների անցկացնելու հրամայականը, իշխանությունների հայտնած բազմաթիվ խոստումներն ու մտադրությունները՝ ընտրությունները ազատ եւ արդար անցակացնելու մասին, ընտրական գործընթացների նկատմամբ հասարակական ընդգրկուն եւ հուսալի վերահսկողության կարիքը,
Առաջարկում եմ.
1. Հայաստանի բոլոր ընտրատեղամասերում եւ ընտրատարածքային հանձնաժողովները կահավորել 3-5 տեսախցիկներով՝ յուրաքանչյուրը:
2. Այդ տեսախցիկները տեղավորել այնպես, որ պատկերներն ընդգրկեն քվեարկության սրահն ընդհանուր պլանով՝ ներառյալ քվեատուփը, հանձնաժողովի տեղադրությունը, քվեախցերը՝ առանց քվեարկողների անձերի եւ քվեարկության բովանդակության նույնականացման հնարավորության:
3. Տեսաձայնագրել բոլոր ընտրատեղամասերում ընթացող գործընթացները, մայիսի 5-ի առավոտյան ժամը 10:00-ից, մինչեւ մայիսի 7-ի ժամը 10:00-ն:
4. Այդ տեսախցիկների բոլոր տեսաձայնային ազդանշանները հեռարձակել ինտերնետ, կապեր եւ հասցեներ տալով ԿԸՀ կայքէջում:
5. Այդ տեսաձայնագրությունները պահել ԿԸ Հանձնաժողովում, որպես իր տնօրինման տակ գտնվող՝ ,ՀՀ Տեղեկատվության ազատության մասինե օրենքով սահմանված եւ գաղտնիք չպարունակող տեղեկություններ:
Այս միջոցառումը թույլ կտա էապես բարելավել ընտրողների եւ չընտրողների վստահությունը քվեարկության գործընթացի նկատմամբ, կխթանի մարդկանց հավատը սեփական քվեի հանդեպ, կխնայի բազմաթիվ ջանքեր՝ ընտրությունները ֆիզիկապես վերահսկելու ուղղությամբ, կնվազեցնի, եթե ամբողջությամբ չվերացնի, ընտրատեղամասերում հնարավոր խախտումները, կեղծիքներն ու հացագործությունները:Պարոն Մուկուչյան, պարտավոր եմ տեղեկացնել Ձեզ, որ այս նույն առաջարկը, ի թիվս այլոց, ես ներկայացրել եմ նաեւ 2010 թվի աշնանը՝ ՀՀ ԱԺ այն աշխատանքային խմբին, որ մշակում էր նոր ընտրական օրենսգիրքը (խմբի ղեկավար Դավիթ Հարությունյան): Առաջարկս մերժվել է այն պատճառաբանու-թյամբ, թե տեղամասերում տեսաձայնագրություններ իրականացնելու լիակատար հնարավորություն ունեն լրագրողները, դիտորդները եւ վստահված անձինք, թեկուզ՝ օրուգիշեր: Չբացառելով այդ հնարավորությունը, վստահ եմ, որ առաջարկս չի հասկացվել ըստ էության. ես առաջարկել եմ եւ առաջարկում եմ ոչ թե լրագրողներին, վստահված անձանց ու դիտորդներին այդ հնարավորությունը տալ, այլ՝ իշխանության կողմից դրական պարտավորություն ստանձել այդ անելու, անկախ այն հանգամանքից, որեւէ մեկը քաղաքացիական հասարակությունից կամ վստահված անձանցից կկամենա ինքնուրույն նկարահանումներ անել, թե ոչ: Լավ հասկանալով, որ ընտրությունները միայն քվեարկությունը չէ, հիմա ես դիմում եմ Ձեզ եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամներին, խնդրելով Ձեր իրավասությունների շրջանակներում, որպես ընտրությունների իրականաց-ման գործադիր մարմին, ներմուծել այդ վերահսկողական գործիքը, որ նկարագրեցի վերեւում, ինչպես այդ արեցին, օրինակ Ռուսաստանում: Վստահեցնում եմ, որ հանրությունը եւ պատմությունը սխրանք կգնահատի ձեր դրական որոշումը:
Միաժամանակ, երաշխավորում եմ իմ, մեր կազմակերպության, իմ բազմաթիվ ընկերների եւ մեր համախոհ գործընկերների ջանքերի ակտիվ ներդրումը տեխնիկական աջակցության հարցում. Հայաստանում այդ համակարգի ներդրման համար կա ե՛ւ մասնագիտական, ե՛ւ տեխնիկական որակյալ բազա: Պետական բյուջեից միջոցների սղության դեպքում (մոտավոր հաշվումներով, խոսքը առավելագույնը 1-2 մլն դոլարի մասին է), մեր ջանքերը կներդնենք միջոցների հայթայթման եւ ԿԸՀ-ին անհատույց նվիրաբերելու մասին”։




Լրահոս